Ինչպես ուռին ու բարդին…

15/06/2008 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Մենք այն ազգն ենք, որ շատ ենք սիրում հպարտանալ մեր անվանի հայրենակիցներով, մեր պատմությունով, մեր հազարամյա թատրոնով եւ բարոյական հաղթանակներով:

Վերջին արտահայտությունը հատկապես ակտուալ է, քանզի այլ հաղթանակներ մենք շատ ավելի քիչ ենք ունեցել, իսկ բարոյական` ինչքան ասես: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ հպարտությունից առանձնապես բան չենք շահում, որովհետեւ հպարտանալուց բացի, այլ քայլեր չենք անում: Բազմիցս է նշվել, որ մենք միասնական ազգ չենք, այդ իսկ պատճառով, օրինակ, սպորտում հաջողություններ ենք ունենում միայն այն մարզաձեւերում, որոնք թիմային չեն: Եվ եթե պատկերացնենք, որ ազգը եւս ինչ-որ տեղ թիմի մոդել է, ապա կարելի է հասկանալ, թե ինչու են պատմության ընթացքում հայերն ավելի շատ պարտվել, քան հաղթել: Ղարաբաղյան շարժման տարիներին այս դառն իրողության փոփոխության միտում զգացվեց: Երկուսուկես տարի շարունակ ազգը մի բուռ դարձած՝ պայքարեց հանուն իր ընդհանուր շահի: Բայց այդ պահն այնքան կարճ էր, որ, որպես բացառություն, կարծես, եկավ ապացուցելու մեր էգոիզմի օրինաչափությունը: Թեեւ ասում են, որ հյուսիսային ազգերը շատ սառն են, կամ արեւմտյան շատ երկրներում պարզապես բացակայում են «հարեւանություն», «բարեկամություն» կամ «ընկերություն» հասկացողությունները (գոնե այն իմաստով, ինչ իմաստով որ ընկալում են այդ հասկացողությունները հայերը), բայց ես խիստ կասկածում եմ, որ Երկրագնդի վրա, բացի մեզանից, լինի մեկ ուրիշ ազգ, որն ունենա «Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին» ժողովրդական ասացվածքի նման արտահայտություն: Երկու օր առաջ «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն էր արվեստագետ Հենրիկ Իգիթյանը, որի հետ հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանը փորձում էր զրուցել հետմարտիմեկյան զարգացումների եւ հասարակության մեջ լարվածության պակասեցման ուղիների մասին: Հասկանալի է, որ այդ թեման այսօր պետք է որ հետաքրքրի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու (բացառությամբ հայկական շոու-բիզնեսի «ժոժոբա աստղիկների», որոնց հետաքրքրության շրջանակը սահմանափակվում է նոր CD-ների եւ տեսահոլովակների պրեզենտացիաներով): Խոսակցության արդյունքում այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ այսօրվա լարվածությունը երբեք չի վերանա, եթե իշխանությունները շենք չտրամադրեն ժամանակակից արվեստի թանգարանին, որը ստեղծել է անձամբ Հենրիկ Իգիթյանը: Հետն էլ ավելացրեց. «…հո իմ սեփական կարիքների համար չեմ ուզում: Դա լինելու է մունիցիպալ թանգարան»: «Մունիցիպալի» մասին հանճարեղ Մհեր Մկրտչյանը ժամանակին ասում էր. «գիտահետազոտական-միտահետազոտական»: Ավելի լավ է ասեր` «վիզ» շենք է պետք: Թե չէ՝ «մունիցիպալ, հայ-հարայ»: Այս ամենին միգուցեեւ չանդրադառնայի, եթե այդ նույն հաղորդման ընթացքում պարոն Իգիթյանը չնշեր, որ մենք իշխանություն չսիրող ազգ ենք, եւ, որ վերջին իշխանավորը, որին ժողովուրդը սիրել է, եղել է Կարեն Դեմիրճյանը: Սակայն բոլորն են հիշում, թե ինչպես էր 1998թ. նախագահական ընտրությունների ժամանակ հարգարժան Իգիթյանը պաշտպանում ոչ թե ժողովրդի կողմից սիրված Կարեն Դեմիրճյանին, այլ, ինչպես կասեր ռուսը` «սովսեմ նաաբորոտ»:

Վերջին շրջանում շատ է խոսվում քաղաքական մշակույթի եւ կուսակցությունների մասին: Ինչպիսի բարձր մատերիաներից ենք խոսում, եթե ընդամենը 15 տարվա ընթացքում այնքան «առնետավազք» ենք տեսել, այնքան ալոգիկ կոալիցիաներ եւ դաշինքներ, որ անկախ ամեն ինչից պարզ է, որ հայ քաղաքական գործիչների գերակշիռ մասի միակ նպատակը Սերգոյի նման «լավ ապրելն է»: Կան, իհարկե, բացառություններ: Օրինակ, Վազգեն Մանուկյանի նպատակն այնքան էլ իր «լավ ապրելը չէ», որքան Լեւոնի «վատ ապրելը»:

Իսկ, օրինակ, Արթուր Բաղդասարյանի նպատակների մասին գիտեն միայն անգլիաներում: Ի դեպ, ինքն՝ Ա. Բաղդասարյանը, երկու տարի առաջ հասկացավ, թե ինչ է նշանակում կուսակիցների կամ «ընկերների» մասսայական առնետավազք: Բայց այստեղ ես ստիպված եմ կրկին հիշել հարգարժան պարոն Իգիթյանին: Ավելի ճիշտ, նրա այն արտահայտությունը, որը ժամանակին տղաները պետք է հատուկ թարգմանեին Մ. Գորբաչովի համար: Իսկ Խոսրով Հարությունյանի նպատակը շատ քրիստոնեա-դեմոկրատական էր` նա մտածում էր ոչ թե իր, այլ իր տղայի մասին: Մի քանի օր առաջ Վանաձորում հավաքվել էին ուժային կառույցների ներկայացուցիչները: Արտագնա հավաքի միակ նպատակն ինքնամաքրումն էր: Փորձենք թարգմանել «ինքնամաքրում» բառը: Ինքնա` ավտո, մաքրում` մոյկա: Այս կապակցությամբ կարող եմ ավելացնել միայն, որ ավտոմոյկա-ում դժվարը ներսը մաքրելն է (հատկապես «մատոռը»): Թե չէ դրսից երեխան էլ կարող է մաքրել: Եվ հետո հասկանում եք, չէ՞, որ անգամ այստեղ ընդհանուր շահ չկա: Կա միայն ինքնամաքրում: Այսինքն` կրկին մտածում ենք միայն սեփական անձի մասին: Կարելի էր, չէ՞, մաքսայինի օրինակով՝ «բիրիքով» մաքրվել:

Վերադառնանք ավելի կենցաղային թեմաների: Օրինակ, տրանսպորտը Հայաստանում հիմնականում միկրոավտոբուսի տեսքով է: Անգամ այստեղ մեր մտածելակերպը միկրո է: Եվ եթե փորձես այս միկրոմտածելակերպի մակրոգծատերերի շահերին կպնել հանուն հանրային շահերի (օրինակ, ներդրվեն նորմալ ավտոբուսներ կամ տրոլեյբուսներ, ինչպես դա արվում է բոլոր նորմալ քաղաքներում), ապա հավատացեք՝ դիմադրությունը սարսափելի մեծ կլինի (Աստված Օհմի հոգին լուսավորի):

Կյանքում, իհարկե, լինում են դեպքեր, երբ անհատի շահը համընկնում է ընդհանուրի շահի հետ: Օրինակ, երբ Արտաշես Գեղամյանը ստացավ իր հասանելիքը եւ հեռացավ քաղաքականությունից: Բայց սա մասնավոր դեպք է: Մնացած բոլոր դեպքերում, եթե մենք այսպես շարունակենք, անգամ 25-րդ դարում մեր միակ պահանջը մնալու է Ցեղասպանության ճանաչումը: