Հավատարիմ մարդասիրական սկզբունքներին

13/06/2008

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ հինգ քաղաքացիների վերադարձման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

«Մեր քաղաքացիները թող հանգիստ լինեն, քանի որ ի վերջո վերադառնալու են իրենց հայրենիք»,- հայտարարել է Ս. Օհանյանը: Պաշտպանության նախարարը եւ ընդհանրապես ռազմական ոլորտի ներկայացուցիչներն անհեթեթ են համարում ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, թե իբր չորս հայ գերիները դիվերսանտներ են: Երեկ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է նաեւ, որ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսի հետ հանդիպման ժամանակ իր անհանգստությունն է արտահայտել հայ գերիների հետագա ճակատագրի համար: Վերջինս նույնպես արտահայտել է մեծ անհանգստություն այդ հարցի շուրջ: Հիշեցնենք, որ այդ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը հյուրի ուշադրությունն էր հրավիրել ներկայումս հինգ ՀՀ քաղաքացիների (չորս քաղաքացիական անձանց եւ մեկ ժամկետային զինծառայողի)` ադրբեջանական կողմում գտնվելու, նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի եւ կտտանքների ենթարկելու փաստին, ինչը դժվարացնում է մեր դիրքորոշման որոշակիացումը Ադրբեջանի քաղաքացու հայրենադարձման հարցում: Ս. Օհանյանը հայցել է Ջ. Ռեյնոլդսի աջակցությունը` նախ մեր հայրենակիցների հանդեպ կտտանքները դադարեցնելու եւ ապա՝ նրանց՝ Ադրբեջանի վերոնշյալ քաղաքացու հետ փոխանակելու հարցում: ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հայկական կողմը մշտապես պահպանել է հավատարմությունը մարդասիրական սկզբունքներից բխող բարի կամքի դրսեւորումներին: Երեկվա ասուլիսում Ս. Օհանյանն անդրադարձել է նաեւ բանակին առնչվող խնդիրներին, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը: «Զինված ուժերի զարգացման պլանի համաձայն, ուսումնասիրությունների, փորձի փոխանակումից հետո բրիգադային գումարտակն ամբողջությամբ կհամապատասխանեցվի ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- հայտարարել է պաշտպանության նախարարը:

Ըստ նրա, այդ չափանիշներին այսօր համապատասխանում է միայն բրիգադային գումարտակի հանդերձանքը: Խոսելով սահմանամերձ ճանապարհների մասին, Սեյրան Օհանյանը դրանք գնահատել է՝ որպես անմխիթար: Նա նշել է, որ ելնելով այդ ճանապարհների ռազմավարական նշանակությունից, իրենք անմիջական կապ ունեն դրանց հետ: Ս. Օհանյանը վստահեցրել է, որ կառուցման եւ վերանորոգման ժամանակ իրենք հայտնում են իրենց կարծիքը: «Առաջիկայում սահմանամերձ շրջանների դիրքերն ավելի են ամրապնդվելու: Պլանային աշխատանքի հետ զուգահեռ՝ շարունակվելու են դիրքերի ամրապնդման եւ ավելացման աշխատանքները, որի ընթացքում համապատասխան առաջարկություններ կձեւավորվեն ու կքննարկվեն»,- ասել է պաշտպանության նախարարը, ավելացնելով` «սահմանամերձ բնակավայրերի բնակչության նկատմամբ պետք է համապատասխան ուշադրություն ձեւավորենք»: Նա նշել է նաեւ, որ այս տարի իրականացնելու են երկրորդ հրաձգային գումարտակի ձեւավորման աշխատանքները, որոնք ավարտվելուց հետո համապատասխան հիմքեր կստեղծվեն հաջորդ տարի մյուս ստորաբաժանումների ձեւավորման համար:

Նշենք, որ Հայաստանում անմիջապես սահմանի հետ առնչվող 26 բնակավայր կա. 21-ը՝ Տավուշի մարզում, 5-ը` Եղեգնաձորում: