«Դակվելու» է հերթական թեկնածուն

13/06/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Նախորդ շաբաթվա վերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԿԲ նախագահի պաշտոնի համար խորհրդարանին է ներկայացրել Արթուր Ջավադյանի թեկնածությունը: 44-ամյա Արթուր Ջավադյանը 2003թ. ԿԲ նախագահի տեղակալն է: «ԿԲ-ն շարունակելու է կոշտ դրամավարկային քաղաքականությունը եւ գնաճի դեմ պայքարը: ԿԲ-ն շարունակելու է ազատ լողացող փոխարժեքի եւ ֆինանսական կայունության քաղաքականությունը»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԿԲ նախագահի թեկնածուն: ԱԺ-ն այս նստաշրջանում Ա. Ջավադյանին ընտրելու է ԿԲ նախագահ: Թեեւ դա պայմանականորեն կարելի է «ընտրություն» անվանել, քանի որ, ամենայն հավանականությամբ, նա կլինի այդ պաշտոնի միակ թեկնածուն: Իսկ մինչ քվեարկությունը, ԿԲ նախագահի թեկնածուն երեկ ԱԺ-ում հանդիպումներ է ունեցել խմբակցությունների հետ: Թեեւ քվեարկությունը լինելու է փակ-գաղտնի, այնուամենայնիվ, կոալիցիոն ուժերը ներկայացնող խմբակցություններն արդեն որոշել են «կողմ» քվեարկել Ա. Ջավադյանի թեկնածությանը: Իսկ Ա. Ջավադյանի հետ հանդիպման ժամանակ պատգամավորները բարձրացրել են հիմնականում դոլար-դրամ փոխարժեքին եւ գնաճին վերաբերող հարցեր:

«Մյուս կարեւոր հանգամանքը ֆինանսական շուկաների զարգացման այն տեսլականն է, որ ներկայացվում է: Եթե մենք իսկապես ուզում ենք ֆինանսական ծառայությունների կենտրոն դառնալ, համենայնդեպս, այսօրվա գործող օրենսդրության շրջանակներում եւ մոտեցումներին համապատասխան, դա շատ հեռավոր ու մշուշոտ ապագա է: Ես պետք է գոնե ինձ համար պարզեմ, թե Ա. Ջավադյանն ի՞նչ փոփոխություններ է տեսնում Հայաստանը ֆինանսական կենտրոն դարձնելու ճանապարհին, հետո նոր իմ դիրքորոշումը կձեւավորվի»,- ԱԺ-ին ներկայացված թեկնածուի մասին իր վերաբերմունքն այսպես արտահայտեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Հանդիպել ենք պարոն Ջավադյանի հետ, հայտարարել ենք, որ պաշտպանելու ենք նրա թեկնածությունը: Խնդրել ենք պարզաբանումներ տալ դոլար-դրամ հարաբերության մասով: Պատասխանել է, թե շարունակելու է լողացող կուրսի քաղաքականությունը: Թեթեւ տատանումներ կարող են լինել, բայց լուրջ տատանումների դեպքում ԿԲ-ն պայքարելու ռեսուրսներ ունի»,- Ա. Ջավադյանին գնահատելու մեր խնդրանքին ի պատասխան՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Սաֆարյանը: «Մենք հարցեր ունեինք դոլար-դրամ քաղաքականության, ոսկու պաշարների վաճառքի, գնաճի խնդրի հետ: Ցանկալի կլիներ, որ մենք ունենայինք ավելի պատկերացնելի ծրագրեր»,- նույն հարցին ի պատասխան՝ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը: Իսկ «Ժառանգությունը» Ա. Ջավադյանի թեկնածության քվեարկության ժամանակ միասնական դիրքորոշում արտահայտելու որոշում չի կայացրել եւ, ինչպես երեկ երեկոյան մեզ հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, յուրաքանչյուրը քվեարկելու է «իր խղճի մտոք»: «Մենք միշտ դեմ ենք եղել դրամ-դոլար տատանումներին, որը քաղաքական կոալիցիայի ձեւավորվելուց հետո կայունացել է»,- Ա. Ջավադյանի թեկնածությունը, մեղմ ասած, դրական գնահատելով՝ ասաց ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը, ով նախընտրական շրջանում հետեւելով իր կուսակցական ղեկավար Արթուր Բաղդասարյանին՝ սրտակեղեք հայտարարություններ էր անում այն մասին, թե ինչպես է ԿԲ-ն «թալանում խեղճ ժողովրդին»: «Նրա գործունեությունը մեզ ծանոթ է, նոր մարդ չէ այդ համակարգում: Եվ խմբակցությունը որոշեց պաշտպանել նրա թեկնածությունը»,- սա էլ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի գնահատականն է: