Աշխատելու են մոտեցնել

13/06/2008

Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղարը երեկ Բաքվում հայտարարել է, որ ԼՂՀ հակամարտության տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը ծրագրվում է ընթացիկ ամսվա վերջին շաբաթվա ընթացքում: Մեկնաբանելով հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքները, նա ասել է, որ պետությունների ղեկավարները «համապատասխան հանձնարարություններ են տվել իրենց երկրների ԱԳ նախարարներին, որպեսզի նրանք աշխատեն կողմերի դիրքորոշումները մոտեցնելու վրա»: Ըստ նրա` երկու նախագահների հանդիպումը եղել է զուտ ճանաչողական, եւ առայժմ վաղ է տեղաշարժերի մասին կոնկրետ բան ասելը: «Բայց, հաշվի առնելով այն, որ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան, մենք նրանց այցից հետո գուցեեւ կարողանանք ինչ-որ նոր բան ասել»,- նշել է նա` հավելելով, թե ներկայումս ոչ հակամարտության կողմերից եւ ոչ էլ Մինսկի խմբի համանախագահներից հակամարտության կարգավորման նոր առաջարկություններ չկան: Խոսելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման մասին՝ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակն ասել է, թե Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է «ինքնավարության ամենաբարձր կարգավիճակը տրամադրել ԼՂ-ին»: