Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի նամակագրության փաստն ինքնին դրական երեւույթ է երկու երկրների
հարաբերությունների նորմալացման եւ նրանց հետագա մերձեցման առումով: Դեռ
Չերչիլն է ասել. «Talk talk is better war war» («Բանակցելը պատերազմելուց
նախընտրելի է»):
Երբ երկու երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ կամ
սառեցված են, դրանց նորմալացման համար գոյություն ունեն տարբեր ձեւեր ու
մեթոդներ: Այդ առաքելությունն իրենց վրա կարող են վերցնել երրորդ երկրների
դիվանագիտական ներկայացուցչությունները, միջազգային կազմակերպությունները,
հատուկ հանձնարարության դեսպանները, անվանի հասարակական գործիչները,
գործարարները եւ այլք: Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է Էրդողանն ընտրել
հենց այս տարբերակը: Առաջարկելով Հայաստանի, Թուրքիայի եւ երրորդ երկրների
արխիվներում 1915թ. իրադարձությունների ուսումնասիրման համար կազմել
պատմաբանների եւ փորձագետների խումբ, նա հետապնդում է երկու նպատակ. ա)
միջազգային հանրությանը ցուցադրել Թուրքիայի բարի կամքը, մեղմ ասած, ոչ
բարեկամ երկրի հետ հարաբերությունները շտկելու ուղղությամբ: Այստեղ
Էրդողանը տուրք է տալիս նաեւ «բաց» դիվանագիտություն որդեգրելու
Վաշինգտոնի վերջերս արած նորարարությանը, որի կիրառման նպատակով ստեղծվեց
հատուկ ծառայություն պետքարտուղարի տեղակալ Քարին Հյուզի գլխավորությամբ,
բ) ամենագլխավորն ու ամենապարզը` վարչապետը, առաջնորդվելով Թուրքիայի
արտաքին քաղաքականության հրամայականով, նպատակ է հետապնդում հարթել դեպի
Եվրամիություն տանող ճանապարհը: Նամակի քարոզչական նպատակը հաջողվեց:
Սպիտակ տունը եւ միջազգային կառույցները դրական արձագանքեցին Էրդողանի
նախաձեռնությանը. ԵԽ ԽՎ թվով 97 պատգամավորներ, այդ թվում՝ 10 ռուս, 10
թուրք, 8 ադրբեջանցի եւ 4 վրացի, դիմում հղեցին Քոչարյանին, որում կոչ են
անում ընդունել հանձնաժողով ստեղծելու առաջարկը:
Այժմ գանք Հայաստանի նախագահի պատասխանին: Ե՛վ քաղաքական, եւ՛
դիվանագիտական առումով այն կազմված է ճիշտ անկյան տակ: Նախ. արխիվների,
մասնավորապես՝ երրորդ երկրների արխիվների բացումը չի բխում մեր շահերից:
Անգամ, եթե ուսումնասիրման եզրակացությունը մեզ համար լինի դրական, այն
կարող է ձգձգել, նույնիսկ կասեցնել տարբեր երկրների կողմից Ցեղասպանության
ճանաչման «շքերթը», ինչին եւ ձգտում են թուրքերը: Հետո. քննության
ենթարկել կատարված իրողությունն անընդունելի է մեր ժողովրդի համար:
Աքսիոման ապացուցման կարիք չունի: Այժմ` պատասխանի երկրորդ մասը: Մերժելով
Ցեղասպանությունը պատմաբանների դատին հանձնելու առաջարկը, Քոչարյանն առաջ
է քաշում միջկառավարական հանձնաժողով գումարելու գաղափարը, որը կարող է
«քննարկել երկու երկրների միջեւ առկա ցանկացած խնդիր կամ բոլոր կարեւոր
խնդիրները»: Եթե թուրքերն անգամ համաձայնեն նման հանձնաժողովի ստեղծման
գաղափարին, որի նպատակը հարաբերությունների նորմալացումն է, ապա պետք է
նկատի ունենալ, որ բանակցությունները կարող են մտնել փակուղի եւ տապալվել
մի շարք «փափուկ» հարցերի արծարծման դեպքում, որոնք են. 1) Թուրքերը, գոնե
մոտակա տասնամյակում չեն ճանաչելու Ցեղասպանությունը, քաջ գիտակցելով դրա
հետեւանքներն իրենց համար։ 2) Հողային պահանջներից հրաժարվելը, ինչի մասին
հայտարարել է Երեւանը, ավելացնում է դիվանագիտական հարաբերությունների
հաստատման շանսերը, սակայն չպետք է մոռանալ, որ Ցեղասպանությունը եւ
հողային հարցը դժվար է առանձնացնել իրարից, քանի որ կոտորածները տեղի են
ունեցել Արեւմտյան Հայաստանում, որը հիմա գտնվում է թուրքական
տարածքներում։ 3) Հարաբերությունների նորմալացման գլխավոր արգելքը կարող է
հանդիսանալ Ղարաբաղի հարցը: Ես համամիտ եմ պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի
այս կարծիքի հետ: Ուրեմն Ստամբուլից առաջ հարցերը պետք է կարգավորել Բաքվի
հետ:
Այս ամենը վկայում է այն մասին, որ անցած տարիներին քիչ բան է փոխվել հայ-թուրքական հարաբերությունների դինամիկայում:
Հուշեր դիվանագետի օրագրից
Անկախությունից հետո թուրքական կողմի հետ Հայաստանի անդրանիկ պաշտոնական
շփումը տեղի ունեցավ 1992թ. փետրվարի 4-ին, Սեւծովյան տնտեսական
համագործակցության առաջին համաժողովի շրջանակներում: Ստամբուլ մեկնելու
նախօրեին պատվիրակության կազմը փոխվեց. արտգործնախարար Րաֆֆի
Հովհաննիսյանը, որը ղեկավարելու էր այն, եւ փոխվարչապետ Հրանտ Բագրատյանը
ինչ-ինչ պատճառներով մնացին Երեւանում: Ստամբուլ ժամանելու պահից մեր
պատվիրակությունը գտնվում էր թուրքական ղեկավարության առանձնահատուկ
ուշադրության եւ «հոգածության» կենտրոնում: Համաժողովի աշխատանքին
զուգընթաց կայացան մի շարք փակ հանդիպումներ արտգործնախարար Հիքմեթ
Չեթինի, նրա խորհրդական Սանբերգի եւ այլ բարձրաստիճան դիվանագետների հետ:
Մեր պատվիրակության խնդիրն էր՝ շոշափել Թուրքիայի հետ դիվանագիտական
հարաբերություններ հաստատելու հնարավորությունն ու ժամկետները: Թուրքերը,
ինչպես եւ այսօր, շեշտը դնում էին Ցեղասպանության ճանաչումից եւ հողային
պահանջներից հրաժարման վրա, չնայած մեր կողմից դրանք որպես նախապայման
չէին բարձրացվում: «Հենց հիմա ստորագրեք համապատասխան արձանագրություն, եւ
վաղը մենք կհաստատենք դիվանագիտական հարաբերություններ, կբացենք
սահմանները, իսկ Ցեղասպանությունը թող ուսումնասիրեն պատմաբանները»,-
կրկնում էր Չեթինը: Բանակցությունների երրորդ «արգելակիչը» Ղարաբաղն էր:
Նախագահ Թուրգուտ Օզալը սիրալիր տոնով եւ ժպիտով սկսած առանձնազրույցն
ավարտեց խիստ հանձնարարականով. «Ասեք Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ ավարտի
պատերազմը Ղարաբաղում ու ամեն ինչ նորմալ կլինի»:
Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի հարավային ֆորպոստը
Հայաստանի արտաքին քաղաքականության զարգացումները ցույց են տալիս, որ մեր
դիվանագիտական ծառայությունն ունի մի մեծ բացթողում: Նրա դոմինանտը, ըստ
իս, պետք է դառնար հարեւանների հետ հարաբերությունների նորմալացման հարցը:
Դրանց շարքում Թուրքիան ունի առանձնակի նշանակություն: Ժամանակակից
քաղաքագիտության մեջ ամրապնդվում է մի տեսություն, որի համաձայն՝
տերությունները բաժանվում են երկու հիմնական խմբի`
աշխարհառազմավարականների եւ աշխարհաքաղաքականների: Դասական դարձած խոշոր
վերլուծաբան Զբիգնեւ Բժեզինսկին Թուրքիան դասում է առաջինների շարքում,
այսինքն՝ այն տերությունների, որոնք հենվելով իրենց պոտենցիալի վրա կարող
են ներազդել սեփական սահմաններից դուրս գոյություն ունեցող
աշխարհաքաղաքական իրադրության վրա եւ փոխել այն: Եվ պատահական չէ, որ
ամերիկյան դիվանագիտությունը ջանք չի խնայում Թուրքիային իսլամիստական
ֆունդամենտալիզմից հեռու պահելու համար, որը կարող է կործանարար լինել ոչ
միայն հարեւանների, այլեւ տարածաշրջանի եւ աշխարհի համար: Բացի այդ,
անհիմն է այն վարկածը, թե իբր ԱՄՆ-ի դիրքերը թուլացել են Թուրքիայում: Նա
եղել ու մնում է Վաշինգտոնի հուսալի դաշնակիցը եւ ՆԱՏՕ-ի հարավային
ֆորպոստը:
Այստեղից` հայկական դիվանագիտության կարեւոր խնդիրներից մեկը պետք է լինի
Թուրքիայի Եվրամիությանն անդամակցությանը չխոչընդոտելը, քանզի քաղաքակիրթ
70 միլիոնանոց մահմեդական երկրի հարեւանությունը բխում է մեր շահերից:
Ջանք չպետք է խնայել նպաստելու սահմանների բացմանը, որը մեզ կընձեռի
հաղորդակցություն աշխարհի հետ, աշխույժ առեւտուր, ինտեգրացում
տարածաշրջանի տնտեսական կառույցներին: Այս համատեքստում ժամանակն է
կարողանալ համադրել պետական եւ ազգային շահերը ու ճիշտ կողմնորոշվել: