Առաջին անգամ

15/06/2008

Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկելու է «Ասիական հասարակություն» («Asia Society») երկրորդ միջազգային գործարար համաժողովը` միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, գործարար աշխարհի ազդեցիկ դեմքերի մասնակցությամբ: Այն տեւելու է մինչեւ հունիսի 14-ը: Ինչպես տեղեկացրել է ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, համաժողովի աշխատանքներին առաջին անգամ մասնակցելու է նաեւ Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի գլխավորությամբ: Գործարար համաժողովին ելույթներով հանդես են գալու Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը, վարչապետ Ք. Մասիմովը, ԵՄ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելը եւ այլ պաշտոնատար անձինք: Միջոցառման ընթացքում քննության կառնվեն Ղազախստանի առեւտրային եւ ներդրումային հնարավորությունները, կներկայացվեն երկրի տնտեսության հետագա զարգացմանն ու այլ երկրների հետ փոխշահավետ համագործակցության ծավալմանը միտված խնդիրները` Ղազախստանն Արեւմուտքն Արեւելքին կապող առեւտրային կամուրջ դարձնելու նպատակով: