Մեծ Հաղթանակի վրա հիմնված ահռելի ինքնաPR-ը, որ Ռուսաստանում ծավալվել
է բոլոր մակարդակներում՝ Կրեմլից մինչեւ առեւտրային կառույցներ,
խոստովանությունն է այն փաստի, որ մեր երկիրը հիմա չունի իսկական
հաղթանակներ։ Նույնիսկ՝ փոքրատառով։
Մետրոյում Հաղթանակով իրեն գովազդում է կոնյակի ինչ-որ գործարան։
Օդանավակայանի մերձակայքում տեղադրված վահանակների վրա՝ «Աէրոֆլոտը»։
ծՁԹ-ով՝ «Գազպրոմը»։ Իսկ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կգովազդվեն
Վլադիմիր Պուտինն ու իր վարչակազմը։
Ընդհանրապես այս տոնակատարությունների միջոցներն ու չափերն, այսինքն՝ մեծ
եւ անվիճելի հաղթանակի վրա դրա հետ կապ չունեցող մարդկանց լայնամասշտաբ եւ
բազմաբնույթ մակաբուծությունը, հիշեցնում է 1980 թվականի մոսկովյան
օլիմպիադան։ Քսանհինգ տարի առաջ դա արդեն դատապարտված Կայսրության վերջին
շունչն էր։ Օլիմպիադայի միջոցով, որն Աֆղանստան ներխուժելու պատճառով
բոյկոտել էր աշխարհի կեսը, Կայսրությունը փորձում էր ցուցադրել իր
գերակայությունը։ Այդ ժամանակ իշխանություններն աղքատությունը ծածկում էին
սպորտի հերոսների մեդալներով, իսկ հիմա՝ Մեծ Հայրենականի դեռեւս կենդանի
մնացած հերոսների մեդալներով ու շքանշաններով։ Այդ պատճառով էլ այս տոնը
ոչ թե իսկական հերոսների համար է, այլ՝ իշխանությունների։
Մայիսի մեկից այդ պատերազմի վետերանների թոշակին նախագահական հավելավճար
են գումարել։ Խոստանում են այդ հավելավճարն ինդեքսավորել եկող տարի։ Եվս
հինգ-յոթ տարի, եւ ինդեքսավորման կարիք ունեցողներն արդեն չեն լինի։
«Կուլիկովյան ճակատամարտի վետերաններին նոր արտոնություններ տալու մասին»
հին սովետական կատակը տառացիորեն իմաստավորվում է։ Վետերանները կհիշեն
Հաղթանակի 60-ամյակը ոչ թե որպես երկրագնդի հիսունից ավելի երկրների
նախագահների մասնակցությամբ անցկացված շքերթի տարի, այլ՝ որպես
արտոնությունների մոնետիազացիայի տարի։
Սովետական Միության եւ Ռուսական կայսրության ժառանգորդ համարվող
Ռուսաստանը 20-րդ դարում գործնականորեն իսկական հաղթանակներ չի ունեցել։
Եղել են իսկական հեղափոխություններ, սրբավայրերի իսկական ավերումներ,
գյուղացիների, զինվորականության ու մտավոր վերնախավի իսկական ոչնչացում։
Եղել են խելահեղ տնտեսական նախագծեր, ինչպես օրինակ, Բայկալ-Ամուրյան
մայրուղին, որով տանելու բան չկա, կամ խոպանի յուրացումը, ինչը
գյուղատնտեսության համար անդառնալիորեն սպանեց հարյուր հազարավոր հեկտար
հող։ Եղել է իսկական աշխարհաքաղաքական աղետ՝ Միության փլուզումը։
Միություն, որն իր շինարարներին իսկապես անխախտ էր թվում։
Հիմա էլ չկան իսկական հաղթանակներ։ Մենք չենք դառնում ֆուտբոլի աշխարհի
չեմպիոն եւ վաղուց արդեն մոռացել ենք, թե ինչ է հոկեյի աշխարհի չեմպիոն
լինելը։ Մենք հիմա տիեզերքի կամ բալետի աշխարհի բացարձակ չեմպիոն էլ չենք։
Մեր ճանապարհները մեծավ մասամբ քանդված են, մեր բնակարանները՝ հիմնականում
թշվառ։ Մենք կուլ ենք տալիս անկարության կայսերական փրփուրները։
Այս ամենի խորապատկերում Ռուսաստանում չկա ավելի իրական բան, քան այն
Հաղթանակը։ Եվ դրանից, ինչը պատմական եւ ֆիզիոլոգիական օբյեկտիվ
պատճառներով դասվում է փառավոր անցյալին, ասքերին ու հեքիաթներին,
հերոսական առասպելներին, մեր ազգի առաջնորդներն ուզում են կառչել, ինչպես
փրկարար ծղոտից։
Նրանց հայրերն ու պապերը աշխարհը փրկեցին ֆաշիզմից, իսկ իրենք կյանքում այդպես էլ ոչինչ չարեցին։
Այս ամենից կա մի ելք։ Ռուսաստանին իրական հաղթանակներ են անհրաժեշտ։
Այնպիսի հաղթանակներ, որոնք ազգային հպարտություն կհարուցեն՝ միաժամանակ
չվնասելով այլոց։ Այնպիսի հաղթանակներ, որ հաղթողների առաջ ամոթով չմնանք։
Եթե չեմ սխալվում, 1932 թվականին Բորիս Պաստեռնակը գրել է. «Իսկ մեզ մոտ
իրականություն էլ չկա»։ Դա 2005 թվականի մասին է։ «Ներկայի»
բացակայությունը ներկային ստիպում է անխնա, ցինիկաբար, բայց միաժամանակ՝
միամտաբար եւ անօգնական կերպով շահագործել «ներկա» անցյալը։
ՍԵՄՅՈՆ ՆՈՎՈՊՐՈՒԴՍԿԻ, gazeta.ru