«1609 բանաձեւի հերթական թռչնակը»

13/06/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԱԺ գարնանային վերջին քառօրյայի օրակարգում ընդգրկվել են երեք օրինագծեր, որոնք առաջին հայացքից վերաբերում են ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի պահանջների կատարմանը: Եվ չնայած այդ օրինագծերի քննարկումն ու ընդունումը ներկայացվելու է որպես ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջների կատարում, իրականում դրանց բովանդակությունը հեռու է բանաձեւի պահանջներից:

Դրանցից առաջինը՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ԱԺ անցած նստաշրջանում ընդունվեց առաջին ընթերցմամբ: Հիշեցնենք, որ ԱԺ-ն որպես ԵԽ ԽՎ բանաձեւի կատարմանն ուղղված քայլ՝ մայիսին որոշեց մասամբ «մեղմացնել» այդ օրենքում մարտի 17-ին կատարած սահմանափակումները: Հենց այդ մասնակի փոփոխություններն էլ վերջնականապես կընդունվեն այս նստաշրջանում: Հետընտրական իրավիճակից բխող մյուս երկու օրինագծերից մեկը վերաբերում է մարտի 1-ի իրադարձություններն եւ դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, մյուսը` ԱԺ կանոնակարգ-օրենքում կատարվելիք հերթական փոփոխություններին: Հենց վերջին օրինագիծն էլ երեկ քննարկվում էր ԱԺ-ում: Իրականում ԵԽ ԽՎ պահանջների կատարման տպավորություն ստեղծելու համար կոալիցիոն բոլոր 4 ուժերի ներկայացուցիչների հեղինակած այս նախագիծը ներկայացվում է որպես ընդդիմության լիազորությունների ավելացմանն ուղղված քայլ: Օրինագիծը նախ սահմանում է «ընդդիմադիր խմբակցություն» հասկացությունը: Ըստ այդմ, ընդդիմադիր է համարվում այն խմբակցությունը, «որի ղեկավարը կամ քարտուղարը, մինչեւ նորակազմ կառավարության ծրագրին ԱԺ-ի կողմից հավանություն տալը, ԱԺ նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ, եւ նորակազմ կառավարության կազմում խմբակցությունը ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անդամ ընդգրկված չէ»: Այս օրինագծով ԱԺ ընդդիմությունն իրավունք կունենա հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ քառօրյա նիստերից մեկում քննարկման դնել իր կողմից արտահերթ գնահատված մեկ հարց: Ընդդիմադիր պատգամավորները, հերթագրվելու փոխարեն, նաեւ Կառավարությանը հարցերով դիմելու առաջնահերթ հնարավորություն կունենան: Իսկ հայտարարությունների ժամանակ ընդդիմադիրները հանդես կգան, այսպես ասած, «մեկումեջ»: Այսինքն` եթե ներկայումս ընդդիմադիր պատգամավորները հերթագրվում եւ սպասում են իրենց հերթին, ապա այս փոփոխությունից հետո կհերթագրվեն, բայց հայտարարություն կանեն իշխանական յուրաքանչյուր պատգամավորից հետո: Ինչպես հայտնի է, որպես կանոն՝ ԱԺ նիստերի ժամանակ կոալիցիոն խմբակցությունների պատգամավորները մեծ կազմով հերթագրվում են, որպեսզի ընդդիմությանը հարցեր տալու կամ հայտարարություն անելու հերթ չտան: Եվ մեծամասամբ նրանց հարցերն ու հայտարարությունները լինում էին ձեւական բնույթի, պարզապես ժամանակ սպառելու եւ ընդդիմությանը հերթ չտալու համար: Ահա այս փոփոխությունը մասամբ լուծում է ընդդիմության արտահայտվելու խնդիրը: Օրինագծում կա նաեւ համեմատաբար ավելի «ծանրակշիռ» կետ, որը, իսկապես, ԱԺ-ում որոշակիորեն կարող էր բարձրացնել ընդդիմության դերը: Առաջարկվում է հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահել խմբակցություններին: Ներկայումս թեկնածու կարող են առաջադրել պատգամավորները: «Այս փոփոխությունը հնարավորություն կտա ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերին, այդ թվում՝ եւ ընդդիմադիր խմբակցություններին, հստակ կանոններով միմյանց միջեւ բաշխել մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնները, ինչը փոքրաթիվ ընդդիմադիր խմբակցությունների համար այդ կարեւոր պաշտոններում ներկայացուցիչ ունենալու կայուն երաշխիք է»,- նշեց օրինագիծը ներկայացնող, դրա համահեղինակ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Սակայն այս փոփոխությունը նախագծի հեղինակներն առաջարկել են կիրառել ոչ թե օրենքն ընդունելուց` այս քառօրյայից հետո, այլ՝ միայն հաջորդ գումարման ԱԺ-ի համար: Ըստ Դ. Հարությունյանի, օրենքի կիրառման այս ժամկետը պայմանավորված է «շահարկումներից խուսափելու» մղումով: Այսինքն` եթե այս փոփոխությունը կիրառվեր այսօր, ապա արդեն կոալիցիոն խմբակցությունների անդամ հանձնաժողովների նախագահներին կամ նրանց տեղակալներին կարող էին փոխարինել ընդդիմադիրները: Իսկ կոալիցիայում, ինչպես հայտնի է, առանց այդ էլ «պաշտոնների դեֆիցիտ» կա:

ԱԺ միակ ընդդիմադիր՝ «Ժառանգություն» խմբակցությունը հանդես եկավ այս օրինագծի սուր քննադատությամբ: Խմբակցության պատգամավորների կարծիքով՝ այս օրինագիծը գրեթե ոչինչ չի տալու իրենց, որովհետեւ լիազորությունների սահմանափակումն ըստ էության մնալու է, լծակներ՝ որպես այդպիսին, խորհրդարանական ընդդիմությունը չի ունենալու: «Այս դեպքում նույնպես խորհրդարանական ընդդիմությունը համալիր ձեւով վերահսկողական ֆունկցիա իրականացնելու եւ իշխանություններին այլընտրանք հանդիսանալու լծակներ չի ունենա, ինչպես նաեւ՝ չի կարողանա ԱԺ որոշումների վրա որոշակի ազդեցության հնարավորություն ունենալ: Այս օրինագծի միակ դրական կողմն այն է, որ վերջապես կարեւորվեց այն հասկացողությունը, թե խորհրդարանական ընդդիմությունը բավականին կարեւոր տարր է իշխանության համակարգում, եւ անհրաժեշտ է, որ նրա լիազորությունները լինեն այնպիսին, որպիսին թույլ կտա ամբողջ ծավալով իրականացնել համապատասխան այլընտրանքային աշխատանքներ»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Բնականաբար, օրինագծի հեղինակներն իրենց նախաձեռնած փոփոխությունների մեջ չէին ներառել «Ժառանգություն» խմբակցության` շաբաթներ առաջ ներկայացրած` ընդդիմությանը ԱԺ փոխոսնակի, վերահսկող ֆունկցիա ունեցող հանձնաժողովների ղեկավարների պաշտոնները վերապահելու, հատուկ դատախազի ինստիտուտ ստեղծելու առաջարկները: Դ. Հարությունյանի խոսքերով, ԱԺ-ն ներկայումս պատրաստ չէ ընդդիմությանը փոխխոսնակի պաշտոն տալ: Մյուս առաջարկների մասին նա ոչինչ չասաց: Իսկ «Ժառանգությունը»՝ կողմ լինելով ընդդիմությանն ավելի լայն հնարավորություններ տալու գաղափարին, համարում է, որ դա պետք է արվի ոչ թե ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելով, այլ ընդդիմության մասին առանձին օրենքի ընդունմամբ: «ԱԺ կանոնակարգ-օրենքում չես կարող ներառել այն սահմանը, որը ենթադրում է արտախորհրդարանական ընդդիմություն: Չէ որ ընդդիմություն կա, որը խորհրդարանում ներկայացված չէ: ԱԺ կանոնակարգ-օրենքով չես կարող լուծել Վերահսկիչ պալատի նախագահի, հատուկ դատախազի, ՀՌԱՀ-ի նախագահի եւ այլ հարցեր, որոնք մենք առաջարկել էինք: Սրանք ընդամենը կոսմետիկ փոփոխություններ են, բնականաբար, հերթական թռչնակը 1609 բանաձեւի որեւէ կետի կողքը նկարելու համար»,- ասում է Ա. Մարտիրոսյանը: Իսկ իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները, բնականաբար, այս օրինագիծը համարում են «աննախադեպ»: Այս եւ ԵԽ ԽՎ բանաձեւի կատարման հետ կապված նշված երկու օրինագծերն ԱԺ-ն կքննարկի եւ կընդունի այսօր եւ առաջիկա երկու օրերին: