«Մարտի մեկը՝ սիմվոլ»

08/06/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Բաքվի ջարդերից հետո արդյոք կարո՞ղ էիք ենթադրել, թե 18 տարի անց անկախ Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա զարհուրելի ու եղբայրասպան եղեռնագործություն: Արդյոք կարո՞ղ էինք մտածել, թե անկախ Հայաստանում կբռնաբարվի ապրելու իրավունքը: Քանի դեռ մենք չենք մաքրել այդ խարանը մեր պետության ճակատից, մարտի 1-ի դեպքերը մեր դեմ, մեր երկրի դեմ կաշխատեն: Այդ դեպքերի հետ կապված մենք կարող ենք բազմաթիվ վարկածներ քննարկել, բայց բացառում ենք Գառնիկ Իսագուլյանի այն վարկածը, թե մարտի 1-ի համար մենք բոլորս ենք մեղավոր: Եթե մեղավոր են բոլորը, ուրեմն ոչ ոք մեղավոր չէ»,- երեկ հետընտրական իրավիճակին եւ մարտի 1-ին նվիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Իսկ քննարկմանը ներկա քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ ճիշտ չի համարում այն կարծիքը, թե մարտի 1-ի դեպքերը Սերժ Սարգսյանին ձեռնտու չէին։ «Եթե նա հրաժարվեր այդ գնով իշխանություն վերցնելուց, չէին լինի մարտի 1-ի արյունալի իրադարձությունները: Մարտի 1-ը տեղի ունեցավ կլանային-օլիգարխիկ համակարգը պահելու համար, եւ այսօր շատ ավելի վտանգավոր համակարգ է ստեղծվել, քան մինչեւ հիմա էր»,- ասում է Մ.Սարգսյանը: Երեկվա քննարկմանը ներկա էին երեսունից ավելի փորձագետներ ու քաղաքական գործիչներ: Մասնակցում էր նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արմեն Հարությունյանը: Եվ քննարկման մի մասը ծավալվեց օմբուդսմենի զեկույցի, դրա դեմ հրապարակված առարկությունների ու Ազգային ժողովում կազմակերպված լսումների շուրջ: «Ես ոչ մի պնդում եւ եզրահանգում չեմ արել իմ զեկույցում: Ես հարցեր եմ տալիս` լավ, հնարավո՞ր չէր այն լրագրողները, որ նկարահանում էին, թողնեիք նկարահանեին, մենք էլ կտեսնեինք, թե ինչ է եղել: Ինչո՞ւ եք ժապավենները վերցրել լրագրողներից: Կամ այդ զենքերը, որ այնտեղ նկարահանում եւ ձեռքով վերցնում էին (ոստիկանները.-Ա.Ա.): Պաշտպանի գործը չի՞ դա, հարցնի` հարգելիներս, դուք, որ դա ձեռքով վերցնում եք, հետո ո՞նց եք ապացուցելու, որ ցուցարարներինն է»,- զեկույցում տեղ գտած հարցերը եւս մեկ անգամ հնչեցրեց Ա.Հարությունյանը: «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանն էլ նկատեց, թե մարտի 1-ի դեպքերի մասին, որպես առանձին երեւույթի, չի կարելի խոսել, քանի որ դա կեղծված ընտրությունների արդյունքն է եղել, եւ պետք է բոլոր հնարավոր ատյաններում բողոքարկել ու պահանջել անվավեր ճանաչել փետրվարի 19-ի ընտրությունները, բարձրաձայնել քաղբանտարկյալների առկայության մասին եւ մարտի 1-ի դեպքերի անկախ փորձաքննություն իրականացնել: «Մարտի 1-ն ընտրված է իբրեւ սիմվոլ, կեղծված ընտրությունների արյունոտ սիմվոլ: Եվ եթե այսօր քաղբանտարկյալներ կան, ու եթե իշխանությունների հանդեպ վստահություն չկա, ուրեմն շարունակվում է մարտի 1-ը»,- ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանն էլ խոսեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին: Պատգամավորի կարծիքով, հանձնաժողովը պետք է լինի կիսապետական հիմունքով գործող մարմին, որի աշխատանքներին պետք է մասնակցեն «Ժառանգության» եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, օմբուդսմենը, միջազգային փորձագետներ: Ըստ Ս.Սաֆարյանի, չի կարելի հույս դնել ԱԺ-ի շրջանակներում ստեղծվելիք հանձնաժողովի վրա: Արդյունքում երեկվա քննարկման մասնակիցները որոշում կայացրին մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ կազմակերպել առանձին կլոր սեղան: