11 տարի շարունակ լինելով իշխանության ամենակարեւոր օղակում` ՀՀ նախագահական ապարատում, նախ՝ որպես ՀՀ նախագահի առաջին օգնական, այնուհետեւ` աշխատակազմի ղեկավար, Արմեն Գեւորգյանը երբեւէ հրապարակային գործունեություն չէր ծավալել: Այժմ` լինելով ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, նա, իր իսկ հավաստմամբ` որոշել է աշխատել բաց ու թափանցիկ:
Երեկվա ասուլիսում նա ներկայացրեց ՀՀ կառավարության 2008-2012թթ. ծրագրում ամրագրված Տարածքային կառավարման նախարարության ոլորտների գերակա ուղղություններն եւ ակնկալվող արդյունքները: Իսկ այդ ուղղությունների հիմքում, ըստ Ա. Գեւորգյանի` դրված են ՀՀ նախագահի նախընտրական եւ կառավարության 2008-2012թթ. գործունեության ծրագրերը:
Ա. Գեւորգյանի խոսքով, այսօր Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը լուրջ խոչընդոտում են տարածքային անհամաչափությունները, եւ, չնայած անընդմեջ արձանագրվող տնտեսական աճին, տնտեսական ակտիվությունն էլ ավելի է կենտրոնանում Երեւանում, իսկ մարզերում` ոչ: Որպեսզի այդ անհամաչափությունը մեղմվի, ըստ Ա. Գեւորգյանի` 2008-2012թթ. ընթացքում իրենք նախատեսում են տնտեսական տարածքային լուրջ աշխատանքներ իրականացնել հենց այս տարվանից ու սկսել Գյումրի քաղաքից: Այս ամիս կառավարությունը պատրաստվում է արտագնա նիստ անցկացնել Շիրակի մարզում, սեպտեմբերին` Վայոց Ձորում, իսկ դեկտեմբերին` Արագածոտնում: Այդ արտագնա նիստերի ընթացքում, ըստ Ա. Գեւորգյանի` իրենք տեղում կծանոթանան տվյալ մարզի խնդիրներին ու կհետեւեն, թե բնակիչների բողոքներին ու գանգատներին ինչպիսի ընթացք է տալիս տեղի իշխանությունը մարզպետարանների կողմից: «Այս արտագնա նիստերը զուտ ֆորմալ միջոցառում չէ: Մարզից կենտրոնական մարմիններին ուղարկված դիմում-բողոքների, գանգատների վերլուծություն է լինելու: Կառավարության անդամներին, կարծում եմ` կհետաքրքրի, թե, ասենք, Շիրակի մարզից ինչ տիպի նամակներ, գանգատներ են ստացվում, եւ թե ինչ ընթացք է տրվում դրանց»,- ասաց Ա. Գեւորգյանը` հավելելով, թե այդ նիստերով իրենք ցանկանում են նաեւ նախանշել տվյալ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական մոտեցումները: «Այն բոլոր որոշումները, որոնք կընդունվեն այս արտագնա նիստերի ժամանակ, հիմք են հանդիսանալու բոլոր մարմինների համար` կողմնորոշվելու համար, թե որոնք են լինելու, ասենք, Շիրակի մարզում առաջնային խնդիրներ»,- ասաց նա` վստահեցնելով, թե կառավարությունն այդ նիստերի միջոցով փորձելու է առաջին հերթին հանրային հետաքրքրություն առաջացնել ու գրավել «պոտենցիալ ներդրողի» ուշադրությունը: Այդ նիստերի ժամանակ, ըստ Ա. Գեւորգյանի` կառավարությունն անդրադառնալու է նաեւ կոնցեպտուալ խնդիրներին, ինչպես նաեւ՝ գույքագրելու է ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ոլորտները: «Եթե մեկնենք Շիրակի մարզ, ոչ միայն այդ մարզի խնդիրներին ենք անդրադառնալու, այլեւ` բյուջետային հատկացումներին, համայնքների խոշորացումներին, եւ այլն: Դա մեզ հնարավորություն է տալու տեղում ճշտել այն մարդկանց դիրքորոշումներն ու մոտեցումները, ովքեր շահագրգռված են իրականացնելու այդ ծրագրերը»,- ընդգծեց Ա. Գեւորգյանը: Ինչ վերաբերում է գյուղական աղքատության կրճատմանը, ապա դրան, ըստ Ա. Գեւորգյանի` «մեծապես կօժանդակի ԱՄՆ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի ֆինանսական աջակցությունը»: Ա. Գեւորգյանի ասելով` նախատեսվում է, որ այդ ծրագիրը շոշափելի արդյունք կապահովի շուրջ 750.000 հոգու կամ գյուղական բնակչության 75 տոկոսի համար` կրճատելով աղքատության մակարդակը եւ ավելացնելով տարեկան եկամուտները: Հարցին, թե կիսո՞ւմ եք ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետը, թե ոչ մի ողբերգություն չի լինի, եթե այդ գումարները չտրվեն, եւ, եթե հանկարծ կորպորացիան այդ գումարները չտրամադրի ՀՀ-ին, որտեղի՞ց են հայթայթվելու այդ գումարները, Ա. Գեւորգյանը պատասխանեց. «Այդ հարցին ես կցանկանայի անդրադառնալ այն ժամանակ, երբ մենք նմանատիպ խնդիրներ կունենանք, որովհետեւ Հազարամյանի մարտահրավերների ծրագրով նախատեսված գործընթացը բավականին արդյունավետ շարունակվում է: Այստեղ ես այս պահի դրությամբ որեւէ խնդիր չեմ տեսնում: Երբ նմանատիպ խնդիրներ առաջանան, կարծում եմ` եւ՛ կառավարությունը, եւ՛ ՀՀ ղեկավարությունն իր դիրքորոշումը կարտահայտի»:
Տարածքային կառավարման նախարարի դիտարկմամբ, մինչեւ աշուն իրենք ներկայացնելու են նաեւ իրենց առաջարկները` կապված համայնքների խոշորացման հետ: «Աշնանը պետք է որ հաջողի եւ «Երեւանի մասին» օրինագիծն ընդունվի, եւ արդեն սկսվեն կոնկրետ գործողություններն այդ ուղղությամբ»,- ասաց նա: Ա. Գեւորգյանի ասելով` կառավարությունը չի պատրաստվում համայնքների խոշորացման ծրագիրն իրականացնել միանգամից: «Պետք է նախ փորձենք հասկանալ, թե ինչպես է այդ ամենն արվում եւ ինչքան է արդյունավետ լինելու: Տպավորությունն այնպիսին է, որ հասարակության մոտ թյուրըմբռնում կա այս խնդրի հետ, որը պայմանավորված է խնդրի նկատմամբ մեխանիկական մոտեցում ունենալու հետ, որ` վերցրեցին, երկու համայնք իրար միացրեցին: Ո՛չ, այդպես չի լինելու: Խնդիրն ավելի բարդ է եւ ավելի շատ մեխանիզմներ է պահանջում, քան մեխանիկականը: Խոշորացում՝ չի նշանակում, որ այդ գյուղը փակելու ենք եւ համայնքի բնակիչներին տեղափոխելու ենք մեկ այլ տեղ: Ո՛չ, դա նշանակում է, որ մենք այդ համայնքներում առկա եւ՛ վարչական, եւ՛ ֆինանսական ռեսուրսների օպտիմիզացիայի հարց ենք լուծելու: Եթե մենք ունենք մեկ համայնք, որը 60 բնակիչ ունի, որը պետք է ունենա գյուղապետ, գյուղապետարան, բազմաթիվ ծախսեր, մենք պետք է այնպես անենք, որ մեկ համայնքային միավոր լինի, եւ այդ ծախսերը կատարվեն մեկ տեղից»,- պարզաբանեց նա:
Տարածքային կառավարման նախարարությունում, ըստ նախարար Ա. Գեւորգյանի` ներդրվելու է ներքին աուդիտի համակարգ, որը հնարավորություն է տալու մանրամասն նկարագրել յուրաքանչյուր աշխատողի, ստորաբաժանման գործառույթները եւ իրենցից ակնկալվող արդյունքները, որոշելու է աշխատանքի գնահատման չափորոշիչները, բացահայտելու է համակարգում առկա խնդիրները: Իսկ եթե այդ համակարգն արդյունավետ գործի, ապա, ըստ Ա. Գեւորգյանի` այն տարածվելու է նաեւ մարզպետարանների վրա: Անդրադառնալով լրագրողներից մեկի նկատառմանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպելը հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցների հետ եւ պնդելը, որ կոռուպցիան եւ կաշառակերությունը համատարած բնույթ են կրում, արդյոք չի՞ նշանակում, որ դա գնահատական է Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը, Ա. Գեւորգյանը պատասխանեց. «Երբեք գնահատականներ չեմ տվել նախագահների ասածներին, բայց մի բան հաստատ է. Ռոբերտ Քոչարյանն էլ է միշտ խոսել այդ խնդիրների մասին»:
Հաշվի առնելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հարաբերությունները՝ մենք Ա. Գեւորգյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նա տեղյա՞կ է, թե ինչպես է Ռ. Քոչարյանը վերաբերվում գործող կառավարության գործունեությանը, որը որոշել է շրջադարձային «բարեշրջման» ենթարկել իր տարիների կառավարության ծրագիրը: Ի պատասխան՝ Ա. Գեւորգյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանի հետ նմանատիպ հարց չեմ քննարկել»: Լրագրողներից մեկի հարցին, թե որտե՞ղ էր իրեն հաճելի աշխատել` նախագահական նստավայրո՞ւմ, թե՞ կառավարությունում, Ա. Գեւորգյանը պատասխանեց. «Հաճելի է բոլոր այն տեղերում, որտեղ դու հաճույքով ես գործ անում: Ես եւ՛ այնտեղ էի հաճույքով աշխատում, եւ՛ այստեղ եմ հաճույք ստանում, եւ երկու տեղերում էլ մեծ բավարարվածություն եմ ստացել իմ կատարած աշխատանքից, որովհետեւ պարտադրողական եւ ստիպողական աշխատանք չի եղել»: