Երեկ Սանկտ Պետերբուրգի «Բալթիկայի աստղ» հյուրանոցում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Նշենք, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Ս. Սարգսյանի առաջին հանդիպումն էր Ադրբեջանի նախագահի հետ: Հանդիպումը սկսվել է ԱԳ նախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի եւ Բեռնար Ֆասիեի, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ երկու երկրների ղեկավարները հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով: Առանձնազրույցը տեւել է մեկ ժամ, որից հետո նախագահներին կրկին միացել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը:
Ըստ ՀՀ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության` հայկական կողմը կառուցողական է գնահատում առաջին հանդիպման արդյունքները: Ճանաչողական այս հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են բանակցային գործընթացի վերաբերյալ իրենց տեսակետները եւ ԱԳ նախարարներին հանձնարարել են` ԵԱՀԿ համանախագահների հետ համագործակցությամբ շարունակել բանակցությունները: Նրանք նաեւ ցանկություն են հայտնել, որ համանախագահները շարունակեն աշխատանքը կողմերի մոտեցումների համաձայնեցման ուղղությամբ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ համանախագահները հունիսի վերջին կայցելեն տարածաշրջան: Այցի կոնկրետ ժամկետները կճշտվեն առաջիկայում: Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը հաջորդել է Նալբանդյան-Մամեդյարով եւս մեկ հանդիպում: Ըստ Ադրբեջանում ՌԴ դեսպան Վասիլի Իստրատովի՝ Ալիեւի եւ Սարգսյանի հանդիպումը կարող է նոր փուլ նշանավորել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում: «Դա առաջին հանդիպումն է: Ակնկալում ենք, որ այդ հանդիպումը, նախ, վերջինը չի լինի եւ, երկրորդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր փուլ կսկսվի»,- նշել է նա` հավելելով, թե Մոսկվան, ինչպես Վաշինգտոնն ու Փարիզը, «պատրաստ է ակտիվ աջակցություն ցույց տալ կողմերին հակամարտությունը կարգավորելու համար, քանի որ միայն երկու կողմերի միջեւ համաձայնությամբ կարելի է գտնել գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծումը»: Իսկ Է. Նալբանդյանը հայտարարել է, թե ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական էր ու կառուցողական: «Նախագահները ծանոթացան միմյանց մոտեցումներին եւ ԱԳ նախարարներին հանձնարարեցին՝ շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ»,- ասել է նա: Թե՛ Նալբանդյանը, թե՛ Մամեդյարովն ընդգծել են, որ բանակցային գործընթացը կշարունակվի Պրահայի գործընթացի եւ այն առաջարկությունների շրջանակներում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցյալ տարվա վերջին Մադրիդում արել են հայկական եւ ադրբեջանական կողմերի մեկնաբանությունների հաշվառմամբ: «Մենք կջանանք մոտեցնել դիրքորոշումները եւ շփման եզրեր գտնել»,- ասել է Մամեդյարովը: Է. Նալբանդյանը նաեւ հավելել է, թե` «հարցը բանակցությունները զրոյից սկսելը չէ, այլ այն՝ ինչպես մոտեցնել կողմերի դիրքորոշումները»: Գնահատելով երկու նախագահների առաջին հանդիպումը, ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել է, թե հանդիպումը «հաջողվել» է, եւ դա նշանակում է, որ կարելի է շարունակել կարեւոր աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Մեր խնդիրն այն է, որ բարելավենք բանակցությունների սեղանին դրված առաջարկությունները՝ հաշվի առնելով կողմերի ցանկությունները»,- հայտարարել է Բրայզան: Ինչ վերաբերում է հանդիպումից ունեցած ակնկալիքներին, ապա նա ասել է. «Ակնկալիքները կատարվեցին: Ես նկատի ունեմ, որ մենք սպասում էինք, որ հանդիպումը ճանաչողական կլինի` այդպիսին եղավ: Տրամադսրությունները դրական են, կառուցողական: Նախագահները հենց նոր մեզ ասացին, որ որոշել են շարունակել բանակցային գործընթացը` շարունակել Մինսկի խմբի շրջանակներում եւ մեր կողմից Մադրիդում ներկայացված առաջարկությունների շրջանակներում»: Ըստ նրա` միջնորդների առաջարկությունների վերաբերյալ երկու կողմերն էլ ներկայացրել են իրենց դիտարկումները: «Մենք լսել ենք երկու կողմերի ցանկությունները, որովհետեւ գիտենք, որ Մադրիդում արված մեր առաջարկությունները միայն առաջարկություններ էին, դա չի նշանակում, թե կողմերը լիովին համաձայն էին դրանց: Պետք է բարելավել այդ առաջարկությունները, միջնորդները պատրաստ են շարունակել աշխատանքը եւ, կարծում եմ, նախագահները՝ նույնպես»,- ասել է Բրայզան: