Ժամանակ է պահանջվում

15/06/2008

«Իհարկե, մենք աշխատում ենք մադրիդյան առաջարկների վրա: Սակայն այդ առաջարկներում կան մի շարք չհամաձայնեցված պահեր, որոնք սկզբունքային նշանակություն ունեն: Պահեր կան, որոնք համանախագահները պետք է քննարկեն Հայաստանի հետ, եւ մենք սպասում ենք` կհամաձայնեցվի՞ արդյոք նրանց դիրքորոշումը: Դա ժամանակ է պահանջում»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասել է Է. Մամեդյարովը:

Անդրադառնալով փոխզիջումների հարցին` Էլմար Մամեդյարովը հայտարարել է. «Ադրբեջանի կողմից փոխզիջումը հակամարտության խաղաղ կարգավորումն է: Երկրորդ, մենք պատրաստ ենք քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Երբ կարգավիճակի հարցը հասնի լուրջ երկխոսության մակարդակին` քննարկումը կկայանա, սակայն մենք կողմնակից ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը սահմանվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այս տեսանկյունից մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները: Հայկական կողմին մենք բազմիցս առաջարկել ենք աշխատել աշխարհում գոյություն ունեցող բոլոր ինքնավարությունների մոդելների վրա` վերցնենք թեկուզ Թաթարստանի մոդելը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Ըստ Է. Մամեդյարովի, «հակամարտության կարգավորման համար Հայաստանը, առաջին հերթին, պետք է զորքերը դուրս բերի Ղարաբաղից, փախստականները պետք է վերադառնան, պետք է կայունություն հաստատվի, տնտեսական զարգացում լինի, վերականգնվեն հաղորդակցության ուղիները»: «Միայն սրանից հետո է հնարավոր քննարկել կարգավիճակի հարցը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Նա նաեւ ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ «կցանկանար, որ գրավյալ տարածքները եւ Լեռնային Ղարաբաղն իրենց բաժինը ստանային Ադրբեջանի տնտեսական զարգացումից»: «Որպես Ադրբեջանի քաղաքացիներ` այնտեղ ապրող հայերը եւս կարող են օգտվել երկրի տնտեսական զարգացման պտուղներից»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: