Պոեզիան, թերեւս, արվեստի միակ տեսակն է, որը զարգացման անընդհատ ուղի է անցել դարերի ընթացքում: Այն պահպանվել է, թեեւ ունեցել է բազում վերելքներ եւ անկումներ: Այսպես, 19-րդ դարում մենք չունենք մեծ բանաստեղծներ, ում արվեստը կարող է մրցակից դառնալ համաշխարհային մակարդակով: Պատկերը միանգամայն այլ է 20-րդ դարում. ազգային պոեզիան, որն արվեստի կարեւորագույն, հիմնական տեսակն է հայ իրականության մեջ, անցավ հայ ժողովրդի խորը ինքնագիտակցության դրոշի ներքո: Իրոք, պոեզիան ամբողջովին արտահայտում է մեր ազգային բնավորությունը: Հենց սա է ապացուցում մեր ազգի սերը բանաստեղծական խոսքի նկատմամբ անգամ մեր պատմության ամենածանր ժամանակաշրջաններում: Հայերը երբեք չեն բաժանվել պոեզիայից, թեեւ, պետք է խոստովանել, տարբեր ժամանակներում նրանք գնահատել եւ սիրել են տարբեր պոեզիա: Պոեզիան ընկած է անգամ հայկական ժողովրդական երաժշտության հիմքում: Հայերի համար պոեզիան առաջնային է:
20-րդ դարը հայկական պոեզիային բազմաթիվ գրական թեմաներ բերեց, բազում հարցեր գեղագիտության ոլորտում եւ բազում փորձություններ` Ցեղասպանությունը, կայսրության փլուզումը, արմատական փոփոխությունները համաշխարհային պոեզիայում, որի մի մասն է իրեն համարում հայկական պոեզիան, անկախ Հայաստանի ծնունդը, հայկական մշակույթի փայլուն հաջողությունները Փարիզում, սոցիալ-բոլշեւիկյան գաղափարների եւ Խորհրդային Հայաստանում հեղափոխական գեղագիտական հայացքների բախումը, արեւմտահայ մշակույթի եւ, առաջին հերթին, արեւմտահայ պոետների կորուստը: 20-րդ դարի սկզբին արեւմտահայ պոեզիան միանգամայն ինտեգրված էր եվրոպական ու ամերիկյան պոեզիային: Հայաստանի պրոֆեսիոնալ արվեստը եվրոպական ուղղվածություն ունի կամ եվրոպակենտրոն է, ընդ որում`պոեզիան դա ավելի արագ արեց, քան արվեստի մյուս ճյուղերը: Եվ կորուստը չափազանց էական էր: Արեւելահայ գրականությունը եւ մասնավորապես պոեզիան ավելի բարդ ուղիով էր ընթանում. նա պետք է այդ ճանապարհն անցներ` տարվելով ռուս գրականությամբ ու այն յուրացնելով, ապա միայն, պատկերավոր ասած` հաղթահարելով ռուսական «ստեպները», հասներ Եվրոպա: Ռուսահայաստանում ժողովրդական պոեզիայով հրապուրված լինելը հասկանալի էր (խոշորագույն ներկայացուցիչներից են Թումանյանն ու Իսահակյանը), եւ անգամ այս կամ այն բանաստեղծի առանձին վերցրած ստեղծագործությունն իր վրա կրում է աշխարհընկալման այս կարեւոր փաստարկը: Համաշխարհային գրականությանն ինտեգրվելու առումով արեւելահայ բանաստեղծությունն արեւմտահայ պոեզիային հավասարվեց` սկսած Եղիշե Չարենցից: Ահա, թերեւս, 20-րդ դարի առաջին երեսուն տարիների հայկական պոեզիայի ամենակարեւոր բաղկացուցիչները: Հայ բանաստեղծությունը դուրս եկավ հայրենասիրական թեմաներով քաղաքացիական բանաստեղծության շրջանակներից եւ սկսեց ուսումնասիրել, վերլուծել մարդուն, նրա կյանքը: Այս իմաստով պոեզիան վերադարձավ Նարեկացու հանճարի կողմը` հեռանալով իր սիրած, սակայն սահմանափակ հայրենասիրական թեզիսներից: Այսպիսով, ազգային բարձր պոեզիան աստիճանաբար հեռացավ «հային» ուսումնասիրելուց եւ սկսեց վերլուծել, վեր հանել դեռ բիբլիական ժամանակներից այստեղ ապրող 20-րդ դարի մարդու կերպարը:
20-րդ դարը տվեց մի շարք մեծ անհատների եւ բանաստեղծների, որոնք կարող էին ցանկացած ազգի պոեզիայի զարդը դառնալ: Սակայն հենց ազգային գրականության մեջ էլ կային մեծ բանաստեղծներ, օրինակ` զարմանալի, իմաստուն Հովհաննես Թումանյանը, խորը, ներքուստ կենտրոնացած Ավետիք Իսահակյանը, ինտելեկտուալ Տեմիրճիպաշյանը, նուրբ, խոցելի Ինտրան կան Ռուբեն Սեւակը, քնարական Գուրգեն Մահարին, կոնֆլիկտային, համարձակ Պարույր Սեւակը…
20-րդ դարի համաշխարհային պոեզիայի մեջ ես կընդգրկեի Դանիել Վարուժանին, Միսաք Մեծարենցին, Սիամանթոյին եւ Եղիշե Չարենցին: Վերջինս համաշխարհային մշակույթի մեջ է մտնում: Այս չորս բանաստեղծներին հարում է նաեւ Վահան Տերյանը. նրա բարձր բանաստեղծական մեծությունը, նրա ստեղծագործական փորձը անգնահատելի են մեր ազգային պոեզիայի եւ բանաստեղծական լեզվի համար: Հենց նրանից է սկսվում մտավորականության նուրբ աշխարհի բացահայտումը:
Հայկական բանաստեղծության գլխավոր ուղղությունը դարձավ ինտելեկտուալ գիծը: Անվիճելի է, որ պետականությունը կորցնելուց հետո դարեր շարունակ հայկական պոեզիան ուսումնասիրում էր մարդու զգայական աշխարհը, իսկ 19-րդ դարից սկսած` արտահայտում էր իր բզկտված հայրենիքի նկատմամբ հայի սերը: Չարենցի ստեղծագործության հետ ազգային պոեզիան կրկին իր համար բացահայտում է մարդկային մտքի խորությունը: Դա հսկայական նվաճում էր ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային պոեզիայի համար, քանզի Չարենցը կանգնած է համաշխարհային հերմետիկ պոեզիայի ակունքներում: Չարենցի պոեզիան, արձակը, դրամատուրգիան լի են գեղագիտական եւ թեմատիկ հայտնություններով, որոնք պատիվ կբերեին ցանկացած ազգի գրականության: Միաժամանակ Չարենցն առաջինն է ազգային պատմությունը դիտարկում՝ որպես բացարձակ անընդունելի մեկնաբանություն, եւ առաջ քաշում սեփական տեսակետը: Չարենցի ստեղծագործությունը հսկայական նշանակություն ունի անգամ 21-րդ դարի ազգային եւ համաշխարհային պոեզիայի համար, քանզի հոգեւորի ու մտավորի հարաբերակցության` Չարենցի ընկալումն արդիական է մինչ օրս, քանի որ 20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային արվեստը սրընթաց գնաց ձեւական որոնումների ուղիով, որտեղ հոգեւոր ուղղությունը դարձավ ամենաթույլը:
Ժամանակը ցույց կտա, թե ինչ ուղիով կընթանա եկող 15-20 տարիների հայ բանաստեղծությունը: Կարելի է միայն ասել, որ Հայաստանում եւ սփյուռքում 60-70-ականների սերունդը փորձ արեց հետաքրքիր բացահայտումներ անելու հայ գրականության եւ մասնավորապես՝ պոեզիայի մեջ: Այդ սերնդի բանաստեղծների ինտելեկտուալ հատվածը (շատ մեծ էր ռուսական, ֆրանսիական, անգլո-ամերիկյան, գերմանալեզու պոեզիայի ազդեցությունը) վերափոխում էր հայի աշխարհը, նրան մասնակիցը դարձնում տեղական եւ համաշխարհային երեւույթներին: Աշխարհն ընդլայնվում էր, բայց եւ՝ միաժամանակ գտնվում ազգային պատմության ողբերգական ազդեցության տակ, ինչն ամեն դեպքում նեղացնում էր մտքի սահմանները: Այդ սերնդի պոետական ձեւերն ավելի բազմազան դարձան. նրանք Չարենց-Սեւակ վեկտորի հետեւորդներն էին:
Սակայն ժամանակակից հայկական պոեզիայում ֆոլկլորը ոչ մի տեղ չանհետացավ, այն հրաշալի նյութ դարձավ փորձարարության համար: Եվ այս փաստը հնարավորություն է տալիս մտածելու երիտասարդ բանաստեղծների ներքին ազատության մասին: Չափազանց կարեւոր է ներքին ազատությունը, ինչպես եւ՝ համակարգված ինտելեկտուալ որոնումները, ոչ թե հուզական էքսպերիմենտը, որն ունի լոկ հատվածական բնույթ:
20-րդ դարի հայկական բանաստեղծության պոետական լեզուն մոտեցել է խոսակցական լեզվին, այն ձեռք է բերել մարդու աշխարհընկալման ու աշխարհի զգացողության բազմաթիվ կարեւոր բաղադրիչների իմաստային ծանրաբեռնվածություն: Հայի եւ հայուհու աշխարհը նկատելի ընդարձակվել է, եթե համեմատելու լինենք 18-րդ դարի վերջի եւ 20-րդի սկզբի հետ: Այսօր կյանքի ու նրա խնդիրների, մշակույթի եւ արժանապատվության նկատմամբ հայացքը չափազանց տարբեր է 20-րդ դարի սկզբի սերնդի հայացքներից: Սակայն, ինչպես եւ նախորդ դարերում, հայերը մեծ հաճույքով են կարդում բանաստեղծություններ, թեեւ նույն թախծոտ-վերամբարձ ու հայրենասիրական զգացումներով… Այս փաստը ցույց է տալիս, որ բանաստեղծական խոսքի կուլտուրան տիրում է մարդկանց մտքերի վրա, հատկապես գավառեցի, գյուղաբնակ երիտասարդների, որոնց աշխարհընկալումը ոչնչով չի տարբերվում «մենք հրաշալի ենք, բայց յաթաղանի զոհերն ենք» բանաձեւից…
Ազգային բանաստեղծությունը մեծ անհատականությունների սպասման մեջ է. այդպիսիները վաղուց չեն եղել մեր պոեզիայում: Եվ հենց այդ մեծ անհատականություններն են հնարավորություն տալիս ստեղծելու պոետական աշխարհ` համահունչ ժամանակի առաջադրած խնդիրներին, որոնք հայկական պոեզիան կբարձրացնեն ժամանակակից փիլիսոփայական ու զգայական վեկտորների մակարդակին: Չէ՞ որ հայոց կյանքը (սկսած 2000թ. հայ ժողովուրդը դարձել է սփյուռքի ազգ. ազգի կեսից ավելին, իսկ իրականում 80%-ը բնակվում է էթնիկ տարածքների սահմաններից դուրս, մի բան, որ չի եղել անգամ Ցեղասպանությունից հետո) արդեն այսօր յուրացնում է բազմաթիվ ձեւեր աշխարհի տարբեր երկրներում, այն յուրացնում է տարբեր լեզուներ եւ տարբեր մշակույթներ: