Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ ամիս: Հայկական կողմն արդեն ֆիլմի նկարահանման պայմանագիր է կնքել իսպանական «Բազ բիզնես» ընկերության հետ, որի ներկայացուցիչները նախապատրաստական աշխատանքների նպատակով արդեն մի քանի անգամ այցելել են Հայաստան: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ, իսկ հաջորդ տարի այն արդեն կցուցադրվի միջազգային հեղինակավոր հեռուստաալիքներով: Ըստ նրա` ֆիլմի նպատակը միջազգային հանրությանը Հայաստանի զբոսաշրջային վայրերը ներկայացնելն է: Մ. Ապրեսյանի հավաստմամբ` ֆիլմի սցենարի ընտրության հարցը քննարկվել է մասնավոր հատվածի եւ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, եւ մինչ օրս էլ ընդունվում են նոր առաջարկություններ: Հիշեցնենք, որ այդ ֆիլմի համար պետբյուջեից հատկացվել է 225.000 եվրոյին համարժեք դրամ: