«Ընտրական գործընթացում մարդու իրավունքների կոպիտ խախտումները դարձել են սովորական երեւույթ եւ իշխանությունների համար` գործելաոճ»,- ասված է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարիի` մայիսի 21-ի խորհրդարանական ընտրությունների եւ դրանց հաջորդող իրադարձությունների մասին պատրաստած զեկույցում: Ըստ Սուբարիի` Վրաստանի իշխանությունները փորձում են վախեցնել ժողովրդին: «Ընտրություններից հետո երկրի տարբեր շրջաններում բռնության է ենթարկվել առնվազն 12 մարդ, այդ թվում` մի կին: համոզված է, որ բռնության ենթարկվածների թիվը շատ ավելի մեծ է, պարզապես ընդամենը 12 հոգի չեն վախեցել եւ հայտնել են այդ մասին: Բռնությունների ենթարկվածները բոլորն ընդդիմադիր են: Անհանգստացնող է այն փաստը, որ իշխանություններն ահաբեկում են սեփական երկրի քաղաքացիներին, ահաբեկում են այլախոհներին, որոնք համարձակվում են հակառակ կարծիքը հայտնել»,- հայտարարել է Վրաստանի օմբուդսմենը` հավելելով, թե մայիսի 21-ի ընտրությունները հեռու էին ժողովրդավարական լինելուց: «Միջազգային դիտորդներն էլ լավ գիտեն, թե իրականում ինչ է կատարվել, ուստի ընտրություններին նրանց տված գնահատականները դժվար է համարժեք համարել»,- ընդգծել է նա: