25-ամյա Գեւորգն իրենց փայտե տնակի մոտ անծանոթ մարդ տեսնելուն պես կայծակնային արագությամբ թաքնվում է ցելոֆանապատ շան բնում: Տեսիլքի նման հայտնված ու անհետացած երիտասարդի տարօրինակ վարքագծից շփոթված՝ հայացքով հետեւում եմ, թե երբ է հայտնվելու, ու մի պահ մտածում եմ՝ երեւի հոգեկան անհավասարակշիռ վիճակում է, խուսափում է մարդկանցից:
Զարմանալին այն է, որ բավականին բարետես արտաքինով ու առնական կազմվածքով Գեւորգը մարմնի յուրահատուկ ճկունությամբ տեղավորվել է շան բնում, ու վախենում եմ գլուխս ներս մտցնել՝ տեղանքն ուսումնասիրելու համար: Հարցնում եմ՝ «Էս ինչի՞ փախավ»: Մայրը՝ Մարինեն, պատասխանում է՝ «Ամաչում ա: Ինքը մարդկանց հետ շփումից խուսափում ա, մի թեւը կտրած ա: Ձեզ տեսավ ու փախավ, թաքնվեց»: Մարինեին խնդրում եմ, որ որդուն համոզի շան բնից դուրս գալ: Մայրը համոզում է, ու Գեւորգը դանդաղկոտ շան բնից դուրս է գալիս: Գեւորգենց հետ գնում ենք իրենց «տուն»՝ փայտե տնակ, ուր մտնելն արդեն նույնն է թե՝ մի թեւի բացակայության պայմաններում ապրել: Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Այգեգործների տնակներ» կոչվող թաղամասի մի ճանապարհը տանում է դեպի գերեզմանատուն, մյուսն էլ՝ դեպի Ուռուցքաբանական հիվանդանոց: Գերեզմանոցից ոտքով մղոններ կտրելով ու սոված շների հետ կռվելով՝ հատում ենք մի տարածք, ուր միայն թիթեղից ու փայտից տնակներ են, ու էդ տնակներում հաստատ մարդիկ չպիտի ապրեին, բայց, այնուամենայնիվ, ապրում են: Գեւորգն աշխատում է գերեզմանատան եւ Ուռուցքաբանական հիվանդանոցի սահմանագիծը շատ չհատել, որովհետեւ այդ տարածքից սկսվում է մարդաշատությունն ու Գեւորգին նկատած մարդկանց հայացքներին հայտնված զարմանքի կամ խղճահարության արտահայտությունները: Գեւորգն աղավնիների սիրահար է ու աշխարհում ամենահաճելի ու նվիրական բանը համարում է աղավնիներին խնամելն ու նրանց թռիչքին հետեւելը: Տարիներ առաջ աղավնիներին ամենօրյա դեպի երկինք «օդափոխության» հանած եւ երկնքի ազատությունն աղավնիներին շնորհած Գեւորգը դժբախտ պատահարի պատճառով կորցրել է մի ձեռքը: Մարինեն պատմում է՝ «Աղավնիներին թռցրեց, հետո որոշները տանիքի վրա էին, չէին իջնում: Բարձրացավ, որ հոսանքի ստոլբայի մոտից նրանց իջացնի ներքեւ՝ կպավ հոսանքալարին ու հոսանքահարվեց: Մենք վրա հասանք էն պահին, որ երեխեն արդեն վառվում էր»: Գեւորգը ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա թեւն անդամահատելը համարել են հրատապ եւ անխուսափելի: Ծանր վիրահատություններ է տարել, փայծաղը պայթել է, հեռացրել են, բացի դրանից, վիրահատել են նաեւ մարմնի որոշ հատվածներ: Մեջքի եւ հետույքի որոշ հատվածներ հեռացրել են, մի խոսքով՝ մարմինն այնքան դաժան տեսք ունի, որ ինչ-որ մեկին տեսնելիս՝ Գեւորգը թաքնվում է շան բնում: Ասում եմ՝ «Գեւորգ, շատ մարդիկ ունեն նման խնդիրներ, բայց դու իզուր ես քեզնից էդքան վախենում»: Գլուխն աննկատ խոնարհում է՝ պատասխանելով՝ «Հա՛, շատ եմ ամաչում, մարդիկ էս տեսակը չեն ընդունում: Ես գիտեմ, որ մենակ եմ մնալու: Ինձ ոչ ոք չի սիրի, ոչ կյանքի նպատակ կա, ոչ էլ ապրելու: Ո՞վ կուզենա ինձ հետ կյանքը կապել, ոչ ոք»: «ՉԷ՛,- ասում եմ,- հաստատ կլինի մեկը, ով քեզ կսիրի՝ քո թերություններով հանդերձ»: Գեւորգը դառնացած ծիծաղում է, բայց էդ ծիծաղն ավելի շատ նման է լաց լինելուն: Մայրը պատմում է, որ չնայած ֆիզիկական ծանր հաշմանդամությանը՝ ընտանիքի միակ աշխատողը Գեւորգն է, ով, եթե պետք լինի, մի ձեռքով հող է փորում, բանվորություն է անում, ալյումին, երկաթ է հավաքում, հանձնում եւ հացի գումար է վաստակում: Մարինեն վերջերս է ամուսնուն կորցրել, իսկ բնակարանը 10 տարի առաջ վաճառել են, որովհետեւ՝ «սովից մեռնում էին»: Տեւական ժամանակ է, ինչ հանգրվանել են Ֆանարջյան 76 հասցեում գտնվող փայտե տնակում, որը շներ պահող մի մարդու սեփականությունն է, հետեւաբար՝ նրանց թույլ է տվել ապրել տնակում, քանի դեռ Մարինեենք խնամում են այդ մարդու շներին: «Շատ լավ մարդ ա, մեզ շատ ա օգնում: Ոչ տան վարձ, լույսի, ջրի փող ա ուզում, ոչ մի պահանջ, ընդհակառակը, շատ բարեսիրտ մարդ ա ու, եթե կարիքի մեջ ենք լինում՝ օգնում ա: Փոխարենը՝ մենք իր շներին ենք խնամում»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ ձմռանն այս տնակում ապրելը սոսկալի է: Գեւորգը ձմռանը թափառում է փողոցներով, որպեսզի փայտ, կապրոնե շիշ կամ կարտոն հավաքի, որ տնակն ինչ-որ չափով ջերմացնեն: Մարինեն, բացի Գեւորգից, մեկ որդի էլ ունի՝ 7-ամյա Արմանը, ով նույնպես ծանր հիվանդություն ունի: Երեխայի մոտ հայտնաբերվել է ոսկրային տուբերկուլյոզ հիվանդությունը, որի պատճառով Արմանի ոտքին քարտեզի նման սպիներ են դաջվել: Ոտքի ոսկորներից թարախ են քաշել ու երեխայի մարմինը փոքր-ինչ ձեւախեղված է: Աբովյանի տուբերկուլյոզի դիսպանսերում շատ երկարատեւ բուժվել է երեխան, որից հետո մշտապես դեղորայք է օգտագործում եւ գտնվում է դիսպանսեր հսկողության տակ: Այս տարի Արմանը դպրոց է գնալու: Հարցնում եմ՝ «Մտածե՞լ ես, թե ինչ ես դառնալու»: Անսպառ էներգիայով տնակի երկայնքով մեկ անդադար վազվզելով՝ զարմանքով պատասխանում է՝ «Արմանն եմ դառնալու»: Հարցնում եմ՝ «Իսկ ինչի՞ մասին ես երազում»: Քրքջալով պատասխանում է՝ «Երշիկի: Ես երշիկ շատ եմ սիրում»: Արմանը մեկ էլ երազում է հանգուցյալ հորը վերակենդանացնելու մասին, որովհետեւ նրան շատ էր սիրում: Մարինեն ասում է, որ շատ ծանր է տարել հոր մահն ու մշտապես նրա մասին է խոսում: Արմանն ասում է՝ «Աշոտին շատ եմ կարոտում: Սաղ ասում են, որ ես իրան նման եմ, ես Աշոտին շատ էի սիրում, ախր»: Մարինեն ասում է, որ Արմանը գիշերօթիկ դպրոցում կսովորի, որպեսզի այնտեղ պատշաճ սնվի եւ միայն շաբաթ-կիրակի օրերին գա տնակ: Մարինեն իր երեխային ուզում է պաշտպանել իր կենցաղից ու երեխային իրենից հեռացնում է: Անդամալույծ Գեւորգի հաշմանդամության թոշակն ընդամենը 6000 դրամ է, իսկ ընտանեկան նպաստառուների ցանկում նրանք երբեւէ ընդգրկված չեն եղել: Մարինեն ինքն իրեն էնքան չի սիրում, որ ամաչում է խոսել դեղագործի իր մասնագիտության մասին: Հավանաբար մտածում է, թե իր կենցաղային պայմանները, հագուկապն ու արտաքին տեսքը դեղագործի մասնագիտություն ունենալու համար ծիծաղելի ու ծաղրական են: Ներկայումս չի աշխատում, որովհետեւ նա էլ մարդաշատ վայրերում երեւալու խնդիր ունի: Մարինեի մոտ երկրորդ երեխայի հղիությունը ծանր հետեւանքներ է թողել. ծննդաբերելուց հետո պսորիազ հիվանդությունն են ախտորոշել: Մարմինն ամբողջովին կարմրած ու կապտած է: Որքան էլ փորձել է մարմինը հագուստի մեջ թաքցնել, այնուամենայնիվ, նրա հիվանդությունը ցանկացած մեկի մոտ տագնապ է առաջացնում: Ասում է՝ աշխատանքի դիմելիս՝ մշտապես արժանանում է մարդկանց անբարյացակամ վերաբերմունքին, հիվանդությունը մարդկանց վախեցնում է: «Մարդիկ չեն հասկանում, որ վարակիչ չեմ, բայց դե ի՞նչ մեղադրես»:
Մարինեն, Գեւորգն ու Արմանը գերեզմանատան տարածքը հատելու խնդիր ունեն: Նրանց համար այդ տարածքն արգելապատնեշ է, որն անցնելիս բախվում են հասարակական անհանդուրժողականության եւ աննրբանկատության հետ: Մինչդեռ, գերեզմանատնից այս կողմ՝ Մարինեենց փայտե տնակում ապրում են այնպիսի մարդիկ, ովքեր ամենաշատն են զգում հասարակության, մարդկանց ու վերաբերմունքի կարիքը: