Մենք եւ մեր կենդանիները

15/06/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երեւանի կենդանաբանական այգին շատ հետաքրքիր է արթնանում։ Կենդանիները մտնում են փակ կացարանի տարածքն ու թույլ են տալիս, որ մարդիկ խնամեն իրենց։

Սկսում է աշխատել կենդանիների խոհանոցը, խոտով, կաղամբով, ճակնդեղով կամ էլ չոր հացով (կենդանիներին փափուկ ու նոր թխված հաց տալն արգելվում է, այդպիսով կարելի է վնասել նրանց ստամոքսը) բեռնված սայլակները մուտք են գործում կենդանիների մոտ, մաքրվում են վանդակներն ու տարածքը։ Իսկ կոնկրետ տարածքի մաքրությունն ու ճիշտ պահին կենդանիներին սննդով ապահովելը շատ կոնկրետ մարդկանցից է կախված, առաջին այցելուների գալստյան հետ որոշ տարածքներ մաքուր էին լինում, իսկ որոշ տարածքներում աշխատանքը չէր էլ սկսվել։ Միգուցե այն հետո պիտի արվեր։ Երկուշաբթի առավոտյան ժամը 9:00-ին այցելելով Երեւանի կենդանաբանական այգի, կարելի է համոզվել, որ աշխատակիցները գրեթե նույն ծավալի աշխատանք պիտի անեն, ինչ անում էր Հերակլեսը՝ Ավգյան ախոռները մաքրելիս։ Ամենուր` եւ՛ վանդակներից դուրս, եւ՛ վանդակների մեջ, եւ՛ զբոսայգում, եւ՛ նույնիսկ ծառերի ու թփերի վրա շշեր, տոպրակներ ու թղթեր են։ Ամենուր աղբ է։ Այգու տնօրեն Սահակ Աբովյանը պատմում է, որ այգում 50 մեծ եւ 50 փոքր աղբամաններ են տեղադրված, բայց մարդիկ, միեւնույն է, իրենց ձեռքի աղբը գետնին են թափում։ Կամ էլ ճիշտ կլինի ասել՝ թափում են՝ ուր պատահի։ «Ամեն օր աղբահանություն ենք կատարում»,- ասում է տնօրենը։ Իսկ հաջորդ օրը կրկին աղբակույտեր են գոյանում։ Կենդանիներն այդքան աղբ իրենց ետեւից չեն թողնում, որքան մարդիկ են թողնում։ Կապիկներին խնամող Գայանեն ավլում էր վանդակն ու բարկացած իր հռետորական խոսքն էր ուղղում ենթադրյալ երեխայի ենթադրյալ ծնողին, որն իր զավակին թույլ էր տվել վանդակի մեջ նետել պլաստիկ շշերը։ «Ախր շշերը կապիկները կրծում են, իսկ ցելոֆանե տոպրակները կուլ են տալիս ու հիվանդանում են»,- բարկանում էր նա։ Ի դեպ, յուրաքանչյուր կապիկ ամեն առավոտ նախաճաշին կես բանկա խտացրած կաթ, մի տուփ թխվածքաբլիթ է ուտում, հետո էլ թեյ է խմում։ Կենդանիների ճաշի կերակրաբաժնին ու դիետային հետեւելը բարդ է, քանի որ բոլոր այցելուները փորձում են կենդանիներին կերակրել։ Կենդանաբանական այգում ամեն բան հիմնված է էնտուզիազմի վրա։ Եթե էնտուզիազմի չափաբաժինն ու բնատուր մարդկային ազնվությունը հերիքում են, այգու աշխատակիցներն աշխատում են լավ ու ջանասիրաբար (որքան, իհարկե, թույլ է տալիս իրավիճակը)։ Իսկ եթե էնտուզիազմը մարում է, փորձում են գոնե մի բան հնարել, որպեսզի հնարավոր լինի մի բան ավելացնել շատ փոքր աշխատավարձին։ Այգու աշխատակիցները միջինը 40 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչպես կարելի է այդ գումարով ապրել։ Շատերը ստիպված են ելքեր փնտրել։ Կամ միաժամանակ մի քանի հաստիքով են աշխատում (ինչի արդյունքում, բնականաբար, տուժում է աշխատանքի որակը) կամ էլ՝ եկամտի այլ աղբյուրներ են փնտրում։ Ոչ մեկի լեզուն չի պտտվի մեղադրանքներ ներկայացնել այն մարդկանց, որոնք ամեն օր անտանելի պայմաններում ու մեծ նվիրումով են աշխատում, բայց փաստը մնում է փաստ. միայն աշխատավարձով ապրելն անհնար է։ «Մենք 80 աշխատող ունենք, եւ բոլորը էնտուզիաստներ են, որոնք առանց կենդանիների իրենց կյանքը չեն կարողանում պատկերացնել»,- ասում է տնօրենը։ Այն մարդը, որը երկար տարիներ աշխատում է կենդանիների հետ, զարմանալիորեն փոխակերպվում է։ Եթե մարդը ներքուստ բարությամբ է նայում աշխարհին, ապա նրա բարությունը սրվում է, ու գերազանցում է կենցաղային պրագմատիզմը։ Հետեւելը, թե ինչպես է ծեր Վահագ քեռին կերակրում իր խնամքի տակ գտնվող պոնիին ու ցուլին, ուղղակի հաճույք է։ Նաեւ՝ մարդասիրության հսկայական դաս է։ Վահագ քեռին կենդանիներին մոտենում է երգելով ու անպայման զրուցում է նրանց հետ։ Իսկ տուն գնալուց առաջ հրաժեշտ է տալիս բոլոր կենդանիներին, շոյում է նրանց ու երգում։ Նրա երգացանկի մեխը Կոմիտասն է։ Եվ այդ երգերին կենդանիները սովորել են, ինչպես եւ սովորել են անշահախնդիր ու վերին աստիճանի ազնիվ Վահագ քեռու սրտացավ մոտեցմանը։ Իսկ երիտասարդ Արմանը, ով աշխատում է գիշատիչների հետ, կարծես թե ի ծնե կենդանիների հետ շփվելու շնորհ է ստացել։ Առյուծների ու վագրերի համար նա հարազատ մարդ է։ Հետեւելով առավոտվա եռուզեռին, թերեւս, տարօրինակ, բայց շատ տեսանելի ցանկություն ես ունենում. ուզում ես, որ աշխատակիցները նորմալ համազգեստ (նաեւ ձեռնոցներ) հագած լինեն, որպեսզի դիտողի մոտ ակամայից հարգանք առաջանա այն մարդկանց հանդեպ, ում համար Կենդանաբանական այգին երկրորդ տունն է։ Նույնիսկ տրիվիալ մաքրման ու կերակրման արարողությունը կարելի է գեղեցիկ մատուցել։ Դա էլ է յուրահատուկ ծես, որը ծիսական ատրիբուտներ է պահանջում՝ ծեսի նշանակությունն ընդգծելու համար։ Կենդանաբանական այգու տնօրենը համոզված է, որ արտաքին մանր բարելավումների ժամանակը չէ, քանի որ կան ավելի գլոբալ խնդիրներ։

Գումարը բավարար է

Մեր այգու արտաքին տեսքին մենք սովորել ենք։ Այն անփոփոխ է 1941 թվականից, հենց այն ժամանակվանից, երբ ավարտվել է այգու շինարարությունը։ «Գաղտնիք չէ, որ Կենդանաբանական այգու շենքերը մաշված են»,- ասում է տնօրենը։ Գաղտնիք չէ նաեւ, որ շինություններն ու վանդակները վատն են։ «Վատ» ասելով՝ մի քանի կռվաններ կարելի է բերել. ճաղավանդակները նեղ են, մութ են, սարսափելի են, նրանց հատակածածկույթը տարիներով չի փոխվում եւ, կլանելով գարշահոտությունը, փտում է։ Ազատավանդակների քանակը սահմանափակ է, իսկ նորերը չեն կառուցվում՝ օգտագործվում են դեռ 67 տարի առաջ կառուցված եւ ֆիզիկապես ու բարոյապես հնացած կացարանները։

Կենդանաբանական այգու փոխտնօրեն Սամվել Ղահրամանյանը այգին շատ պատկերավոր համեմատում է ուղղիչ-աշխատանքային գաղութի հետ. «Մարդիկ մեղք գործելու համար են գաղութում հայտնվում, իսկ Կենդանաբանական այգու կենդանիներն առանց որեւէ մեղք գործելու են այստեղ բանտարկվում։ Մենք նրանց փակել ենք ու շատ վատ պայմաններում ենք պահում։ Չգիտես՝ ինչո՞ւ, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կենդանիներն իրենց վատ զգան։ Մինչդեռ շատ մեծ խելք պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է կենդանիներին փակի տակ պահել։ Ավելի մեծ ու կանաչապատ տարածքներ են հարկավոր։ Ես ամբողջ իմ էությամբ դեմ եմ գազանանոցի գոյության փաստին։ Բայց եթե այն արդեն կա, մենք պարտավոր ենք կենդանիների համար նորմալ պայմաններ ստեղծել»։ Մեր քաղաքապետարանը նախատեսում է վերակառուցման աշխատանքներ սկսել կենդանաբանական այգում։ Այդ խոսակցություններն անընդհատ շրջանառության մեջ են դրվում։ Որոշ կոսմետիկ շտկումներ ու ամրացումներ Հայաստանի անկախացման տարիներին, իհարկե, կատարվել են, սակայն բոլոր այցելուներն էլ կարող են նկատել, որ իրենց մանկության ու իրենց երեխաների մանկության այգին նույնն է։ Եթե չհաշվենք կոկորդիլոսների նորակառույց եվրո-վոլյերն ու գետաձիերի ավելի ազատ լողավազանը, այգու արտաքին տեսքը մեծ փոփոխություններ չի կրել։ Երեւանի կենդանաբանական այգին ի սկզբանե անհասկանալի պատկերացում է ցանկացել ստեղծել արտաքին աշխարհի անկյունների կրկնօրինակման մասին։ Գուցե այգին կառուցողներն իսկապես անազատության մեջ գտնվող էակների պայմանների մասին երկար չեն խորհել ու անազատությունը ստալինյան մոդելով են կառուցել։ Վանդակների հիմնական մասն այնքան նեղ ու մռայլ է, որ նույնիսկ ցերեկվա ժամերին արեւի ճառագայթները չեն կարողանում սողոսկել ճաղերից այն կողմ։ Մեր մայրաքաղաքի սեւ ու հպարտ պանտերա Բագին, օրինակ, արեւ տեսնում է օրվա ընթացքում ընդամենը կես ժամ։ Լուսանը, կատուներն ու գայլերը նույնպես արեւի պակաս ունեն։ Բայց ոչինչ անել չի կարելի, այդպես է կառուցված եղել, այդպես էլ շահագործվում է։ Իսկ այգու հպարտությունը՝ կոկորդիլոսների տարածքը, որն, ինչպես ընդունված է աշխարհում, ապակով է պատված, այցելուներին գրեթե թույլ չի տալիս տեսնել, թե ինչ է անում ներսում կոկորդիլոսների զույգը։ Դրսից խանգարում է արեւը, իսկ ներսից՝ լուսավորության պակասը։ Այս տարի քաղաքապետարանը այգուն 206 մլն դրամ է հատկացրել, դա գերազանցում է նախորդ տարիների գումարը։ Այգին սկսելու է չորսամյա վերակառուցման ծրագիրը։ Տնօրենը գոհ է պետական ուշադրությունից ու նկատում է, որ հանրապետության բյուջեի սուղ պայմաններում այգին ստանում է այնքան, որ կարողանում է շարունակել աշխատել։ «Մենք բոլոր նախահաշիվները կազմել ենք ու սկսելու ենք վերակառուցել։ Սեպտեմբերից կբարելավենք ջրամատակարարումը, բարեկարգումը կսկսենք ու արտաքին լուսավորության հարցերը կլուծենք»,- խոստանում է նա։ Առաջնայինը կատվազգիների ազատավանդակների կառուցումն է, մեր վագրերն ու առյուծները երկար տարիներ շատ վատ «բնակարանային» պայմաններում են ապրում։ Զարմանալի է նույնիսկ, որ առյուծների ընտանիքը ձագեր է ունենում, քանի որ տասնամյակներ շարունակ նրանք բանտարկված են խուցերում ու անընդհատ մարդկանց աչքի առջեւ են գտնվում՝ մարդկանց աղմուկից խույս տալու հնարավորություն չունենալով։ Իսկ դա կենդանիների համար մեծ սթրես է։ Սովորաբար ցուցադրվում են միայն խոտան-կենդանիները, նրանք, որոնք ծնելիության տարիքից դուրս են եկել կամ էլ՝ ապագա որակյալ սերունդներ ապահովել չեն կարող։ Իսկ մեր կենդանիները կարողանում են հարմարվել «անմարդկային» պայմաններին եւ դեռ բազմանալ։ Մյուս կարեւոր խնդիրը կապիկների վանդակաշարի ամրացումն է։ Վանդակների հատակն այնքան է մաշվել, որ ամեն վայրկյան կարող է փլվել։ Տնօրենն ասում է. «Երբ կառավարությունը չէր ֆինանսավորում այգին, բոլորը դժգոհում էին, իսկ հիմա, երբ ֆինանսավորումը մեծացել է, մարդիկ էլի են դժգոհում։ Այդպես չի կարելի։ Եթե այսօր երկուսն են տալիս, ուրեմն, վաղը չորսը կամ վեցն են տալու»։

Կենդանիները կուշտ են

«Կենդանիների սննդի գծով բոլոր հարցերը լուծված են»,- ասում է Ս. Աբովյանը, ով, արդեն 16 տարի է, Կենդանաբանական այգու ղեկավարն է։ Սեփական պահանջներին համապատասխան սնունդ հայթայթել չկարողանալով՝ կենդանիներն ամբողջովին մարդկանցից են կախված։ Այն կենդանիների բախտն է բերում, ում խնամակալներն ազնիվ են իրենց գործն անում։ Ամենաբարվոք վիճակում գտնվում է փղանոցը, որն անմիջական ու հարուստ հովանավոր ունի, փղերն էլ իրենց ճաշացանկում ապուրներ ու շիլաներ ունեն։ Փղերին խնամող Ալլան ամեն օր երեք դույլ կարտոֆիլ է մաքրում, ավելացնում է ոսպին, սիսեռին ու բրնձին ու ճաշ է եփում։ Իսկ կարտոֆիլները ընկույզի հատիկից էլ փոքր ու սարսափելի կեղտոտ են։ Ջուրն էլ դույլերով են կրում։ Մշտական հոսող ջուր այգում չկա, ջուրն օրվա ընթացքում մի քանի ժամ է գալիս։ Ջրի խնդիրը թույլ չի տալիս ազատ շնչել։ Նաեւ թույլ չի տալիս ավելի հիմնովին մաքրել կենդանիների կացարանների հատակը։ «Կենդանու հոտը սպեցիֆիկ հոտ է։ Այդ հոտը պիտի լինի։ Մենք կարող ենք այդ հոտը մինիմումի հասցնել։ Ամառվա շոգին ցեմենտի վրայից կենդանիների մեզի հոտը մաքրելը դժվար է։ Պարզ է, որ այդ հոտը պիտի զգացվի։ Ախր կենդանիների վանդակներում ոչ թե բետոն ու ցեմենտ պիտի լինի, այլ՝ հող ու քար»,- ասում է Ս. Աբովյանը՝ նշելով, որ վերակառուցում ասելով՝ իրենք նաեւ դա նկատի ունեն։ Տարիներ շարունակ կենդանիների հոտը ներծծած բետոնը պարբերաբար նոր շերտով պատելու կարիք ունի։ Բնության մեջ ամեն բան շրջապտույտ է կատարում։ Փակում ենք Գետառը, որպեսզի ավելի լայն ճանապարհ կառուցենք ու ավտոմեքենաների հոսքին ազատություն տանք, եւ չենք մտահոգվում այն փաստով, որ Գետառը ոչ միայն միջոց է, այլեւ՝ նպատակ։ Աղտոտված ու բարակած Գետառը հոսում է նաեւ մեր քաղաքի Կենդանաբանական այգու տարածքով՝ բնության անկյունի պատրանք ու բնական էկոհամակարգ ստեղծելով։ Իսկ հիմա մենք վտանգում ենք անմիջականորեն Գետառի ջրերից կազմված այգու թռչունների լողավազանները։ Թռչունները սատկում են, քանի որ ջուրն է կեղտոտ, այգու մոտակայքում ապրող մարդիկ էլ ամռանը գետի ջրերում գորգեր են լվանում, օճառաջրերը գալիս են այգի։

Պոտենցիալ մասնագետներ

Տնօրենը նկատում է, որ առայժմ մասնագետների մեծ անհրաժեշտություն չի նկատվում, իրենք շատ լավ կարողանում են սեփական ուժերով լուծել բոլոր ծագող հարցերը, պարզապես դժվարանում են երիտասարդ մասնագետներ աշխատանքի ընդունել։ «Մեզ փոխարինողներ են պետք»,- ասում է տնօրենը։ Մասնագետների կարիքի մասին փոխտնօրեն Սամվել Ղահրամանյանը շատ հստակ պատկերացում ունի։ «Եթե մարդը սիրում է կենդանիներին, ուրեմն նա պոտենցիալ մասնագետ է։ Իհարկե, մենք կենդանիներին սիրել կարողացող մասնագետների կարիք ունենք։ Մեր գործում ամենակարեւորը կենդանու հանդեպ հոգատար վերաբերմունք ունենալն է։ Չի կարելի անընդհատ ամեն ինչն աչքաչափով անել»։ Թվով ամենամեծ՝ սմբակավոր կենդանիների բաժնի վարիչ Լիլիթը երիտասարդ է։ «Երբ կենդանիների հետ որեւէ խնդիր է ծագում, անհասկանալի հիվանդություն է վրա հասնում, ի՞նչ եք անում» հարցին նա պատասխանում է. «Դե, ես դիմում եմ անասնաբույժին, եւ մնացած քայլերն արդեն ինքն է կատարում»։ «Իսկ եթե շատ նեղ մասնագիտության փորձի կարիք եք ունենում, դիմո՞ւմ եք այլ երկրների մասնագետներին կամ էլ ուսումնասիրո՞ւմ եք նրանց փորձը» հարցին նա պատասխանում է. «Ի՛նչ կլինի, այդ հարցերը տնօրենին տվեք»։

Երեւանի կենդանաբանական այգում շատ հարցեր կան, որոնք տալ չի կարելի։ Շատերը խուսափում են պատասխանել կոնկրետ հարցերին։ Քչերին է հայտնի, որ գետաձիերի զույգն ամեն տարի ձագ է ունենում, իսկ այդ ձագն օրեր անց սատկում է։ Պատճառը ջրավազանի ոչ բավարար ջերմաստիճանն է։ Մենք արդեն երեք փոքրիկ գետաձիուկ ենք կորցրել։ Ավազանը ֆիլտրով ու ջեռուցման համակարգով ապահովելն այդքան էլ թանկ չէ, խոսքը 2-3 հազար դոլարի մասին է։ Եթե այգու աշխատակիցներն ահազանգեն այդ մասին, հնարավոր է, որ որեւէ մեծահարուստ իր գրպանից հանի այդ փողն ու այն տա լողավազանը հարմարավետ դարձնելու ունակ մասնագետին։ Կարող է նաեւ հարց ծագել՝ ծախսերի առաջնահերթությունը վերանայելու մասին։ Բայց այգում այդ հարցը գերադասում են չհրապարակել։ Մեր այգին շատ փակ համակարգ է, որն ավելի լավ է չփորփրել, քանի որ կարելի է ավելի լուրջ հարցերի շարան ստանալ։ Բոլոր աշխատակիցները տարբեր պրոբլեմների են դեմ առնում, բայց չեն խոսում այդ մասին։ «Իսկ տնօրենը գիտի՞, որ ինձ հարցեր եք տալիս»,- ահա այսպիսին է շատերի դիվանագիտական մոտեցումը։ Այդպես անվտանգ է։ Այդպես մակերեսայնորեն ավելի հանգիստ է։ Արջի քոթոթների մահը եւս անհասկանալի մահերի շարքում է։ Տնօրենն ասում է. «Արջ պահելը թանկ հաճույք է, եւ շատ արջեր պահելը, ճիշտն ասած, իմաստ էլ չունի։ Ո՛չ կարող ենք նրանց ուրիշ կենդանաբանական այգիների հետ փոխանակել, ո՛չ էլ կարող ենք բնության մեջ բաց թողնել։ Տեղ էլ չունենք։ Եվ հետո էլ ոչ մի արջ էլ չի սատկել»։

Երեւանի կենդանաբանական այգում յուրաքանչյուր կենդանու ծնունդը տոն է, իսկ մահը՝ սուգ է։ Իսկ ավելի մեծ տոն է նոր ու բանիմաց աշխատակցի ձեռքբերումը։ Այդ առումով հաջողակ կարող են համարվել սողունները, քանի որ արդեն մի քանի օր է, ինչ իրենց խնամքով զբաղվում է իր գործում մեծ հեղինակություն համարվող Կարենը։

«Կենդանաբանական այգին շատ բարդ ստրուկտուրա է։ Այցելուները սովորաբար տեսնելով միայն մակերեսային կողմը, բողոքում են։ Այդ անհիմն բողոքները շատ են բարկացնում։ Երբ ոչ պրոֆեսիոնալն է անցնում վանդակների մոտով, անպայման ասում է՝ վայ, ինչ վատ հոտ է գալիս։ Պրոֆեսիոնալի համար կարեւորը կենդանու որակն է եւ այն աշխատանքը, որը տարվում է այգում։ Կենդանաբանական այգիների ստատուսը բարձր է համարվում, եթե այգին կարողանում է բազմացնել ու կենդանիների նոր տեսակներ ձեռք բերել, այլ՝ ոչ թե միայն արտաքին տեսքի շնորհիվ է լավը համարվում։ Փայլուն ու ոսկերչական մաքրություն ունեցող այգիներ կան, որոնք զրոյական արժեք ունեն։ Կարեւորն այն աշխատանքն է, որը տարվում է այգու ներսում, ու որը ոչ ոք չի տեսում»,- ասում է սողունների բաժնի վարիչը, ով անհամբեր սպասում է պիթոնի ձագերի ծնունդին։ «Թվում է, որ եթե պիթոնը ձու ածեց, ուրեմն արդեն բազմացավ։ Այդպես չէ, հատուկ աշխատանք է պահանջվում։ Աշխատանքի հսկայական կույտ կա, որն այցելուն չի տեսնում։ Ես կարող եմ ամեն ինչ պատմել իմ ակվատերարիումի մասին։ Բայց խոսել չեմ սիրում, աշխատել եմ սիրում»,- ասում է նա։ Ի դեպ, օձի ձագերը մոտ օրերս պիտի լույս աշխարհ գան, նրանք արդեն ճեղքում են կեղեւը։ Զարմանալի է, բայց հերիք է ամառվա սեզոնի ընթացքում գոնե երեք անգամ Կենդանաբանական այգի այցելել, որպեսզի իմանաս բոլոր կենդանական նորություններն ու անհամբեր սպասես նրանց հետ շփվելու պահին։ Ես ինքս՝ չլինելով մեծ կենդանասեր, զգացել եմ, թե ինչպես է փոխվում մարդը, երբ հնարավորություն է ստանում պարբերաբար շփվել կենդանիների հետ։

Մարդիկ կենդանիներից ավելի սարսափելի են

Սեւազգեստ հայրիկն իր որդու հետ կանգնած կապիկի վանդակի մոտ՝ ծխում է, հետո այրվող սիգարետը գցում է վանդակի ճաղերից ներս ու ասում իր որդուն՝ տեսնենք, ի՞նչ կանի։ Կապիկը ետ է վազում ու մտնում է վանդակի խորքը։ Իսկ հայրիկը գոհ է։ «Հըլը բեր, շիշը գցենք վրեն»,- ասում է նա։ Բարբարոսական զվարճանքները վերջ չունեն, քանի որ հետո նրանք ուրիշ բաներ են նետելու։ Իսկ կենդանիները պատասխանել չեն կարող։ Գայլը կամ լուսանն այնքան են հոգնել ու զզվել իրենց «բուբլիկ» հրամցնող մարդկանցից, որ թվում է` մեծ հաճույքով կհոշոտեին նրանց։ Հերիք է տասը րոպե կանգնել նրանց վանդակի մոտ ու ուշադրությամբ զննել այցելուների վարքագիծը, որպեսզի հասկանանք, որ մենք չգիտենք՝ ինչպես է պետք վարվել ի ցույց դրված կենդանիների ու մեր սեփական բնազդների հետ։ Մայրիկները սովորաբար վախվորած ասում են՝ հեռու, թե չէ` կկծի։ Իսկ հայրիկները զավակներին սովորեցնում են «հայավարի» քաջ լինել, ինչը ենթադրում է՝ թքած ունենալ օրենքների ու ուրիշների վրա։ Նրանց զավակներն էլ ակվարիումի պատերին պաղպաղակ են քսում, ծառի ճյուղերը կապիկների աչքն են մտցնում ու քարով խփում առյուծին։

Մեր Կենդանաբանական այգին մեր հասարակության յուրահատուկ հայելին է, իսկ այնտեղի բնակիչներն անթաքույց մարդատյաց են դառնում։ Գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ հայատյաց են դառնում։ «Այդ վերաբերմունքը հո կապված չէ՞ մարդկանց սոցիալական վիճակի հետ։ Դա է մարդկանց մակարդակը։ Հո չե՞նք կարող պատժել երեխաներին։ Նախ՝ այդքան շատ մարդ էլ չունենք, որոնք կարող են հսկել վանդակի մոտ։ Անհնար է այդ խայտառակության դեմն առնել»,- ասում է տնօրենը։ Երբ առավոտյան տեսանք մի երիտասարդի, որը գարեջրի շիշը ձեռքին մտել էր եղնիկների տարածքն ու անիմաստ վազվզում էր այնտեղ, հարցրինք՝ ինչո՞ւ ես անում։ Պատասխանեց. «Լավ եմ անում, փող եմ տվել-մտել եմ, ինչ ուզեմ՝ կանեմ»։ Եղնիկը երեկ ձագ էր ունեցել։ Իսկ երիտասարդի հայրը, երեւի, իրեն ասել էր՝ ապրես, տղաս, միշտ կանես այն, ինչն ուզում ես, ու ոչ մեկին էլ մի լսիր»։ Տուգանքների կամ հրապարակային խայտառակման փորձերին աշխատակիցները չեն հավատում։ Պարզապես այն մարդիկ, որոնք պատասխան են տալիս կոնկրետ կենդանու համար, փորձում են մինչ ուշ երեկո մնալ աշխատատեղում՝ կենդանու մոտ, ու կանխել վայրենությունները։ «Կենդանաբանական այգու գոյության դրական կողմն այն է, որ երեխաները կարողանում են մոտիկից տեսնել ու շփվել այն կենդանիներին, որոնց նրանք ուրիշ տեղ տեսնել չեն կարող։ Եվ նույնիսկ դա էլ վիճելի կետ է, քանի որ մենք նեղ ու մութ վանդակները գցելով կենդանիներին ու նրանց ոչ մի շանս չտալով լավ ապրելու համար, ինքնաբերաբար երեխաների մեջ դաժանություն ենք արթնացնում։ Երեխան տեսնում է, որ կենդանին կալանավորի նման է ապրում ու ենթագիտակցաբար ընդունում է, որ կարելի է նման դաժանությամբ վարվել նրանց հետ։ Իսկ եթե նա տեսնի, որ կենդանին համեմատաբար ազատ վանդակում է խաղում, թավալ է տալիս, ուրախանում է՝ ուրիշ կերպ կընկալի կենդանուն»,- ասում է Ս.Ղահրամանյանը։

Ցավալի է, բայց կենդանիներն ու թռչունները հիվանդանում ու սատկում են այն պատճառով, որ ցելոֆանե տոպրակներ են կուլ տալիս։ Վայրենի կիրակիից հետո լողավազաններում անհամար քանակությամբ տոպրակներ էին լողում։ «Հազար անգամ ասում ենք, որ կենդանիներին կերակրել չի կարելի, միեւնույն է, մարդիկ վագրերի վանդակների մեջ կոնֆետներ ու միրգ են գցում։ Ախր, գոնե պիտի իմանան, որ կատուն կոնֆետ չի ուտում»,- սրտնեղում է տնօրենը։ Միգուցե մարդիկ իսկապես չգիտեն դա։ Մեր հարցին՝ արդյոք հնարավո՞ր չէ այգու տարածքում փաթեթավորված ուտելիք վաճառել, որի վրա գրված կլինի, թե որ կենդանու համար է այն նախատեսված, տնօրենը պատասխանում է. «Եթե խոտ վաճառենք ու վրան գրենք՝ «այծ», մարդիկ այն անպայման առյուծին կփորձեն տալ»։ Տնօրենը դժգոհում է դպրոցից՝ ասելով, որ աշակերտները հազվադեպ են այգու տարածքում կենսաբանության դասեր անցկացնում, սակայն չի էլ հավատում, որ ուսուցողական ու ինֆորմատիվ այցերը կարելի է ստեղծել հենց այգու աշխատակիցների ուժերով։ Թեեւ դա անելն այդքան էլ դժվար չէ։ Չէ՞ որ աշխարհում բոլոր կենդանաբանական այգիները թանգարանների կարգավիճակ ունեն։ Իսկ կենդանիներն էլ համարվում են «ցուցանմուշներ», որոնց մասին տեղեկությունները կարող են ոչ պակաս հետաքրքիր լինել, քան որեւէ հայտնի նկարի պատմությունը։ Մանավանդ, որ յուրաքանչյուր կենդանի անհատականություն է։ Գետաձիերի զույգին խնամող Արթուրից, օրինակ, կարելի է շատ հուզիչ ու ռոմանտիկ պատմություններ լսել, որոնք հաստատ շատ բան կտան մարդկանց թերի սրտերին ու ուղեղներին։ Գետաձիեր Մանուկն ու Մանուշն այնքան համերաշխ զույգ են, որ ամեն ինչ միասին են անում։ Իսկ երբ Մանուկը լավ տրամադրություն է ունենում, Մանուշին թույլ է տալիս իր մեջքին նստել ու այդպես հարմարավետ լողալ։ Արթուրը շատ լավ գուշակում է իր գետաձիերի տրամադրությունն ու ցանկությունները։ Ի դեպ, Մանուշի հսկա ժանիքները ատամնաբույժի միջամտության կարիք ունեն, բայց դե ո՞վ կարող է բուժել դրանք՝ Արթուրը չգիտի։ Դրա հերթը չի հասել։

«Երեխաների մեջ կենդանիների հանդեպ սեր չկա, ինչ էլ անենք՝ չի օգնի»,- ասում է տնօրենը։ Եթե մուտքի տոմսն արժե 200 դրամ, ապա այն կրկնապատկելով ու փոքր խմբերի համար էքսկուրսիայի նման զբոսանք կազմակերպելով, կարելի է եւ՛ գումար աշխատել, եւ՛ այդ սեր ասածը սերմանել։ Պարզապես պետք է հետաքրքիր լինել երեխայի համար, եւ մեկ-մեկ էլ թույլ տալ աչք գցել այգու չերեւացող հատվածի վրա, որտեղ շատ հետաքրքիր է։ Իսկ հիմա, կենդանիների կողքով անցնելուց բացի, այգին կարողանում է առաջարկել միայն կարուսելային ժամանցը։ Դա էլ շատ խիստ ժամանակակից զվարճանքն է, որը շատ կոնկրետ գումարի աղբյուր է։ Կա նաեւ տոմսերի վաճառքից ստացված գումարը, որը հանգստյան ու տոնական օրերին հաստատ քիչ թիվ չի կազմում։ «Մեր նպատակն այն է, որ երեխաները ճանաչեն բնությունը»,- ասում է տնօրենը։ Սակայն այգին ինֆորմացիան տեղ հասցնելու ձեւերը չի տեսնում։ Միգուցե նաեւ չի էլ որոնում։ Այգու ներքին «խոհանոցն» այնքան փակ ու կայուն ուղիով է ընթանում, որ ոչ ոք ո՛չ ցանկություն, ո՛չ էլ հանդգնություն չունի որեւէ բան այնտեղ փոփոխելու կամ աշխատանքը մոդեռնացնելու համար։ «Մենք պիտի շատ մեկնաբանենք, որպեսզի բակում կամ անտառում, կենդանու հետ հանդիպելով, մարդիկ իմանան՝ ինչպես վարվել կենդանիների հետ»,- ասում է տնօրենը։ Որպես կենդանիների վարքագծի ուսումնասիրման, կենդանիների տեսակի բազմացման ու հնարավոր փոխանակման պրոցեսի ապացույց՝ չի օգտագործվում համաշխարհային ցանցը։ Մեր այգին չունի իր կայքէջը։ Ընդհանրապես բարձր տեխնոլոգիաներն այստեղ չեն շտապում մուտք գործել։ Ամեն բան կատարվում է հին՝ խորհրդային համակարգի համաձայն։ Նույնիսկ ինչ-որ հրաման տպելու համար օգտագործվում են ձեռքով տպող մեքենաները։ Ինտերնետային կապի մասին խոսք անգամ չկա։ Այգում ընդամենը մեկ համակարգիչ կա, որը տնօրենի սենյակում է տեղադրված։ Ավելի մոբիլ ու երիտասարդ օգնականներ ունենալուն տնօրենը դեմ չէ, սակայն նշում է, որ ինտերնետի միջոցով ինֆորմացիա փոխանակելու, նույնիսկ՝ պարզապես էլեկտրոնային փոստով նամակներ ստանալու ու դրանց պատասխանելու համար իրենք չեն կարող մարդ վերցնել, քանի որ միջոցներ չունեն։ «Մեր բյուջեն լրիվ մեզ բավականացնում է, եւ մենք տեղավորվում ենք այդ գումարի մեջ, բայց նոր մարդիկ ընդունելու միջոցներ չունենք»,- ասում է նա։

Ի՞նչ կարելի է անել

Այցելուներին կենդանիներ ցուցադրելը, զվարճացնելն ու դրա դիմաց գումար ստանալը կենդանաբանական այգիների միակ ֆունկցիան չէ։ Թեեւ այն միակ տեսանելին ու նկատելին է։ Իսկական՝ ծնելիության միջոցով կենդանիներին պահպանելու, հարկ եղած դեպքում՝ բուժման պրոցեսը երբեք չի ցուցադրվում։ Տնօրենը նշում է, որ բոլոր կենդանիները բազմանում են, ձագեր են ունենում, բայց Երեւանի կենդանաբանական այգուց փոխանակման կամ գնման ճանապարհով՝ ոչ մի կենդանի դուրս չի գալիս։ Մասնավոր անձանց կենդանիներ վաճառելու պրակտիկան, ըստ տնօրենի՝ չի գործում։ Կամ էլ՝ այդ մասին հրապարակային չեն խոսում։ «Եթե ուզեն, մենք, իհարկե, կվաճառենք։ Մի քանի դեպք է եղել, երբ մեզնից էկզոտիկ թռչուններ էին գնել։ Բայց միայն այդքանը»,- նշում է Ս. Աբովյանը։ Իսկ Ս. Ղահրամանյանը պատմում է, որ իրենք փորձել են բազմացնել ու վաճառել «հայկական ոչխարները»՝ մուֆլոնները, որոնց այն տեսակը, որը տարածված է Հայաստանում, շատ բարձր է գնահատվում աշխարհում։ «Բայց այդ գործը կիսատ մնաց»,- հոգոց է հանում նա։ Մեր այգին Եվրասիական կենդանաբանական այգիների ասոցիացիաների լիիրավ անդամ է, համագործակցում է ավելի քան 50 այգիների հետ, փորձի ու կենդանիների փոխանակում է իրականացնում։ Տնօրենը նշում է, որ նոր կենդանիների հոսքը կանգնում է հիմնականում երկաթուղու բացակայության ու շրջափակման պատճառով։

«Մենք շատ ծրագրեր ու ակցիաներ ենք փորձել իրականացնել։ Բայց, չգիտես ինչո՞ւ, ամեն ինչը կիսատ է մնում։ Ընդհանրապես Կենդանաբանական այգու հանդեպ կիսատ-պռատ վերաբերմունք կա։ Այն կա այնքանով, որ կա»,- ասում է Ս. Ղահրամանյանը՝ նշելով, որ հեռուստակամուրջ իրականացնելու գաղափար է եղել։ Փող հավաքելու ու ապագա բարերարներ ձեռք բերելու համար հեռուստաէկրանը լավ միջոց է։ Սակայն այն իրականություն չի դարձել։ Եթե պատկերացնենք, որ նման կամուրջ իրականացվեր, ու ցուցադրվեին կենդանիների ներկա վիճակն, ու այն բարելավելու ուղիները հստակ նախահաշիվների տեսք ստանային, ապա շատ հարցեր կարելի էր լուծել հենց այսօր։ Կամ էլ վաղը։ Եվ ոչ թե՝ մի քանի տարի հետո։ Կենդանաբանական այգու վերակենդանացման ծրագրերը հետխորհրդային տարիներին շատ այգիներ կարողացան լուծել կոնկրետ որեւէ կենդանու իր խնամակալության տակ վերցնել ցանկացող մեծահարուստների կամ հիմնարկությունների միջոցով։ Այդ մոդելի կիրառումից շահում են բոլորը. եւ՛ հովանավորները, եւ՛ կենդանիները, եւ՛ մենք՝ այցելուներս։ Շատ կենդանաբանական այգիներում կենդանիների վանդակների առջեւ կարելի է կարդալ, որ սույն կենդանին այս կամ այն քաղաքական գործչի կամ գործարարի հովանավորության տակ է գտնվում։ Եվ նշվում է ոչ թե հենց այդ մարդու, այլ՝ նրա զավակի անունը։ Դա հրաշալի գովազդ է։ Դա «կենդանի» գովազդ է։ Եթե, ասենք, եղնիկը կամ ուղտը լավ պայմաններում է ապրում, լավ սնունդ է ստանում, բոլորը նշում են բարերարի անունը։ Եվ միայն ամառվա ամիսների ընթացքում այդ անձը կամ ձեռնարկությունը միայն բարի խոսքերով է հիշվում։ Ռուսաստանի այգիներից մեկում, օրինակ, կապիկների մասին հոգ է տանում գեղեցկության սրահներից մեկը։ Հումորով կատարված այդ ընտրությունը շատ է նպաստել սրահի այցելուների քանակի ավելացմանը։ Եթե պատկերացնենք, որ եղնիկը կամ արագիլները կհայտնվեն, ասենք, մեր «աստղերի» խնամակալության տակ, վերջիններս հաստատ երկրպագուների շատ ավելի մեծ բանակ կունենան, քան ունեն այսօր։ Իսկ առյուծների նկատմամբ բարերարությունը, օրինակ, միայն պատիվ ու հեղինակություն կարող է բերել գործարար Գագիկ Ծառուկյանին, որի կերպարն արդեն իսկ ասոցիացվում է ամենագեղեցիկ կատվազգիների հետ։ Իսկ մենք նրանց շնորհակալ կլինենք։ Մեր տեղեկություններով՝ ժամանակին Գ. Ծառուկյանը հովանավորել է գազանանոցին` առյուծների խնամքի համար, սակայն, ինչ-ինչ պատճառներով, որոշ ժամանակ անց նա դադարեցրել է հովանավորությունը` հիասթափվելով գազանանոցի տնօրինության` ֆինանսների ոչ նպատակային գործածումից:

Ս. Ղահրամանյանը համոզված է, որ ոչ մի հայ մեծահարուստ կենդանուն փող տալ չի ցանկանա։ Եվ գործարար Հրանտ Վարդանյանը, ով հոգում է Հրանտ եւ Մաշա փղերի բոլոր ծախսերը, ավելի շուտ բացառություն է, քան օրինաչափություն։ «Բոլորն ասում են՝ այո, կանենք։ Եվ ոչ մի բան չեն անում։ Ախր շատ մեծահարուստներ իրենց համար մեկ շապիկ գնելու համար հաստատ ավելի շատ փող են ծախսում, քան հարկավոր է, ասենք, թռչուններից մեկին մեկ ամիս կերակրելու համար։ Մարդիկ պատրաստ են մեծ գումարներ ծախսել իրենց ապրանքը գովազդելու համար, բայց կենդանիներին օգնել չեն ուզում։ Չնայած, որ Կենդանաբանական այգին գովազդի համար ամենալավ տեղն է։ Այստեղ միշտ մեծ թվով այցելուներ կան»,- ասում է նա։ Փորձ է եղել նաեւ աջակցություն ստանալ սփյուռքից։ Փոխտնօրենը դիմել է Ավստրալիայի հայ համայնքին՝ առանձին բանկային հաշվի համար բացելով ու ինքնուրույն հսկելով բոլոր ծախսերը, սատար կանգնել կենդանիների որեւէ տեսակին։ Գործը մեկնարկել էր, բայց հետո կանգ էր առել։ «Եթե նույնիսկ որեւէ մեկը համաձայներ թռչնի փոքր վանդակ կառուցել, նա մեծ բան կաներ գազանանոցի համար։ Հետո միգուցե մյուսներն էլ կորոշեին ուրիշ բան անել»։