Անդրե Բրետոն (1896-1966թթ.)

13/06/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Երեւակայությունն այն է, ինչն իրականություն դառնալու հատկություն ունի:
Անդրե Բրետոն

1996 թվականի փետրվարին ողջ աշխարհը նշեց Անդրե Բրետոնի հարյուրամյակը: Սյուրռեալիզմի նշանակությունը համաշխարհային գրականության եւ ընդհանրապես արվեստի համար վիթխարի է եւ բազում ուսումնասիրությունների եւ հետազոտությունների նյութ է դարձել: Պոպ-արտը, կոնցեպտուալիզմը, նոր վեպը, վեպ-կոլաժը, Ջեքսոն Փոլոքի action-painting-ը, Արեւմտյան Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի մոգական ռեալիզմը, ինչպես նաեւ Ռայմոն Քենոյի, Ժորժ Պերեկի, Էմանուել Կարյերի եւ այլոց լեզվական էքսպերիմենտներում անտեսանելիորեն առկա է սյուրռեալիզմի եւ Անդրե Բրետոնի առյուծաբաշը:

Մեզանում Բրետոնը հայտնի է թերեւս միայն «Սյուրռեալիզմի առաջին մանիֆեստով» եւ հայերեն` «Սյուրռեալիզմը գեղանկարչության մեջ» ծավալուն գիրք-ալբոմից մի քանի հրապարակումներով, ինչպես նաեւ՝ Արշիլ Գորկուն նվիրված իր փայլուն էսսեով, որը, երեւի թե, մինչեւ այսօր Արշիլ Գորկուն նվիրված լավագույն գրվածքներից մեկն է:

Ուշագրավ է 1994 թվականին Մոսկվայի Պետական համալսարանի հրատարակած «Ֆրանսիական սյուրռեալիզմի ծաղկաքաղ. 20-ական թվականներ» գիրքը, որտեղ հայտնվեց Անդրե Բրետոնի եւ Ֆիլիպ Սուպոյի «Մագնիսական դաշտեր» վեպը` «ավտոմատիկ գրի» առաջին նմուշներից մեկը, ինչպես նաեւ՝ Անդրե Բրետոնի «Նադյա» վիպակը (1928թ.): Բրետոնն իր այս վիպակը գրեց, երբ հազիվ կտրվել էր իր հանդիպումների եւ գլխապտույտ զբոսանքների շղթան Փարիզով մեկ մի հիպնոտիկ-հմայիչ աղջկա հետ, ով 1927 թվականի հոկտեմբերին հայտնվեց Բրետոնին այդ ռուսական անվամբ (գարնանն այդ աղջկան տեղավորեցին հոգեկան հիվանդների կլինիկայում): Բրետոնի տրամադրության իռացիոնալ փոփոխություններն իրենց առկայծուն ստվերներն են նետում քաղաքային բնանկարի արտասովոր ուրվանկարների վրա: Գիրքը, որն այդ շրջանում Բրետոնի հոգեկան տարաբնույթ ապրումների նրբին նկարագրությունն է, դարձավ սյուրռեալիստական արձակի դասական գործերից մեկը:

1999 թվականին Card Blansh հրատարակչությունը լույս ընծայեց Ա. Բրետոնի «Սեւ հումորի ծաղկաքաղը»: Վերջապես Բրետոնի անունը հայտնվեց գրքի շապիկին, բայց այն իր գրածը չէր, այլ` կազմածը: Հիշենք Լոտրեամոնի հայտնի նախադասությունը. «Պոեզիան ստեղծում են ամենքը, այլ ոչ թե մի հոգի»: Այսպիսով, «Սեւ հումորի ծաղկաքաղում» Բրետոնը ներկայացնում է 45 հեղինակի, ովքեր քիչ թե շատ հայտնի են` Սվիֆտից, Քերոլից, Ռեմբոյից եւ Լոտրեամոնից՝ մինչեւ Ֆ. Պիկաբիա, Ժ-Վաշե, Բ. Պերե, Լ.Քարինգթոն եւ այլք: Իր ընդարձակ առաջաբանում եւ հատվածական ներածականներում Բրետոնը փայլուն կերպով ցուցադրում է պարադոքսալ տեսաբանի հնարավորությունները:

Ասենք նաեւ, որ Անդրե Բրետոնը բանաստեղծություն-իրերի կամ բանաստեղծություն-օբյեկտների հիմնադիրներից մեկն էր: Դրանք տեքստի եւ պատկերի, կիսաքանդակ-կիսանկար-կիսակոլաժի միաձուլում էին, որոնք ինչ-որ բանով հիշեցնում են Ս. Փարաջանովի աշխատանքները` առարկայական աշխարհի փոխակերպումների վերընթերցում-վերանայումների փորձեր: 1991 թվականին Փարիզում կայացած Բրետոնի «Տեսնում եմ` հետեւաբար երեւակայում եմ» պլաստիկական աշխատանքների ցուցահանդեսի համար հիանալի առաջաբան էր գրել Օկտավիո Պասը:

2002 թվականին Սերգեյ Դուբինի թարգմանությամբ եւ ծանոթագրություններով լույս տեսավ մի ուշագրավ գիրք եւս` Ժակլին Շենյե-Ժանդրոնի «Սյուրռեալիզմ» երկը, ինչպես նաեւ՝ Ալեն եւ Օդետ Վիրմոների «Սյուրռեալիզմի վարպետները» (1996թ.) հանրագիտարանը, «Սյուրռեալիզմը եւ ավանգարդը» (1999թ.) գիրքը եւ Միշել Սանույեյի «Դադան Փարիզում» ստվար հատորը, որտեղ տպագրվել են նաեւ դադաիստական տեքստեր: Ժակլին Շենյե-Ժանդրոնի գիրքը ներկայացնում է սյուրռեալիզմի ընդգրկուն համապատկերը 20-րդ դարի համաշխարհային մշակույթում: Այդ բոլոր գրքերում դուք կարող եք գտնել նաեւ Ա. Բրետոնին առնչվող հետաքրքիր տեղեկություններ եւ տեքստեր:

2003 թվականին Ս.Պետերբուրգի «Ամֆորա» հրատարակչությունը լույս ընծայեց «Ֆրանսիական սյուրռեալիզմի պոեզիան» ժողովածուն, որտեղ ներկայացված են 17 հեղինակներ, եւ այդ թվում նաեւ՝ մեծ ընտրանի Անդրե Բրետոնի պոեզիայից: Այս գրքի հավելվածում տպվել են նաեւ մանիֆեստներ, էսսեներ եւ հոդվածներ, որոնցից մեկում հիշելով սյուրռեալիզմի առաջին տարիներն ու Ա. Բրետոնին, Միշել Լեյրիսը գրում է. «Հայտնի է, թե սյուրռեալիզմն ինչ մեծ նշանակություն էր հատկացնում երազանքին, հայտնագործությանը, եւ ավելի ընդգրկուն` երեւակայության բոլոր պտուղները, որ սերում են մարդկային հոգու խորխորատներից: Սակայն ավելի քիչ է հայտնի, որ բանաստեղծների ու նկարիչների մեծ մասի համար, ովքեր խմբվել էին Անդրե Բրետոնի շուրջ եւ մասնակցում էին այդ շարժմանը, ի սկզբանե խոսքը ոչ այնքան իրականությունից փախչելու մասին էր, որքան երեւակայության ոլորտը գրավելու եւ այն կյանքին միաձուլելու»:

Սյուրռեալիզմն ամենուր գտնում էր իր նախորդներին` խզելով եւ վերստեղծելով ավանդույթը, Բրետոնը ջանում էր նոր հորիզոններ գտնել: «Սյուրռեալիզմի մանիֆեստում» նա ասում էր. «Սվիֆտը` սյուրռեալիստ է թունոտության մեջ, Սադը` սադիզմի, Շատոբրիանը` տարաշխարհիկության, Կոնստանը` քաղաքականությանգ», եւ այլն: 2006 թվականին Մոսկվայի «Տեքստ» հրատարակչությունը լույս ընծայեց Անդրե Բրետոնի «Խելագար սեր» գիրքը, որի շապիկի ներքնամասում գրված է. «Սյուրռեալիզմի հիմնադրի առաջին գիրքը Ռուսաստանում»: Գրքում տեղ են գտել Բրետոնի երկու վիպակները` «Խելագար սերը» եւ «Նախօրեի աստղը»:

Բրետոնի քնարական արձակում վիթխարի դեր է խաղում բնանկարը, որը ոչ թե սիրային պատմության եւ զգացողությունների շրջանակ է, այլ վերածվում է «ներքին դաշտանկարի»։ Կանարյան կղզիներում, ուր սկսում է հյուսվել «Խելագար սեր» վիպակի սյուժետային գիծը, Բրետոնը ներշնչանք է քաղում Տեյդե հրաբխից եւ Օրոտավա հեռաստանից, քարանձավի խորքում փայլկտող բյուրեղներից:

Բրետոնն այստեղ զարգացնում է իր, այսպես կոչված, «ջղաձիգ գեղեցկության» կոնցեպցիան, որը, ինչպես եւ «ջղաձիգ պոեզիան», էքստազի է հասնում «շարժման եւ հանգստի հանդիպման» պահին:

«Նախօրեի աստղ» վիպակում (1945թ.) միտքը եւ ուղեղը սնվում են Կանադայի արեւելյան ափի բնությամբ: Ժամանակակիցները հիշում են, որ Բրետոնին Բոնավենտուրա բերեց ծովի դուրս նետած ագաթե քարերի հանդեպ կիրքը: Այդ հափշտակվածության հետքերն ակնհայտ են գրքում: Բոնավենտուրա Բրետոնը եկավ արդեն Էլիզա Կլարոյի հետ` հանդիպելով այդ անհուն տառապալից հայացքով չիլիացի գեղեցկուհուն Նյու Յորքում, նա փութաց նրան իր հետ տանել ԱՄՆ-ից, եւ Ժակլին Էլիզից բաժանվելով՝ ամուսնացավ Էլիզա Կլարոյի հետ (1945թ.): Իսկ բանաստեղծի մահվանից հետո Էլիզա Կլարոն դարձավ նրա արխիվի մի մասի պահապանը եւ տնօրինողը:

Գրքում տեղ գտած այս վիպակները, ինչպես նաեւ դրանից առաջ լույս տեսած «Նադյան», կոմպոզիցիայով բազմապլան են եւ կառուցված են զանազան մոտիվների եւ թեմաների միահյուսմամբ: Միեւնույն մոտիվը բազում փոփոխությունների է ենթարկվում՝ անընդհատ նոր երանգներ եւ հատկություններ ձեռք բերելով: Գրքերի կոմպոզիցիան, թեմաների եւ մոտիվների բարդ միաձուլումն ասես արտացոլվում են նրա հիմնական մտքի հայելում` տապանի, որի մեջ լողում է մարդկությունը, եւ որի շարժման համար երեք բան է հարկավոր` «երեք պտուտակ»: Նրանցից մեկը երկուսի սերն է այն ուժգնության, որ հիրավի անխոցելի է, երկրորդը` արվեստն է, որ հասցվում է կատարելության, իսկ երրորդը` անխոնջ պայքարն է ազատության համար:

Ռոբերտո Մատտա Էչաուրենին նվիրված իր հիանալի «Մարգարիտը աչքիս փչանում է» էսսեում Բրետոնը գրում էր. «Մարգարիտը աչքիս փչանում է իր շուկայական արժեքով: Ով իր համար արվեստ է դարձնում սուզվելն ու մարգարիտ որոնելը նաեւ արվեստում, միջօրեին գնալով ավելի տկար է երեւում»: