Ամենամսյա նպաստների ու կենսաթոշակների բաշխման նախօրեից սկսած՝
վանաձորյան առեւտրի կետերում մթերքների գները սկսում են որոշակիորեն
բարձրանալ. չէ՞ որ, այդ օրերին ժողովրդի ձեռքին փող է պտտվում: Թվում էր,
թե հացահատիկային մթերքների գները պետք է ամռան շեմին իջնեին, քանի որ
ժողովրդի հատկապես սոցիալապես անապահով մասն, ինչպես ասում են՝
գարնան-ամռան ամիսներին «նստում է կանաչու վրա», մինչդեռ ապրիլի վերջից
հացահատիկային մթերքների գները կտրուկ բարձրացել են: Եթե մեկ տարի առաջ
վանաձորյան շուկայում միջին չափի ձուկը վաճառվում էր 80-100 դրամով, ապա
արդեն կես տարի է… զույգը՝ 1000-ով (հնգապատիկ թանկացում): Ապրիլ ամսին
ընդամենը մեկ շաբաթով անկում ապրեց շաքարավազի գինը, բայց երբ մեկ տարվա
ընթացքում ահռելիորեն իջած դոլարի կուրսը (10$-ի մեջ՝ 1000 դրամ),
աչքակապության համար, թե աջ ու ձախից հնչած քննադատությունից ազդված՝ մի
քանի միավորով «հրեցին» վերեւ, թերեւս, հենց այդ մի քանի միավորի
ավելացման պատճառաբանությամբ էլ շաքարավազի գինը կրկին բարձրացավ ու սկսեց
մի քանի օր հետ ու առաջ անել, ինչը հնարավորություն էր ընձեռում
գործարարներին խուսափել եկամուտների իրական չափը հարկային մարմիններին
ցույց տալուց. մի օր թանկ կվաճառեն, մի օր՝ էժան, բայց հարկ կվճարեն
«էժանի» հաշվարկով: