Մեր թերթում (թիվ 54, մայիսի 31-հունիսի 2) տպագրված «Բանակը՝ որպես խնդիր» հրապարակմանը, ուր խոսվում էր բանակում գրադարան չունենալու խնդրի մասին, արձագանք եղավ. բանակում գրադարաններ կան, պարզապես երիտասարդներից շատ քչերն են գիրք կարդում:
Այդ իսկ պատճառով շատ բանակայիններ զբաղված են թղթախաղով։ Նման դեպքերում ժողովուրդն ասում է. «Բաղդադում էլ խուրմա կա, մեզ՝ ինչ»։ Մեզ համար գրադարանը, զինվորական հոսպիտալը եւ ընդհանրապես օրենքները նույն հեռավորության (կամ անհասանելիության) վրա են, ինչ Բաղդադի խուրման (Էյնշտեյնի հարաբերականության տեսությունից)։ Գրադարանը ոչ թե գրքերի հավաքածու է, այլ գրքի հանդեպ որոշակի (թեկուզ ընթերցողական) վերաբերմունք, մշակույթ։ Ես բարձր բաներից չեմ խոսում, այլ ընդամենը գրի ու գրի հանդեպ մարդու որոշակի վերաբերմունքից, ինչը 1800-ով փոխվել է մեր կյանքում։ Եթե մեր բանակի մի գեներալ, օրինակ, տեղի-անտեղի օդ կրակելու փոխարեն՝ կես ժամ հատկացներ ընթերցանությանը, բանակում ոչ միայն կպակասեին ռազբորկաները, այլեւ բարձրագույն կրթությամբ բանակ մտած երիտասարդն ինքնասպան չէր լինի, այդքան օտարված չէր զգա իրեն։ Բանակայինի անկումը գուցե թե բանակի համար ընդամենը թիվ է (ամենուրեք այդ երեւույթը կա, եւ այլ ենթադրյալ պատասխանները ոչ ոքի չեն մխիթարում), իսկ այդ թիվը կյանք է, մարդկային հարաբերություն, սեր, հարազատ արյուն, որը ոչ մի կերպ չի փոխհատուցվում։
Բանակը որոշակիորեն դարձել է պատնեշ կյանքի ու կյանքի միջեւ, այսինքն՝ այն ոչ թե կյանքի օղակներից մեկն է, այլ կյանքը բաժանում է բանակից առաջի ու բանակից հետոյի։ Բանակի զորակոչի հիմնական տարիքը 18-ն է, այսինքն՝ բանակ են զորակոչվում կայտառ, ուժերով ու երազանքներով լեցուն երիտասարդներ, սակայն երկու տարի հետո, այսինքն՝ 20 տարեկանում, երբ զորացրվում են, դժվար է նրանց համեմատել իրենց տարեկից այն երիտասարդների հետ, որ դեռ բանակ չեն գնացել. բանակից վերադառնում են ատամներն ու մազերը թափված, առողջական լուրջ խնդիրներով, մի տեսակ նստած (այսպես ասած՝ «տղամարդ» դարձած) ծերունիներ։ Սա չափազանցություն չէ. արդեն բանակից եկած ուսանողն այդպես էլ ընդունվում է համակուրսեցիների կողմից. նա կարծես ինչ-որ թաղանթով մեկուսանում ու օտարվում է այդ միջավայրից. նրանց տարիքների տարբերությունը մեծ չէ, շատ-շատ 2-3 տարի, սակայն շփման եզրեր չկան, մեկը մյուսի հետ չի մերվում։
Բանակն, իհարկե, նման խնդիրներ չի վերցնում իր վրա. նրան ոչ միայն չի հետաքրքրում (ձեւական հետաքրքրությունը մի կողմ թողած) ապագա զինվորի կենցաղը, առողջությունն ու կրթական հետագա խնդիրները, այլեւ հաճախ բանակ են զորակոչվում նաեւ առողջական խնդիրներ ունեցողները. զինվորական հոսպիտալը մասամբ է իրականացնում իր վրա դրված խնդիրները (այստեղ էլ հաճախ առողջներին են պահում` կաշառքով ձգձգելով իբր բուժումը, մինչեւ ծառայության շրջանի ավարտը)։ Իհարկե, այսօր արդեն բավական խստացվել է նման արատավոր երեւույթների նկատմամբ վերահսկողությունը, եւ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Պետք է վերջնականապես մաքրել բանակը նման երեւույթներից, քանզի գործ ունենք ոչ միայն երիտասարդների կյանքի հետ, այլեւ բանակն ինքնին քաղաքացիական մյուս հաստատությունների հետ պետության գոյության եւ ապահովության երաշխավորներից մեկն է:
Բանակին հաճախ չի հետաքրքրում նույնիսկ զորացրված բանակայինի ճակատագիրը, այսինքն՝ այն բանակայինի, ում վրա ծախսեր է արել, զինվոր պատրաստել. այս զինվորն արդեն պիտանացու չէ բանակին. նրա պիտանիությունը սահմանափակվում է այդ երկու տարվա շրջանակում, այսինքն, եթե, Աստված չանի, պատերազմ լինի, կունենանք այնքան պատրաստի զինվոր, որքան այդ պահին կա բանակում։
Ինձ կարող են մեղադրել գույները խտացնելու մեջ. կարող են ասել, թե ես բանակում չեմ եղել եւ չգիտեմ, թե այնտեղ ինչ է կատարվում, սակայն ես ժողովրդի մեջ եմ եւ ականատեսը այն ամենի, ինչի մասին խոսում եմ. կարող եմ օրինակներ բերել, ինձանից էլ շատ ուրիշները կարող են բերել, պատկերն ավելի տխուր կլինի. մենք մեր երեխաների հետ հաճախ վարվում ենք թշնամիների պես։ Բանակից զորացրված երիտասարդը տասը տարի գամված է անկողնուն եւ որեւէ մեկից զորակցության որեւէ ակնկալիք չի կարող ունենալ (այն դեպքում, երբ իրավունք չունեին անգամ նրան բանակ զորակոչել), սակայն, չնայած առողջական վիճակին, բարեխիղճ ծառայությունից հետո առողջական արդեն սրացած խնդիրներով տուն վերադարձած երիտասարդն իր կարիքն ունեցող պետության կողմից անուշադրության է մատնված (իսկ հաշմանդամության թոշակի զորությունը բոլորին հայտնի է)։ Այս խնդիրները ցավով եմ բարձրաձայնում` հույս ունենալով, որ դրանց լուծում կտրվի:
Մեր երկրում չկան ուրիշի երեխաներ, եւ ընդհանրապես՝ երեխաներն ուրիշի չեն լինում, եւ որքան վիշտ է մեզ շրջապատում, այնքան մեր ժպիտն աղավաղվում է մեր շուրթերին, այնքան մեղքի զգացումը հետապնդում է մեզ, եւ պետք չէ ձեւացնել, թե որեւէ մեկը դա չի զգում. բոլորն էլ այդ զգացումն ունեն, բայց, չգիտես ինչու, ամաչում են խոստովանել, իսկ խոստովանությունը փրկում է նոր մեղքեր գործելուց, քանզի մեղքը կոծկելու համար ստիպված չես լինի նոր մեղքեր գործել. ասենք, օրինակ, թուրքերը, եթե ուժ ունենային խոստովանելու իրենց եղեռնագործությունը, ինչպես գերմանացիները, առաջին հերթին նրա՛նք կազատվեին մեղքի բեռից, եւ այդ խնդիրն այլեւս չէր լինի ոչ մի կողմի համար։ «Ոչ այնքան վաղուց,- ասում է Դոբրոլյուբովը,- հայրենասիրությունն այն ամեն լավի փառաբանումն էր, որ կա հայրենիքում. այժմ դա արդեն բավական չէ հայրենասեր լինելու համար։ Այժմ ամեն մի լավի փառաբանմանն ավելացել է դեռեւս մեզ մոտ առկա ամեն մի վատի անողոք պարսավումը եւ հետապնդումը»։