«Նովոստի» գործակալության երեւանյան գրասենյակում երեկ կազմակերպված հեռուստակամուրջը` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի վերլուծաբանների մասնակցությամբ, վերածվել է փոխադարձ մեղադրանքներ, պատմական իրողությունների տարբեր մեկնաբանություններ հնչեցնելու հերթական առիթի: Ըստ Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծությունների կենտրոնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի, քանի դեռ երկու երկրներում հասարակությունները պատրաստ չեն փոխզիջման, քանի դեռ նման փոխզիջման իրական կարիքը չի զգացվում հասարակությունների ներսում, նախագահների հանդիպումները եւ բազմաթիվ բանակցությունները որեւէ արդյունքի չեն բերի: Ըստ Մարկեդոնովի` ինքը չի տեսնում նույնիսկ 2-3 կետ, որոնց շուրջ կողմերը պատրաստ են փոխզիջման: Այս տեսանկյունից, ըստ ռուսաստանցի քաղաքագետի, «նախագահների (Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի) հանդիպման միակ դրական արդյունքն ինքնին հանդիպումն է»: «Խոսել ինչ-որ ճեղքումների մասին չի կարելի, բայց ավելի լավ է, որ կողմերը հանդիպեն, քան ծայրահեղ միջոցների դիմեն»,- նշել է Մարկեդոնովը: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ասիմ Մոլազադեի ասելով էլ` «Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը դոփում է տեղում»: Ըստ նրա` բանակցային գործընթացի «իմիտացիայի» համար մեղավոր է հայկական կողմը:
Իսկ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակի «կտրուկ փոփոխության» պատրաստ չէ կողմերից եւ ոչ մեկը: «ԼՂՀ հակամարտության հարցի լուծումը կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում հնարավոր չէ: Այն քաղաքական բնույթ է կրում, եւ հարցի լուծումը գտնվում է քաղաքական ոլորտում: Հակամարտությունն ի սկզբանե չի ծագել միջազգային իրավունքի շրջանակներում, այն առաջացել է Խորհրդային տարիներին եւ հենց Լեռնային Ղարաբաղում: Սանկտ Պետերբուրգում ոչ մի էական բան տեղի չի ունեցել եւ չի էլ կարող տեղի ունենալ»,- ասել է Ա. Իսկանդարյանը` հավելելով, թե հակամարտության պատճառն ընկած է տարածաշրջանում, ոչ թե ուրիշ երկրներում: «Տարածաշրջանում կամ դրա շուրջը ոչ մի կտրուկ բան տեղի չի ունեցել, որ կարողանար փոխել բանակցող կողմերի փոխհարաբերությունների ֆորմատը»,- նշել է Ա. Իսկանդարյանը` նկատելով, որ բոլոր տարաձայնությունները կհարթվեն միայն այն ժամանակ, երբ հակամարտող երկու կողմերն իրապես խաղաղության կձգտեն: