Տարօրինակ է, բայց եթե այսօր մեր երկրի կյանքում կա պետության որեւէ նախատիպ, ապա դա երթուղային տաքսին է: Եվ այսպես, Երրորդ Հանրապետությունն այսօր նման է երթուղայինի, եւ ահա թե ինչ չափանիշներով.
Երթուղայինը, որով մենք ամեն օր երթեւեկում ենք, բոլորի համար հավասար ծառայություններ չի ենթադրում. ոմանք հնարավորություն ունեն նստած երթեւեկելու, ոմանք` ոչ: Վերջիններս պետք է տեղ տան նոր նստողներին: Այսպիսով, ոմանք նույն գնի դիմաց նստելու տեղ ունեն, ոմանք`չունեն:
Երթուղայինը կեղտոտ սրահով մեքենա է, քանի որ այն սոցիալական վերգետնյա փոխադրամիջոց է: Ահա թե ինչպիսի անհարգալից վերաբերմունք ունեն իշխանությունները սոցիալապես անապահով խավի նկատմամբ: Մենք երթուղայիններին ենք տալիս ամենաթանկ բանը` մեր կյանքն ու առողջությունը` առանց գիտակցելու, որ այդքան հին ու մաշված մեքենաները, հոգնած, դյուրագրգիռ ու նյարդային վարորդներն ի վիճակի չեն մինչեւ վերջ երաշխավորելու անվտանգ երթեւեկությունը:
Երթուղային տաքսին բավականին էժան փոխադրամիջոց է, սակայն այն բացարձակ հարմարեցված չէ միլիոնանոց քաղաքում ուղեւորների նման մեծ հոսքի կարիքները բավարարելու համար: Այստեղից էլ գալիս են գերծանրաբեռնվածությունը, խցանումները:
Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մարդաբաններն ու հոգեբանները եկել են այն եզրակացության, որ մարդու հասակի աճն ուղղակիորեն կախված է սոցիալական միջավայրից: Այսինքն` երբ մարդը գտնվում է երթուղային տաքսու մեջ եւ նստելու տեղ չունի (իսկ դա կազմում է 50%), կիսաթեք, անհարմար դիրքն ազդում է նրա գիտակցության եւ հոգեկանի վրա: Նրա հոգեբանական ֆոնը բացասական է դառնում եւ կուտակվելով` վերաճում է բացասական էներգիան դուրս հանելու ենթագիտակցական որոնումների` բողոքի ակցիաների, խռովությունների: Այս բացասական էներգիան ազդում է նաեւ հետագա սերունդների վրա. սերունդը ծնվում է փոքրամարմին, ցածրահասակ, քանի որ նա ստիպված է լինելու ապրել որոշակի պայմաններում, որոնց պարամետրերն արդեն կոդավորված են ծնողների գեների մեջ:
Սոցիալական պլանում երթուղայինը սովորեցնում է, որ դուք պետք է ամբողջությամբ վճարեք ուղեվարձը, թեեւ մյուսների հետ հավասար նստելու տեղ չունեք մեքենայի մեջ: Սա նշանակում է եւս մի բան. վճարման հավասար պայմանների դեպքում դուք կարող եք սեփական տեղ չունենալ այս երկրում, որ կոչվում է Հայրենիք:
Վարորդը գլխավոր դաստիարակն է կամ դիրիժորը մարդկանց այն խմբի, որոնք գնում են որեւէ ուղղությամբ, սակայն ոչ ոք չի կարող բացարձակ վստահ լինել, որ ամբողջ երթուղին սկզբից մինչեւ վերջ կգնա:
Հատուկ դեպք է, երբ ուղեւորը երթուղայինից իջնում է չթույլատրված տեղում` վարորդից թույլտվություն խնդրելով: Այստեղ երկու տարբերակ կա. ա) վարորդը մեծահոգաբար թույլ է տալիս, բ) զայրացած արգելում է: Մեր ժողովուրդը համբերատար է ու միաժամանակ՝ անհամբեր: Իսկ վարորդն այդ ժողովրդի մի մասնիկն է:
Մեքենան վարելիս վարորդը քանի՞ անգամ է խախտում երթեւեկության կանոնները: Բազմաթի՛վ: Դա մտահոգո՞ւմ է արդյոք ներսում գտնվող ուղեւորներին: Արտաքնապես՝ ոչ, որովհետեւ ուղեւորի ողջ նյարդային համակարգը լարված է: Նա վճարում է իր առողջությամբ. ինսուլտների եւ կաթվածների թիվը բավականին մեծ է:
Մաշված, «ձեռքի հետ» վերանորոգված «Ֆորդերի» ու «Գազելների» ներսում՝ վարորդների կամ թե տերերի ժլատության պատճառով տեղադրված են այնպիսի նստատեղեր, որոնք 180 սմ-ից ավելի հասակ ունեցող մարդուն հարմար չեն, իսկ որոշ դեպքերում պարզապես նախատեսված են ոտքեր չունեցողների համար:
Երթուղային տաքսին ցույց է տալիս, թե ինչպես է կարողանում ծանր պայմաններում գոյատեւել հայ ժողովուրդը, ցույց է տալիս, որ նա զուրկ է մարմնի արժանապատվությունից, առանց որի չկա եւ մտքի ու խոսքի արժանապատվություն:
Սակայն սա ժամանակավոր երեւույթ է, քանզի հասարակությունն արագ հասունանում է եւ ցանկանում է դառնալ սեփական կյանքի տերը: Հասարակության ներսում ցանկացած աղետ գալիս է ազգային մտածելակերպի թաքնված հիվանդությունից, այն է` հայերն ամեն ինչի կդիմանան: Կամ` «Երկրի առջեւ ծառացած են չափազանց բարդ խնդիրներ, պետք է դիմանալ»: Կարծում եմ` այս «արդարացումները» քայքայում են հասարակության ամենակարեւոր մեխանիզմները` վստահությունն ու արդարությունը: Իշխանությունը չպետք է խաբի, թե շատ է սիրում ժողովրդին, այն դեպքում, երբ մի կողմից նրանից գողանում է ինչ որ հնարավոր է, մյուս կողմից` քննադատում է նրան եւ արհամարհում ժողովրդի կարծիքը: Իշխանության վերին օղակների պաշտոնյաների մեծ մասը նման է ավտոտեսուչների, որոնց մի փողոցից մյուսն են տեղափոխում. թող այստեղ կանգնի, հեռու լինի մայրուղուց, բայց այդ փողոցներն ու ճանապարհները նույնպես երկրի կառավարման համակարգի մեջ են մտնում: Միգուցե երկրում չկա՞ն ազնիվ ու պրոֆեսիոնալ մարդիկ, որոնց կարելի է ներգրավել առողջացման գործընթացում: Թող այս հարցին պատասխան տան կյանքը եւ ինքը` ժողովուրդը: