«Թեկուզ 20 տարի պահեն…»

13/06/2008

Երեկ լրացավ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի ազատազրկման ժամկետը` 1.5 տարին: Առավոտյան նա ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:

«Շնորհակալություն եմ հայտնում առաջին հերթին լրագրողներին, որոնք այս մեկուկես տարվա ընթացքում, ի հեճուկս իշխանությունների, մեր խոսքը հասցրին ժողովրդին»,- իրեն ողջունելու եկած մի քանի տասնյակ մարդկանց դիմելով` ասել է Ժ. Սէֆիլյանը: Նրան հարցրել են, թե ինչով է մտադիր զբաղվել: «Նույն գործով, որ զբաղվում էինք մինչեւ ապօրինի ձերբակալումը: Ուզում են՝ 2 տարի պահեն, 20 տարի պահեն` դրանից ոչինչ չի փոխվի: Իրենք թող մտածեն իրենց մասին…»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ ասել է նախկին ազատամարտիկը: Հիշեցնենք, որ Ժ. Սէֆիլյանը Լիբանանից Հայաստան է տեղափոխվել 1990 թվականին եւ ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով երեք անգամ դիմել է Հայաստանի իշխանություններին: Երեք անգամ էլ նա մերժում է ստացել: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե երբ է կրկին դիմելու իր քաղաքացիության հարցով, Սէֆիլյանը պատասխանել է, թե այդ իմաստով «գնդակը հակառակորդի դաշտում է գտնվում»: «Ես կարծում եմ, վերջ ի վերջո, դրական արդյունք պիտի ունենա, բայց հիմա կանեն դա (այս իշխանությունները), թե չեն անի, դա իրենց գործն է: Վերջ ի վերջո մեր երկրի իրավական նախագահը, ես կարծում եմ, դա անելու է… Աշխարհում նախադեպը չի եղել երեւի, որ ինչ-որ պետության զորամասի հրամանատար չունենա քաղաքացիություն»,- հայտարարել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը: Անդրադառնալով իրեն ՀՀ-ից արտաքսելու հավանականությանը (hիշեցնենք, որ մայիսին Ոստիկանությունը միջնորդություն էր ներկայացրել` Ժիրայր Սէֆիլյանի արտաքսման գործընթացը սկսելու վերաբերյալ, բայց վարչական դատարանը հետ էր վերադարձրել այն), Ժ. Սէֆիլյանն ասել է. «Եթե հետեւենք այս ռեժիմի քայլերին, ապա կնկատենք, որ ամեն մի քայլը մյուսից անհեթեթ է… Եղան խայտառակ, թող իրենք որոշեն` շարունակելո՞ւ են մնալ խայտառակության մեջ, թե՞ ոչ: Մենք մեր գործը ունենք` միասին վերջ ի վերջո կերտելու ենք մեր պատկերացրած պետականությունը»: Ի դեպ, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից Սէֆիլյանն անմիջապես ուղեւորվել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու իր զոհված մարտական ընկերների շիրիմներին։