«Մեզ որեւէ մեկը քարշ չի տվել ԵԽ»

13/06/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեկ առավոտյան «Վարդաշեն» քկհ-ից ազատ արձակված Ժիրայր Սէֆիլյանին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը երեկ դեռ չէր հանդիպել:

Ս. Սուրենյանցը երեկվա ասուլիսում հույս հայտնեց, որ շուտով իրենց բոլոր ընկերները կլինեն ազատության մեջ՝ միաժամանակ նշելով, որ իրենց ընկերների՝ դեռեւս ձերբակալված լինելու հանգամանքը ոչ մի կերպ չի անդրադառնա ընդդիմության՝ հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքի վրա: «Մեր ընկերները պատանդ են պահվում, եւ եթե իշխանությունները կորոշեն մինչեւ ամսի 20-ը մեզ հետ խոսել վերջնագրերի լեզվով, մենք հանրահավաքը շատ ավելի վճռական, կոշտ ու հրապարակային քաղաքական շեշտադրումներով կանենք: Բայց հույս ունեմ, որ իշխանություններն այնքան խոհեմ կգտնվեն, որ մինչ այդ եւ՛ քաղբանտարկյալները ազատ արձակվեն, եւ՛ հանրահավաքը լինի արտոնված»,- ասաց նա` տեղեկացնելով, որ իրենք երեկ պաշտոնապես դիմել են Երեւանի քաղաքապետարան` հանրահավաքն արտոնելու դիմումով: Իսկ հանրահավաքը կարտոնվի՞, թե՞ ոչ, ըստ Ս. Սուրենյանցի, միայն ու միայն իշխանությունների խնդիրն է, հանրահավաքը, բոլոր դեպքերում, կայանալու է: «Որեւէ քաղաքապետ կամ ոստիկան չի կարող որոշել` ես հանրահավաք անե՞մ, թե՞ ոչ: Դա իմ սահմանադրական իրավունքն է: Ուղղակի, եթե արտոնեն, լրիվ այլ իրավիճակ կստեղծվի, ես կհամարեմ, որ իշխանությունները մեկ քայլ առաջ են անում` իրական երկխոսության կայացման եզրին, որ Սերժ Սարգսյանը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի արատավոր համակարգի մենեջերն է, այլ ՀՀ նոր նախագահը»,- ասաց նա: Անդրադառնալով ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջների կատարմանը` Ս. Սուրենյանցը նշեց, որ բանաձեւի 3 հիմնարար պահանջները կամ թերի են կատարվել, կամ ընդհանրապես չեն կատարվել: «Առայժմ ազատ են արձակվել 8 քաղկալանավոր, որոնցից մեկը ես եմ: Փոխված է ընդամենը խափանման միջոցը, մենք շարունակում ենք մնալ մեղադրյալ, քրեական հետապնդումն իմ եւ ընկերներիս մասով չի դադարեցվել: Հանրահավաքների մասին օրենքում փոփոխությունները ոչ թե վերանայվել են, այլ ենթարկվել որոշակի կոսմետիկ փոփոխությունների, օրենքը չի եկել նախնական տեսքին: Եվ անկախ հանձնաժողովի ստեղծումը, որը պիտի զբաղվեր մարտի 1-ի դեպքերի անաչառ ուսումնասիրությամբ: Այս հարցով նույնպես ոչինչ արված չէ: ԱԺ-ում որոշել են, որ պիտի ձեւավորվի ժամանակավոր հանձնաժողով, որտեղ ընդդիմությունը պիտի ունենա 2 տեղ` այն էլ խորհրդակցական ձայնի իրավունքով: Որեւէ լուրջ ընդդիմադիր չի պատրաստվում գնալ այդ հանձնաժողով, եւ տեսնել, թե ինչպես են պատգամավորները պարտակում Դատախազության կամ Ոստիկանության գործած հանցագործությունները: Այդ հանձնաժողովը ստեղծվեց, երբ այս կամակատար պետական համակարգում հայտնվեց օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, ով համարձակվեց քաղաքացիական դիրքորոշումներ հայտնել»,- ասաց նա: «Հիմա էլ ցինիզմով հայտարարում են, թե ԵԽ-ի այս պահանջը բխում է մեր ազգային շահերից, մյուսը հակասում է եւ այլն: Մենք ինքնակամ ենք դարձել ԵԽ անդամ եւ պարտավոր ենք հարգել այնտեղ ընդունված խաղի կանոնները: Մեզ որեւէ մեկը քարշ չի տվել Եվրախորհուրդ»,- ասաց նա: Անդրադառնալով այս օրերին քննարկվող՝ ընդդիմության լիազորություններն ավելացնելու մասին օրինագծին` Ս. Սուրենյանցը նշեց, որ իշխանություններն ընդդիմության լիազորություններն ավելացնել ասելով՝ հասկանում են հետեւյալը. «Ասեն` տղերք, եկեք ձեզ էլ մի պաշտոն տանք, դուք էլ «պադավատ», ընդունարաններ, քարտուղարուհի կունենաք: Բայց դա տարբերակ չի: Ընդդիմության մասին լավագույն օրենքը կլիներ ԱԺ լուծարումը, որպես անգործունակ, գործադիր իշխանության կրնկի տակ գտնվող մարմին, որը բազմաթիվ հանցագործություններ է կատարել որպես կոլեկտիվ մարմին: Թեկուզ արտակարգ իրավիճակի պայմաններում իրենց գործընկերների ձերբակալություններին այդքան ստրկահաճո համաձայնություն տալը»,- ասաց նա: Ս. Սուրենյանցի խոսքով` քրեական գործերը, որոնց հիման վրա մարդիկ են ձերբակալվել, հարուցվել են ԱԱԾ Քննչական վարչությունում` փետրվարի 24-ին` իշխանության յուրացման հատկանիշով: Մի քանի տարբերակներից Ս. Սուրենյանցն ամենահավանականը համարում է այն, որ իրականում ԱԱԾ-ում այդ քրեական գործը հարուցելով` «մարտի 1-ի սպանդի քաղաքական որոշումն է կայացվել»: «Իրենք որեւէ այլ տարբերակ չունենալով իշխանությունը պահելու` փետրվարի 24-ին որոշում են կայացրել խաղաղ ցուցարարների դեմ իրականացնել քաղաքական ահաբեկչություն»,- ասաց նա` նշելով, որ մարտի 1-ի դեպքերի քաղաքական եւ իրավական պատասխանատվությունը կրում է Ռ. Քոչարյանը: «Կան նաեւ ծառայությունների ղեկավարներ, որոնք կատարել են հանցագործություններ` նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը եւ նրա տեղակալները, Պահպանության պետական ծառայության նախկին պետ Գրիշա Սարկիսովն ու նրա ենթակաները»,- հայտարարեց Ս. Սուրենյանցը: