Արշիլ Գորկու դուստրը

22/05/2005

«Ես հիշում եմ, թե ինչպես էի նկարում հորս կտավների ետեւում: Իսկ մի
անգամ, երբ որոշեցի հենց իր նկարածը շարունակել, հայրս ինձ դուրս հանեց իր
արվեստանոցից»: Արշիլ Գորկին մահացավ, երբ Մարոն հինգ տարեկան էր, բայց
հիշողությունները չմոռացվեցին եւ մեծ ազդեցություն ունեցան՝ կյանքի իր
ուղին Մարոն կապեց նկարչության հետ: Արշիլ Գորկու ողբերգական
ինքնասպանությունից հետո Մարոյի մայրը իր երկու դուստրերի հետ Եվրոպա
մեկնեց: Լոնդոնում Մարո Գորկին սովորեց հեղինակավոր Slade Scool of Art
դպրոցում, որն ավարտեց 1965 թվականին: Նա ուսումնասիրել է վաղ Վերածննդի
նկարիչների գործերը, շփվել Պաբլո Պիկասոյի, Խուան Միրոյի եւ Պոլ Կլեեի
հետ: Իսկ անգլիացի քանդակագործ Մեթյու Սպենդերի հետ ամուսնանալուց հետո
Մարո Գորկին որոշեց թողնել աղմկոտ Լոնդոնն ու տեղափոխվեց գյուղական վայր՝
գեղատեսիլ Տոսկանա: Այնտեղ մեծացել են Արշիլ Գորկու երկու ծոռնուհիները՝
Կոսիման ու Սասկիան: Եվ այնտեղ ծնվել են Մարո Գորկու բազմաթիվ
բնապատկերները եւ բնության ու արվեստի միաձուլումից ստեղծվել է նրա
նկարչական ոճը: Յուրաքանչյուր կտավում գլխավորը հողն է, եւ հողի հետ են
կապված նրա բոլոր երազանքները: Մարո Գորկու ամեն նոր օրը սկսվում է այգում
աշխատելով, նա մեծ սիրով խնամում է 32 ակրանոց իր այգում գտնվող խաղողի
վազերը եւ ձիթապտղի ծառերը: «Դու սովորում ես՝ ինչպես ձեւավորել, խնամել
ծառերը, կտրել նրանց չորացած ճյուղերը, եւ այդ պրոցեսը արվեստի է նման:
Գեղեցիկ հյութեղ թթենին, կեռասը կամ կիտրոնի ծառն ամեն օր ես տեսնում եմ
իմ առջեւ: Այդ պատկերը նման է բնիկների նկարների, որոնց ստեղծած քարտեզով
էլ ես ուղղորդվում եմ: Ես տեսնում եմ իրերը մեկը մյուսի ետեւից իրենց
տարածական շփման մեջ», – ասում է Մարո Գորկին: Իր աբստրակտ բնապատկերները
շրջապատի հյութեղ արտացոլումն են: Մարո Գորկին իր կապը հողի հետ
նախընտրում է երկրաչափական ծավալներով եւ հնչեղ գույներով պատկերել: Նրա
արվեստում նկատվում է կուբիստների եւ ֆովիստների ազդեցությունը: «Մարոն
նկարում է աշխարհը այնպես, ինչպես զգում է,- ասում է նրա ամուսինը։ -Նա չի
ջանում ստեղծել հուզական այլաբանություններ, ինչպես արել է նրա հայրը:
Մարոյի գործերը ակնթարթային զգացմունքներ են եւ թարգմանության ու
բացատրության կարիք չունեն»: 25 տարվա ընթացքում Մարո Գորկին միայն
Եվրոպայում է ցուցադրվել: ԱՄՆ-ում նրա առաջին ցուցադրությունը կայացել է
մի քանի ամիս առաջ S.B. Fine Art of Beverly Hills ցուցասրահում, որի տեր
եւ հիմնադիր Սիլվա Պզտիկյանը Մարո Գորկուն շատ բարձր է գնահատում:
«Նկարչությունը Մարո Գորկու համար ինքնաբացահայտման է նման: Նրա պարզեցված
ոճը շրջապատի բազմագունության տրանսֆորմացիան է՝ լի գեղեցիկ գույներով եւ
ծավալներով, որոնց մեջ խաղի եւ հիացմունքի տարրեր կան: Մարո Գորկին
անցյալի կապը վերականգնելու մեծ ցանկություն ունի եւ միաժամանակ ինքն իրեն
ողջ աշխարհի քաղաքացի է համարում: Նա համոզված է, որ յուրաքանչյուր մարդ
պատասխանատու է իր հողի համար: Եվ միշտ հիշում է, որ իր հոր շնորհիվ է
նկարիչ դարձել»,- ասել է Ս.Պզտիկյանը: Իսկ Մարո Գորկու աշխատանքներին
ամերիկացիները կարող են ծանոթանալ նաեւ մայիսի 18-27-ը Կալիֆոռնիա նահանգի
Վեսթ Հոլիվուդ քաղաքում:

Ըստ «Mosaix»-ի՝ պատրաստեց Ն. ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ