Եկեք այդպես էլ լռենք

22/05/2005

Այս օրերին, երբ Ռուսաստանը նշում է Երկրորդ Համաշխարհային
պատերազմում իր տարած հաղթանակի 60-ամյակը, եւ այդ երկրի մայրաքաղաքը
դարձել է աննախադեպ փառահանդեսի ասպարեզ, ուր հավաքվել են աշխարհի մոտ
վաթսուն երկրի ղեկավարներ, անշուշտ ավելի հետաքրքիր է իմանալ այն մարդկանց
կարծիքներն, ովքեր անցյալի «խակ» պտուղները վայելելու փոխարեն գերադասում
են քննադատաբար նայել ներկային, որտեղ ապրել են եւ ապրելու են։

Տ.Պ.

Ինչ-որ մեկն արդեն գրել է, որ սա «Ռուսաստանի վերջին հպարտությունն է»։ Մեկն էլ ասել է, թե սա ազգային նվաստ հպարտության տոնն է։
Ուրիշներն էլ պահանջում են ներում խնդրել Մերձբալթիկայի բռնազավթման
համար։ Չորրորդները նույնն են պահանջում, բայց Արեւելյան Եվրոպայի եւ
հատկապես այնտեղ «կոմունիզմ» հաստատելու համար։ Հինգերորդներն ուզում են,
որ Ռուսաստանը, հատկապես՝ Մոսկվան եւ անձամբ Պուտինը, վերագնահատեն
«Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտը։ Վեցերորդների պահանջը Ստալինի արձանի
տեղադրումն է։ Յոթերորդները կտրուկ դեմ են դրան՝ Ստալինին մեղավոր
համարելով այն բանի համար, որ ՍՍՀՄ-ը քիչ էր մնում պարտվեր։
Շատ է խոսվել ու գրվել նաեւ այն մասին, թե հաղթող երկրի վետերանները
մինչեւ հիմա պարտված երկրների վետերաններից վատ են ապրում։ Համեմատում են
նույնիսկ ռուսական եւ գերմանական թոշակներն ու արտոնությունները։
Եվրոպայի կեսն արյամբ հեղած մարդկանց սարսափելի աղքատ գոյությունը ակնհայտ
կերպով հակադրվում է աշխարհաքաղաքական այն ամպագոռգոռությանը, որ տիրում է
հիմա Մոսկվայում 59 երկրի ղեկավարների մասնակցությամբ։
Եվ այդ Հաղթանակի գնի մասին էլ քիչ չի գրվել։ Ամենաթարմ տվյալներից անձամբ
ինձ զարմացրել են արխիվներից ռազմական պատմաբան Անատոլի Ցիգանոկի
հայտնաբերած թվերը։
Օրինակ, նա հաշվել է, որ մինչեւ պատերազմը ՍՍՀՄ-ը Գերմանիայից մի քանի
անգամ շատ է օդանավեր արտադրել։ 1941-ի հունիսի 22-ին սովետական օդանավերի
թիվը 15.990 էր, մինչդեռ Գերմանիայինը՝ 1820 (գումարած՝ դաշնակիցների 770
օդանավերը)։ Այսինքն՝ առավելությունը եղել է 4,5։1՝ հօգուտ ՍՍՀՄ-ի։ Այս
առավելությունը հօդս է ցնդել պատերազմի առաջին ժամերին։ Սովետական եւ
գերմանական խփված օդանավերի ընդհանուր հարաբերակցությունն ամբողջ
պատերազմի ընթացքում եղել է 1,5։1՝ ոչ հօգուտ մեզ։ Միայն 45-ին ենք մենք
խփել մեր կորցրածից շատ օդանավեր։
Նույնը վերաբերում է նաեւ տանկերին։ Պատերազմի սկզբում ՍՍՀՄ-ը 22.600 տանկ
ուներ։ Պատերազմի տարիներին արտադրվել է 96.500 տանկ, եւս 38.100-ը
ստացվել է դաշնակիցներից։ Պատերազմի ընթացքում Սովետական Միությունը
կորցրել է ճիշտ այնքան, որքան արտադրել է՝ 96.500, իսկ գերմանացիները
բոլոր ճակատներում կորցրել են 48.000։
Այս ամենի համար, իհարկե, բազմաթիվ պատճառներ կարելի է գտնել, բայց եթե
դրանք միավորելու լինենք, կստանանք այն մարդու ազգանունը, ում արձանն էին
ուզում կանգնեցնել, բայց չկանգնեցրին։
Ըստ էության, հսկայական սովետական երկիրը, 41-ի հունիսի 22-ից մինչեւ 45-ի
մայիսի 9-ն ընկած մսաղացում կորցնելով 27 միլիոն մարդու կյանք, մարտնչել է
երկու ճակատով։ Առաջինը՝ Հիտլերի դեմ։ Երկրորդ ճակատն՝ ընդդեմ Ստալինի եւ
նրա մերձավորների արյունալի խելահեղության հետեւանքների։
Ուրեմն բոլոր այս գնահատականներն ու վերագնահատումները, նախկին
դաշնակիցների փնթփնթոցը, նախկին թշնամիների չարախնդությունը եւ, իհարկե,
պաշտոնական ամպագոռգոռ անսահման ունայնությունը ոչինչ է նրանց տնքացող
վերքերի դեմ, ովքեր այն ժամանակ հասան ուր պետք էր, իսկ հիմա մի կերպ
ապրում են։ Ունայնությունը կանցնի, ունայնամիտները կմոռացվեն։
«Անգուշակելի անցյալ» ունեցող երկրի պատմաբանների վեճերի փոշին էլ կնստի,
իսկ հերոսները, միեւնույն է, կմնան հավերժության մեջ եւ մեզ համար հավետ
սուրբ։
Նրանց պետք չէ ինչ-որ բան համոզել, քանի որ դա ոչ միայն անօգուտ է, այլեւ
սրբապիղծ։ Նրանք արյամբ են ձեռք բերել այն իդեալների հետ ապրելու
իրավունքը, որոնց համար մարտնչել են։ Որովհետեւ նրանք մարտնչել են ոչ
միայն այդ իդեալների, ոչ միայն ԱՅՆ՝ ստալինյան երկրի, այլ մեզ՝ բոլորիս,
ԱՅՍ, մեր երկրի համար։ Ի հեճուկս այն ժամանակների կառավարիչների՝ նրանք
արել են ավելին, քան ընդհանրապես կարող էր անել մահկանացուն։ Այդ մենք
այսօր չենք կարողանում անել, թեկուզ ի հեճուկս այսօրվա կառավարիչների,
չենք կարողանում անել այն, ինչ պարտավոր են անել սովորական նորմալ մարդիկ։
Չենք կարողանում, ասենք, հաղթողների համար հաղթողի եւ ոչ պարտվածի կյանք
ապահովել։
Եվ մենք, իբր որպես ազգ, նույնիսկ չենք կարողանում Լռության րոպեին կանգ
առնել եւ պարզապես լռել։ Լռել, նայել միմյանց աչքերի եւ հիշել այն 27
միլիոնին ու ներում խնդրել նրանցից, ովքեր ստեղծեցին այս հաղթանակը։
Ներում խնդրել նրանցից, ովքեր անցած վաթսուն տարում ոչ ամեն օր են իրենց
զգացել հպարտ հաղթողներ։
Մտովի ասել նրանց՝ շնորհակալություն։ Եվ… անպայման շնորհավորել։ Իսկ գուցե կարո՞ղ ենք։ Լավ, եկեք այդպես էլ լռենք։

ԳԵՈՐԳԻ ԲՈՎՏ, gazeta.ru