Չինգիզ Այթմատով լեգենդն ընդհատվեց

15/06/2008

Վախճանվեց հայտնի ղրղըզ գրող Չինգիզ Այթմատովը, ով անմոռանալի հետք է թողել 20-րդ դարի գրականության մեջ: 79-ամյա գրողը երկար ժամանակ է, ինչ բուժվում էր Գերմանիայում, նրան փրկելու համար բժիշկները նույնիսկ արհեստական կոմայի վիճակ էին ստեղծել, որպեսզի հնարավոր լիներ թոքերի ու երիկամների բորբոքումը բուժել: Սակայն դա չի հաջողվել անել: Օրեր առաջ Թուրքիան որոշում էր կայացրել` Չ. Այթմատովի թեկնածությունն առաջադրել Նոբելյան մրցանակի: Նա հավատում էր, որ մարդիկ կարող են իրարից պարտքով հեքիաթներ վերցնել: Այդպես էր ասել նրան իր տատիկը, ով հազարավոր հեքիաթներ գիտեր, բայց երբ թոռնիկը նորն էր պահանջում, նա ասում էր` դե լավ, գնամ հարեւանից պարտքով վերցնեմ նրա երազը: Չ.Այթմատովն իր զրույցներից մեկում ասել էր. «Կյանքիս վերջին տարիներին ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ խոսքը մարդու կեցության առանցքն է: Յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր բացահայտում, յուրաքանչյուր շարժում բառի միջոցով է իրականանում: Բառն ամեն ինչի սկիզբն է: Աստվածաշնչում էլ է ասված, որ բառն ինքնին Աստված է»: Նրա «Եվ դարից երկար ձգվում է օրը», «Սպիտակ շոգենավը», «Կառափնարանը», «Չալ շունը, որը վազում է ծովեզրով» վեպերը կարդում էին ԽՍՀՄ բոլոր բնակիչները: Նրան շարունակում են կարդալ նաեւ հիմա: Չ. Այթմատովի վերջին՝ «Մանկություն ու երիտասարդություն» գիրքն ամբողջովին հուշերի վրա է հիմնված եւ դեռ չի հրապարակվել ռուսերեն լեզվով: Չ. Այթմատովը վերջին 16 տարիների ընթացքում Բենիլյուքսի երկրներում Ղրղըզստանի դեսպան էր աշխատում (ի դեպ, հենց նրա շնորհիվ է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովների ընթացքում բոլոր ելույթները սկսեցին ռուսերեն լեզվով թարգմանվել), եւ այդ գրքի գաղափարը ծագել է գերմանացի հրատարակչի կողմից: Սակայն Չ.Այթմատովը` հաճախ տպագրվելով եվրոպական երկրներում, միեւնույն է, շարունակում էր իրեն ողջ ԽՍՀՄ-ի գրող անվանել: Նրան սիրում ու կարդում էին, քանի որ նրա ստեղծած հերոսներն ու իրավիճակները յուրահատուկ միֆոլոգիա էին ստեղծում: Իսկ այդ միֆերը հասկանալի ու հարազատ էին բոլորին, նրանք պատմում էին բնության, կենդանիների ու մարդկանց հավերժական կապի մասին եւ որոշ իմաստով նաեւ` կանխագուշակում էին այն վիթխարի փոփոխությունները, որ տեղի էին ունենում հսկայական Սովետական Միությունում: Նա միաժամանակ շատ արդիական ու հավերժ բաների մասին էր խոսում: Չ.Այթմատովը պատմում էր, որ երբ 14 տարեկան էր, իրեն առաջարկեցին գյուղխորհրդի քարտուղար աշխատել, քանի որ նա միակ մարդն էր ղրղըզական գյուղում, ով ռուսերեն էր խոսում: «Այդ ժամանակից սկսած ավարտվեց իմ կյանքի հեքիաթային հատվածը, ես տեսա պատերազմ, մահ, աքսոր ու հալածանք»,- հիշում էր նա: «Մեծ պոետները հենց այն բանի համար են մեծ, պետքական ու թանկ, որ հաճախ կարողանում են մեկ բառի մեջ տեղավորել ողջ տիեզերքը»,- ասում էր Չ. Այթմատովն ու նկատում, որ ժամանակակից գրականությունը շփոթված է ու դեռ չի կարողանում իր տեղը գտնել մարդկանց ուղեղներում: Նա կարծում էր, որ պատճառն ավանդույթներից հեռանալու մեջ է: «Երիտասարդներ, մի՛ մոռացեք ձեր արմատներն ու ավանդույթները, չէ՞ որ դրանք անցել են ժամանակի փորձության միջով, իսկ դուք` ներծծելով դրանք կաթի հետ, կարող եք լավ ուսումնասիրել ու նոր բացահայտումներ անել»,- ասել է նա, ով միշտ հիշել ու պոետականացրել է իր ծննդավայրը: