Վերածվել է իմիտացիայի

15/06/2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները երկու կողմերին էլ ոչ մի բան չեն տալիս: Մոսկվա-Երեւան-Բաքու հեռուստակամուրջի ժամանակ նման տեսակետ է հայտնել ռուս քաղաքագետ, Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի ԱՊՀ բաժնի վարիչ Ալեքսանդր Սկակովը: Ըստ նրա` գնահատելի են ցանկացած շփումներ, երկու երկրների նախագահների հանդիպումները, բայց դա քիչ է: «Երկու պայքարող կողմերի ցանկացած հանդիպում եւ շփում տալիս է արդյունավետ կամ առաջընթաց ապահովող որոշումներ կամ միայն որոշակի էտապում որոշումների հնարավորություն, որի ավարտից հետո այդ հանդիպումները վերածվում են բանակցությունների եւ երկխոսության իմիտացիայի, եւ ոչ ավելին»,- ասել է Ա. Սկակովը: Նա ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի համարում դրական, քանի որ սովորական իրողություն է, երբ ՄԱԿ-ի անդամ երկու երկրների նախագահներ շփվում են իրար հետ, որովհետեւ «դա քաղաքականության օրենք է, այսօրվա օրենքը, բայց ոչ ավելին»: Ըստ Ա. Սկակովի, չի կարելի հուսալ, որ կանցնի 20 տարի, Ադրբեջանը կդառնա հզոր երկիր, եւ ամեն ինչ ինքնըստինքյան կլուծվի, քանի որ ժամանակն աշխատում է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի օգտին: Ավելին` նրա կարծիքով` արդեն մեծացել է մարդկանց մի սերունդ, որը սովոր է ապրել որոշակի հասարակությունում ու որոշակի պայմաններում, որին արդեն բարդ կլինի ստիպել ապրել այլ պայմաններում: «Չի կարելի հուսալ, որ 10-15 տարի անց ամեն ինչ կփոխվի, անհրաժեշտ է աշխատել այն ուղղությամբ, որ նման փոփոխություններ լինեն արդեն այսօր»,- ասել է նա: ԼՂ հակամարտության կարգավորման գործում, ըստ քաղաքագետի, պետք է գործեն երկու բանակցային հարթակներ` ՀՀ-ի ու Ադրբեջանի, նաեւ՝ Բաքվի ու Ստեփանակերտի միջեւ: Բանակցային գործընթացի առաջընթացին խոչընդոտում է այն փաստը, որ ԼՂՀ ղեկավարությունը բանակցային գործընթացի կողմ չէ: Նրա կարծիքով` տվյալ դեպքում Ադրբեջանի դիրքորոշումը որոշ չափով խոցելի է: «Ես հասկանում եմ, թե ինչու է Բաքուն դեմ բանակցություններին ԼՂ մասնակցությանը, սակայն դա երկու կողմ ունի, քանի որ ԼՂ-ի եւ ՀՀ-ի շահերը կարող են ինչ-որ տեղ համընկնել, ինչ-որ տեղ` ոչ, եւ լավ դիվանագիտության խնդիրը հենց դա ի շահ իրեն օգտագործելն է, այլ ոչ թե՝ հայտարարելը, որ բանակցությունները ոչ մի դեպքում չեն լինի»,- ասել է Ա. Սկակովը: