ՀՀ Վճռաբեկ դատարանը երեկ հաղորդագրություն է տարածել լրատվամիջոցներում մայիսի 30-ին Երեւանի քրեական դատարանում թիվ 0222-01 քրեական գործով տեղի ունեցած դատավարության մասին հրապարակումների կապակցությամբ: «2008թ. մայիսի 30-ին Երեւանի քրեական դատարանում քննվեց քրեական գործն ըստ մեղադրանքի Հովհաննես Գեղամի Մնացականյանի, Արմեն Պետիկի Գրիգորյանի եւ Յուրիկ Աշոտի Ղուկասյանի ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով («Զանգվածային անկարգությունները») եւ 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Կողոպուտ»): Նշված քրեական գործի նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել էր, որ 2008թ. մարտի 1-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի բնակիչներ Արմեն Գրիգորյանն ու Յուրիկ Ղուկասյանը որոշել են ուղեւորվել Երեւան: Տեսնելով Գր.Լուսավորչի պողոտայում հավաքված բազմությանը՝ միացել են արդեն անվերահսկելի դարձած ամբոխին եւ ներգրավվել զանգվածային անկարգություններին: Քիչ անց, նույն վայրում, հանդիպել են Ա. Գրիգորյանի ծանոթ Հովհաննես Մնացականյանին: Նրանք միասին ուղեւորվել են Գր.Լուսավորչի եւ Մաշտոցի պողոտաների խաչմերուկ, որտեղ նկատել են, որ անկարգությունների մասնակիցները կոտրում են խանութների դռներն ու ապակիները եւ թալանում խանութներում եղած գույքը: Բազմության մեջ միմյանց կորցնելով, այնուամենայնիվ, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով իրարից անջատ մուտք են գործել «Ռոբերտո» խանութ-սրահ, որտեղից այլ անձանց ներկայությամբ հափշտակել են ընդհանուր առմամբ 403.000 դրամ արժողությամբ հագուստներ ու կոշիկներ, 245.000 դրամ արժողությամբ խանութի տեսաձայնագրային սարքը: 2008 թվականի մարտի 8-ին հափշտակված իրերը հայտնաբերվել են նրանց բնակարաններում եւ առգրավվել: Դատարանում մինչ դատաքննությունը սկսելը երեք ամբաստանյալներն էլ միջնորդեցին դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Նրանք հայտարարեցին, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանների հետ, գիտակցում են արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքներն իրենց պարզ են, համաձայն են մեղադրանքների հետ եւ առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր են ճանաչում: Ամբաստանյալները դատաքննության ընթացքում այլ հայտարարություններ, բացատրություններ եւ մեկնաբանություններ չեն արել: Ուստի դատարանը, ղեկավարվելով արագացված դատաքննության կանոններով, չիրականացրեց ապացույցների հետազոտություն, չլսեց ամբաստանյալների ցուցմունքները մեղադրական եզրակացությամբ ներկայացված վերոհիշյալ փաստական հանգամանքների վերաբերյալ եւ հանգեց այն հետեւության, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել եւ հաստատվել է ամբաստանյալներին մեղսագրվող արարքները»: