«Այդ տխրահռչակ հոդվածը` «Պատերազմ, թե խաղաղություն», ամփոփիչ ներկայացումն էր իր ամբողջ յոթ տարվա քաղաքականության: Պետք է ցավով ասել, որ 1990-ականների սկզբին ժողովուրդը ձայնը տվել է այն նախագահին, ով գործընթացը տանում էր դեպի տապալում: 10 տարվա ընթացքում մենք պահպանել ենք ամենակարեւոր սկզբունքը` Արցախի ժողովրդի իրականացրած՝ իրեն անբաժանելիորեն պատկանող ինքնորոշման իրավունքը: Դա հաշվի չառնել հնարավոր չէ: 10 տարի մենք մի թիզ հող չենք կորցրել, 10 տարվա ընթացքում Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ բնակչությունը խաղաղ կյանք է վարում, հարսանիք է անում, եւ դա հաշվի չառնել, ուրանալ, տվյալ դեպքում սխալ է»,- երեկվա ասուլիսում` պատասխանելով ընդդիմադիր գործիչների հայտարարություններին, թե նախորդ 10 տարիներին ԼՂՀ հարցում նահանջ է արձանագրվել, ասել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Իսկ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը նկատել է, թե անցած 10 տարիներին է առաջին անգամ, սկսած Պրահայից, արձանագրվել, որ հարցի կարգավորման հիմքում միջնորդները տեսնում են Հելսինկյան եզրափակիչ ակտի երկու սկզբունքներ` տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի: Ըստ նրա` «Պրահյան» գործընթացով ամրագրվել է եւս մեկ հանգամանք, որ շատ կարեւոր են ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, եւ դա ոչ միայն կարգավիճակն է, այլ՝ որ ԼՂՀ-ն պետք է ունենա հուսալի կապ Հայաստանի հետ: «Այդպիսի մոտեցումներ նախորդ փուլում չեն եղել: Եթե խոսելու լինենք բացթողումների մասին, պետք է արձանագրել, որ Ադրբեջանի քարոզչամեքենան ակտիվ է գործել: Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի եղել նախահարձակ, այլ՝ պաշտպանողական: Իսկ այս ժամանակահատվածում եղած բացթողումները պայմանավորված են նախորդ ժամանակահատվածով»,- ասել է Շ.Քոչարյանը: