Շարունակում է աջակցել

15/06/2008

«ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Թուրքիային` Եվրամիությանն անդամակցելու հարցում»,- երեկ այդ մասին եւս մեկ անգամ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Սլովենիայում կայացած Եվրամիություն-Միացյալ Նահանգներ գագաթաժողովի ավարտին: «Մենք խորապես համոզված ենք, որ Թուրքիան պետք է անդամակցի Եվրամիությանը: Մենք բարձր ենք գնահատում այն ձեռքբերումները, որ արձանագրել է Թուրքիան ժողովրդավարական եւ շուկայական բարեփոխումների ճանապարհին` աշխատելով կյանքի կոչել Եվրամիությանն անդամակցելու իր ձգտումները»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հայտարարել է Բուշը: Հիշեցնենք, որ ԵՄ-Թուրքիա բանակցությունները սառեցված են, իսկ ներքաղաքական ճգնաժամը Թուրքիայում գնալով ավելի է խորանում: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության երեկվա նիստի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել երկրի դատական համակարգը, նախեւառաջ` Սահմանադրական դատարանին: Պատճառը դատարանի` անցած շաբաթ կայացրած վճիռն է, ըստ որի` թուրքական համալսարաններում գլխաշոր կրելու արգելքը կրկին ուժի մեջ է մտնում: «Սահմանադրական դատարանը պետք է հստակորեն բացատրի, թե ինչու որոշեց վերանայել գլխաշորերի հարցում խորհրդարանի ընդունած որոշումը: Ազգային մեծ ժողովն իրավունք ուներ սահմանադրական փոփոխություններ իրականացնել, իսկ Սահմանադրական դատարանը պետք է անդրադառնա հարցի տեխնիկական կողմին»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Սահմանադրական դատարանի այս վճիռը, շատերի կարծիքով, յուրատեսակ ահազանգ էր Էրդողանի կուսակցության համար: Դատարանի վարույթում է երկրի Դատախազության հայցը` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գործունեությունը կասեցնելու պահանջով: «Չեմ կարծում, որ Էրդողանը դիտավորյալ է սրում իրավիճակը: Այնուհանդերձ, նրա ելույթից ես արտահերթ ընտրությունների հոտ եմ առնում: Եթե դատարանը վճռի կասեցնել իշխող կուսակցության գործունեությունը` միակ ելքը կմնա արտահերթ ընտրություններ անցկացնելը»,- «Ռոյթերզին» տված հարցազրույցում ասել է թուրք անվանի լրագրող, վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը: