Անհնար է այսօրվա Ամերիկան պատկերացնել առանց Մակդոնալդսի, Մարլբորոյի ու
Կոկա-կոլայի, ինչպես անհնար է Փարիզը պատկերացնել առանց Էյֆելյան աշտարակի
կամ Լոնդոնն՝ առանց Բիգ Բենի: Իհարկե, ի տարբերություն եվրոպացիների,
ամերիկացիների բախտն այս հարցում այնքան էլ չի բերել. ինչ խոսք, ավելի
պատվաբեր է երկիրը ներկայացնել ճարտարապետական գլուխգործոցներով, այլ ոչ
թե սննդի միջոցով: Ճիշտ է, յանկիներն էլ ունեն Սպիտակ տունը, Ազատության
արձանը, բայց Մակդոնալդսն իր «հռչակով» խփում է հնարավոր ու անհնարին
բոլոր վարկանիշները: Եթե 1970թ. ամերիկացիները ֆասթֆուդի վրա ծախսում էին
տարեկան $ 6 մլրդ, ապա հիմա այդ գումարը հասել է 110 մլրդ-ի:
Ո՞րն է այս «արագ կերակուր» կոչվածի հաջողության գաղտնիքը: Եղբայրներ
Ռիչարդ եւ Մորիս Մակդոնալդսները ժամանակին մի պարզ ու, ինչպես հետո
երեւաց, հանճարեղ բան արեցին. նրանք ավանդական ճաշացանկից հանեցին այն
ամենը, ինչ պետք էր ուտել դանակ-պատառաքաղով, հախճապակե սպասքը
փոխարինեցին թղթից ամանեղենով։ Ոչ մի մատուցող. ամանները պետք չէր լվանալ:
Այս ամենի շնորհիվ համբուրգերները դարձան կրկնակի էժան, իսկ դրանց համար
հերթերը՝ կրկնակի երկար: Այսպիսով, եղբայրներին հաջողվեց միավորել 3
կարեւոր բան՝ էժանություն, արագություն եւ քաղցի արագ հագեցում: Իսկ ինչ
վերաբերում է որակին, այստեղ կարծիքները բաժանվում են: Հատկապես վերջին
ժամանակներս ամերիկյան մամուլում գնալով հաճախակի են դառնում
հրապարակումներն այն մասին, թե ինչ հսկայական վնաս է առողջությանը
հասցնում նման «կերակուրը»: Հոդվածներից մեկի հեղինակը ցնցող տվյալներ է
բերում. «Այսօր 54 մլն ամերիկացիներ տառապում են ճարպակալումից, 6 մլն-ը՝
խիստ ճարպակալումից: ԱՄՆ-ում ամեն տարի դրա պատճառով մահանում է 28.000
մարդ»: Խոսքն, իհարկե, միջին վաստակ ունեցող ամերիկացու մասին է: Օրինակ՝
Լոս Անջելեսի հարուստ թաղամասերում (Բեւեռլի Հիլզ, Բելլ Էյր եւն) դուք չեք
հանդիպի ոչ մի Մակդոնալդս, այնինչ աղքատ թաղամասերում դրանք ամեն
քայլափոխի են: Ամերիկացիների մեծ մասն ուղղակի ժամանակ չունի ռեստորան կամ
սրճարան մտնելու, որտեղ ստիպված է ժամանակ ծախսել ճաշացանկից որեւէ բան
ընտրելու, հետո էլ պատվերին սպասելու վրա: Այստեղ դժվար է տեսնել
ռեստորան՝ այս բառի եվրոպական իմաստով:
Իսկ ինչպես են սնվում մեր հայրենակիցներն այստեղ: Ասենք, որ դժվար է
հայերի հանդիպել Մակդոնալդսում: Մերոնք այստեղ էլ շարունակում են պահպանել
ազգային խոհանոցի ավանդույթները: Գրեթե բոլոր հայկական ընտանիքներում
«երեւանյան ճաշացանկն է»՝ ապուրներ, տոլմա, կոտլետ, փլավ, տապակած
կարտոֆիլ, սպաս եւն: Ի տարբերություն ամերիկացիների, որոնք գերադասում են
մեկանգամյա օգտագործման ամանեղեն, հայերը նախապատվությունը տալիս են
հախճապակուն ու ապակեղենին: Հայկական ռեստորաններն ու սրճարանները
նույնպես նկատելիորեն տարբերվում են մնացածներից, այստեղ կարելի է իսկապես
համեղ ուտել:
Սակայն, ինչպես մեզ հաջողվեց պարզել, Մակդոնալդս կայսրության տերերը
մտադիր են գրավել նաեւ հայկական շուկան: Այս ուղղությամբ արդեն որոշակի
ուսումնասիրություններ են կատարվում: Դեռ ավելին, ընկերության մենեջերները
մտադիր են երեւանյան բուհերի ուսանողներին առաջարկել հատուկ
նախապատրաստություն անցնել Անգլիայում, ինչից հետո նրանք կարող են աշխատել
Մակդոնալդսի ցանցում: Անգամ աշխատավարձի չափն է նախօրոք որոշված՝ ամսական
մինչեւ $ 1700:
Չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ՝ երկրում ունենալ նման դանդաղ գործողության ական:
Բազմաթիվ երկրներում, նաեւ ԱՄՆ-ում, արդեն վաղուց են ահազանգ հնչեցնում
այս առթիվ, ինչի հետեւանքով կտրուկ նվազել են «հրաշք-կերակուրի» համար
հերթերը: Եվ հասկանալի է, որ իրենց երկրում դիրքերը կորցնող ընկերությունը
նոր շուկաներ է փնտրում, այն էլ՝ հիմնականում երրորդ աշխարհի երկրներում: