Օրգանների փոխպատվաստումը հրաշք չէ

22/05/2005 Մարիամ ՎԱՐՈՍՅԱՆ

Փոխպատվաստման խնդիրները Հայաստանում

Այսօր Հայաստանում որպես ամբողջական օրգան հնարավոր է փոխպատվաստել միայն
երիկամ: Որպես դոնոր հանդես են գալիս հիվանդի հարազատները: Այլ օրգանի
փոխպատվաստումն անհնար է, որովհետեւ միջոցների սղության պատճառով հնարավոր
չէ ստեղծել ներքին օրգանների դոնորական բանկ: Մեր երկիրը նաեւ չունի
միջազգային պայմանագիր, որի շնորհիվ հնարավոր կլիներ «ներկրել» եւ դրա
կարիքն ունեցողներին փոխպատվաստել օտարազգի մարդկանց օրգաններ: Այլ
տարբերակներից է մահացող մարդու օրգանների փոխպատվաստումը: Հաճախ դժբախտ
պատահարներից մահանում են առողջ մարդիկ, որոնց ներքին օրգանները դեռեւս
կարող են ծառայել մեկ այլ մարդու: Գուցե ցինիկ է հնչում, բայց
տրանսպլանտոլոգիայի տեսակետից մեզանից յուրաքանչյուրն առնվազն երկու
երիկամի, մեկ լյարդի, մեկ սրտի եւ երկու աչքի եղջերաթաղանթի պահեստ է: Սա
արտասահմանում լայնորեն կիրառվող պրակտիկա է, որի շնորհիվ պետությունը,
կորցնելով հասարակության մեկ անդամի, կյանքի է կոչում եւ լիարժեք դարձնում
մեկ ուրիշին: Հայաստանում դա կհամարվի օրինազանցություն, քանի որ օրենքով
սահմանված է, որ մարդուն բժշկական միջամտության ենթարկելուց առաջ հարկավոր
է ունենալ նրա կամ նրա հարազատների համաձայնությունը: Ըստ մասնագետների,
սույն կետն անիմաստ է դարձնում օրենքը, քանի որ ի սկզբանե պարզ է, որ
մահամերձ անգիտակից հիվանդից անձամբ նման համաձայնություն բժիշկը չի կարող
ստանալ, իսկ հարազատից՝ առավելեւս, քանի որ, թեեւ ասպարեզում կան գիտակ
մասնագետներ, հասարակությանը խորթ է բուն միտքը: Այլ երկրներում հարցը
լուծվել է շատ հեշտ՝ յուրաքանչյուր քաղաքացի իր հետ կրում է փաստաթուղթ,
որտեղ բացի բժշկական տեղեկություններից, նշվում է տվյալ անձնավորության
համաձայնությունը կամ մերժումը՝ դժբախտ պատահարի դեպքում իր օրգաններն
ուրիշին «նվիրելու» մասին:

Օրգանների փոխպատվաստումը հրաշք չէ

Հայաստանում երիկամի փոխպատվաստման կարիք ունի 250 մարդ: Դրանք այն
հիվանդներն են, որոնք ապրում են դիալիզի շնորհիվ: Ինչպես ցույց են տալիս
ուսումնասիրությունները, ամբողջ աշխարհում սպասվում է երիկամային
անբավարարությամբ տառապողների եւ երիկամի փոխպատվաստման ենթակա հիվանդների
բում: «Արաբկիր» բժշկական կենտրոնի նեֆրոլոգիական ծառայության ղեկավար,
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սարգսյանը փաստեց, որ
Ամերիկայում արդեն այսօր դիալիզ են ստանում 1/1000 հարաբերակցությամբ,
Եվրոպայում՝ 600/1 մլն հարաբերակցությամբ: «Եթե Հայաստանն ունի մոտ 2 մլն
բնակչություն,- ասում է Ա. Սարգսյանը,- ապա մոտ ապագայում դիալիզի պահանջ
կունենա մոտավորապես 1000 մարդ, որոնցից առնվազն կեսը փոխպատվաստման
թեկնածուներն են: Եթե նույնիսկ մենք նրանց բոլորին փոխպատվաստենք, նոր
հիվանդների թիվը տարեկան կլինի մոտավորապես 100-150»:

Հայրիկ, տուր ինձ քո երիկամը

Երիկամի փոխպատվաստումն ունիկալ է նրանով, որ դոնոր կարող է հանդիսանալ
հիվանդի հարազատը, որը կամովի զիջում է իր մեկ երիկամը հիվանդին: Այս
տարվա ընթացքում «Արաբկիր» բժշկական կենտրոնում պատվաստվել է 4 մարդ,
հինգերորդը սպասում է իր հերթին: Օրգանի փոխպատվաստումն արվում է ոչ թե
կյանքը փրկելու, այլ կյանքի որակը բարելավելու համար: Կան հիվանդներ,
որոնք նախընտրում են ենթարկվել դիալիզի, բայց ապրել սեփական երիկամով: Իսկ
նրանք, ովքեր որոշում են «կրել» ուրիշինը, բավականին դժվար ճանապարհ ունեն
անցնելու:
Տրանսպլանտոլոգիայում մեծ դեր է խաղում տարիքը: Տարեց թեկնածուների
դեպքում՝ 60 եւ անց, միշտ կասկածելի է, թե արդյոք նրանց կյանքի որակը
կփոխվի՞ դեպի լավը տրանսպլանտացիայից հետո, որովհետեւ նրանք պետք է
ընդունեն բազում կողմնակի էֆեկտներ ունեցող ծանր դեղամիջոցներ, որոնք այդ
տարիքում դժվար է տանել: Տրանսպլանտացիայի համար օպտիմալ տարիք է
համարվում 13-55-ը: Ըստ վերջին վիճակագրության, հայրերն ավելի հաճախ են
զիջում իրենց օրգանը երեխաներին, քան մայրերը: Քույրերն ու եղբայրները՝
ավելի հազվադեպ: Բայց եթե հարազատն արդեն վճռել է դիմել այդ քայլին, ապա
ետ չի կանգնում որոշումից: Հրաժարվելու դեպքեր, իհարկե, եւս լինում են:
«Երբ քույրը չի ուզում եղբորը տալ իր երիկամը, որովհետեւ երկու երիկամ է
ուզում ունենալ, ապա նա ունի օբյեկտիվ պատճառներ»,- ասում է Աշոտ
Սարգսյանը: Ի դեպ, հոր երիկամը միշտ ավելի լավ է ծառայում երեխային, քան
մեկ այլ հարազատինը, որովհետեւ այն հաշվարկված է ավելի մեծ մկանային
մասսայի համար, եւ երբ այդ երիկամը փոխպատվաստում ես երեխային, այն ավելի
մեծ եւ ավելի արդյունավետ ֆունկցիա է կատարում: Մյուս կողմից, հայրերն
ավելի շատ են ունենում վատ սովորույթներ՝ հատկապես ծխելը շարքից հանում է
երիկամը: Երիկամի պիտանիությունն, իհարկե, ստուգվում է, սակայն, ըստ
պրոֆեսոր Ա. Սարգսյանի, երիկամը նախատեսված է 150-200 տարվա օգտագործման
համար: Եթե նույնիսկ մարդը մահանա 100 տարեկանում, ապա նրա երիկամը դեռ
իրեն ամբողջովին սպառած չի լինի:

Փոխպատվաստումն արժե 15.000 ԱՄՆ դոլար

Տրանսպլանտոլոգիայում ամենահետաքրքիր ասպարեզը թերեւս հետվիրահատական
բարդություններն են, որոնք, ըստ էության, կազմում են գիտության հիմքը:
«Փոխպատվաստման վիրահատությունից հետո գալիս է մի շրջան, երբ մի կողմից՝
պետք է խաբես օրգանիզմին, թե՝ սա քեզ հարազատ օրգան է, մյուս կողմից՝ պետք
է այնպես խաբես, որ ինքը խաբնվի օրգանի վրա, բայց ոչ թե վիրուսների եւ
բակտերիաների»,- ասում է պրոֆեսոր Սարգսյանը: Եթե օրգանը ճանաչվի
օրգանիզմի կողմից որպես օտար, ապա այն կարտամղվի, իսկ եթե ընդունել մեծ
քանակությամբ իմունոդեպրեսանտներ՝ իմունիտետը ճնշող դեղորայք, ապա
վիրուսների եւ բազում ախտածին մանրէների համար հոյակապ պայմաններ
կստեղծվեն: Վիրահատությունից հետո հիվանդները ողջ կյանքի ընթացքում
ընդունում են այս պրեպարատները: Նրանց բացասական հետեւանքներն ի հայտ են
գալիս հետագայում՝ ուռուցքային հիվանդությունների, շաքարային դիաբետի,
կատարախտի եւ մի շարք այլ հիվանդությունների տեսքով: Փոխպատվաստման
միջոցառումների գինն ընդգրկում է դեղորայքի, վիրաթելերի, ինչպես նաեւ՝
հիվանդի եւ դոնորի առողջության հետազոտման արժեքը: Այս միջոցառումները
համալիր կազմում են 14-15.000 դոլար: Պետպատվերի շրջանակներում
պետությունը վճարում է վիրահատության արժեքի 1/3-ը՝ 5000 դոլար: Պետության
կողմից նվազագույն չափով նաեւ նախատեսված է հետվիրահատական շրջանում
ընդունվող դեղորայքի որոշ տեսակների անվճար հատկացումը: Սակայն
յուրաքանչյուր տրանսպլանտ հիվանդի իդեալական պայմաններում պահելու համար
կպահանջվի ամսական 1500 դոլար, քանի որ երեք տարբեր խմբի
իմունոդեպրեսանտների գները միասին կազմում են հենց այս գումարը:
Այսուամենայնիվ, ապացուցված է, որ դիալիզը երիկամային հիվանդության
բուժման ամենաթանկ ձեւերից մեկն է, եւ եթե գումարենք ծախսվող դեղորայքի
գինը, ապա ամսական կտրվածքով դիալիզն ավելի թանկ է նստում հիվանդի վրա,
քան վիրահատությունը: Դիալիզի մեկ սեանսն արժե 17.000 դրամ: Եթե նկատի
ունենանք, որ ոմանց այս պրոցեդուրան կատարում են շաբաթական երեք անգամ,
ապա կարելի է հաշվել, թե ամսական եւ տարեկան որքան գումար է ծախսվում
այսպիսի հիվանդի վրա:

Ավելի լավ է կանխարգելել

Ողջ աշխարհում նկատվում է երիկամային հիվանդների թվի աճ: Ըստ Աշոտ
Սարգսյանի, դա բացատրվում է նրանով, որ մի շարք հիվանդություններ, որոնք
հանգեցնում են երիկամային ախտահարման, օրինակ՝ շաքարային դիաբետը, շատացել
են աշխարհի մասշտաբով: Բացի դրանից, դիալիզ ընդունողներն ավելի երկար են
ապրում, եւ նոր հիվանդները՝ հայտնվելով նրանց ֆոնի վրա, ավելի են խտացնում
պատկերը: Պրոֆեսոր Ա. Սարգսյանի տեղեկություններով` Միացյալ Նահանգները
կանխատեսում է, որ 2020 թվականին իրենք չեն կարողանալու ծածկել երիկամային
անբավարարությամբ հիվանդների ամբողջ ծախսերը: Ամերիկացիներն արդեն մտահոգ
են եւ աղետից խուսափելու ելքեր են փնտրում: «Կա մի քանի ճանապարհ,- ասում
է Աշոտ Սարգսյանը,- առաջինը՝ օրգանի կլոնավորումն է, մյուսը՝
քսենոտրանսպլանտացիա, այսինքն՝ կենդանու օրգանի պատվաստումը մարդուն, եւ
երրորդը՝ հիվանդության պրոֆիլակտիկան, որը 20%-ով կարող է կրճատել
հիվանդացությունը»: Պրոֆիլակտիկ միջոցառումների մեջ մտնում են արյան
ճնշման հսկողությունը եւ շաքարային դիաբետի կանխարգելումը:
2002 թվականից ի վեր Հայաստանում փոխպատվաստված հիվանդների շրջանում
մահվան դեպքեր չեն արձանագրվել: Մահացության դեպքեր գրանցվել են տասը եւ
ավելի տարիներ առաջ, երբ դիակից վերցված օրգանները Հայաստան էին
ուղարկվում Լենինգրադից եւ շատ անգամ՝ վնասված կամ հին էին լինում: Այսօր
նման խնդիրները կարելի է լուծված համարել եւ, ինչպես նշում են այս
ասպարեզի բժիշկները, օրգանի տրանսպլանտացիան կատակ չէ, բայց հրաշք էլ չէ: