Դաշնակցական «գամբի՞տ», թե՞ «փոխատեղում»

08/06/2008 Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

Իշխանության եւ արմատական ընդդիմության միջեւ վերջին երկու ամիսներին ընթացող` հիմնականում «դիրքային» պայքարը հնարավորություն տվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին զուգահեռաբար փորձել լուծումներ տալ նաեւ ներիշխանական «քրոնիկ բնույթի» խնդիրներին: Ասվածը նախ եւ առաջ վերաբերում է ներկոալիցիոն հարաբերությունների հստակեցմանը, ինչպես նաեւ՝ նոր քաղաքական իրավիճակում իշխանական համակարգում ներգրավված ուժերի քիչ թե շատ բալանսավորված ներկայացվածության ապահովմանը: Գոնե կոալիցիոն կառավարության ձեւավորման հարցում տպավորություն կար, որ հաջողվել է բավականին օպերատիվ կարգով ներկոալիցիոն հակասությունների մեծ մասը հարթել, եւ կառավարական մեքենան գործի դնելով` անցնել «երկրորդ սերնդի բարեփոխումների» իրականացմանը: Եվ մինչ հայաստանյան քաղաքական հակամարտության հիմնական մասնակիցները` արմատական ընդդիմությունը եւ իշխանությունը, կպատրաստվեին Եվրախորհրդի հայտնի բանաձեւի պահանջների կատարման ժամկետների մոտենալով պայմանավորված քաղաքական սրացումների նոր փուլին, որքան էլ որ դա տարօրինակ է թվում, առաջինն արմատական քայլերի դիմեց իշխանության անքակտելի մաս կազմող Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Վերջինս բավական «օրիգինալ», բայց եւ անսպասելի նուրբ «տրյուկ» կատարեց, ըստ էության, կատարված փաստի առաջ կանգնեցնելով միաժամանակ եւ ՀՀ նախագահին, եւ՛ վարչապետին, եւ ինչ-որ չափով նաեւ՝ կոալիցիոն իր գործընկերներին: Մի «պայծառ» օր հանկարծ «Բյուրոյի անդամ լինելու հանգամանքը շատ ավելի բարձր համարեցին, քան նախարարի պաշտոնը» միանգամից բոլոր «ստաժավոր» դաշնակցական նախարարները:

Այդ իրադարձությունն, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ օրերս անցկացված ՀՅԴ հերթական ընդհանուր ժողովի ավարտից հետո: Ու թեպետ կուսակցության ամենաբարձրագույն ղեկավար մարմնի` Բյուրոյի ներկայացուցիչ վերընտրված Հրանտ Մարգարյանը պնդում է, որ վերոհիշյալ` արդեն նախկին դարձած դաշնակցական երեք նախարարների հրաժարականը զուտ նրանց «անձնական որոշումն է», այնուհանդերձ, դաշնակցական ավանդույթներին եւ աշխատաոճին քչից-շատից ծանոթ ցանկացած մեկը կարող է ասել, որ ՀՅԴ-ն հայաստանյան քաղաքական ուժերի մեջ հենց այն կառույցն է, որտեղ «անձնականին» թերեւս ամենանվազագույն նշանակությունն են տալիս: Այս թեմայի շուրջ ժամանակին առավել քան դիպուկ էր արտահայտվել ՀՅԴ Բյուրոյի մեկ այլ հայտնի անդամ՝ Վահան Հովհաննիսյանը, որի կեսլուրջ-կեսկատակ պնդմամբ` «եթե Դաշնակցությունը որոշի, որ որեւէ դաշնակցական պետք է դառնա լողի չեմպիոն, ուրեմն նա կդառնա այդպիսին»: Այս առումով որեւէ կասկած չկա, որ դաշնակցական նախարարների այս «ինքնաբուխ» որոշումը ՀՅԴ-ում երկար ժամանակ ընթացած ներկուսակցական քաղաքական եւ նոմենկլատուրային խմորումների արդյունքներից մեկն է: Սուր բանավեճային քննարկումների համար անկասկած լուրջ «կատալիզատորի» դեր խաղաց ՀՅԴ թեկնածուի` վերջին նախագահական ընտրություններում արձանագրած բավականին համեստ արդյունքը` ընդամենը 6.5 տոկոս քվե: Այդ ցուցանիշը ՀՅԴ բարձրաստիճան ֆունկցիոներներին թերեւս այլեւս հնարավորություն չէր տալիս շարունակել պնդել (հիմնականում՝ սեփական շարքերի մոտ) կուսակցության հեղինակության աճի եւ որդեգրած քաղաքական կուրսի անսխալության վերաբերյալ թեզը: Կարծում ենք, որ հենց այս, մեղմ ասած, ոչ բարենպաստ քաղաքական եւ էմոցիոնալ ֆոնի վրա կուսակցության ներսում նորից «ակտուալիզացվեց» վաղուց հասունացած` կուսակցության քաղաքական կուրսի վերանայման հարցը: Ներկուսակցական «գաղափարական» բանավեճն իր արտաքին արտահայտումը գտավ ՀՅԴ նախկին բարձրաստիճան գործիչ ու մինչեւ վերջերս Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Հակոբյանի հրապարակավ արտահայտած խիստ քննադատական դիրքորոշումներում: Բայց, քանի որ ՀՅԴ-ում «աղբը տնից դուրս հանելը» եւ ներկուսակցական տարաձայնությունների շուրջ հրապարակավ քննարկումներ ծավալելը սովորական պայմաններում ընդունված չէ, ապա հասկանալի դարձավ, որ դաշնակցականների մի մասի մոտ «համբերության բաժակն» ուղղակի արդեն լցված է: Բոլոր նախանշանները կային, որ ՀՅԴ 30-րդ ընդհանուր ժողովը թեժ է լինելու:

Կասկածից վեր է, որ ներկուսակցական կադրային որոշ տեղաշարժերը եւ, առաջին հերթին դաշնակցական նախարարների շտապ կարգով «բյուրոյացումը» ՀՅԴ «էլիտայի» եւ դաշնակցական շարքերի որոշ մասի միջեւ եղած սուր բանավեճի արդյունքն է: Ասում ենք՝ «շտապ կարգով», քանի որ մինչ ընդհանուր ժողովի մեկնարկը, ինչպես արդեն նշվել է մամուլում, գոնե նախարարներից երկուսը` Լեւոն Մկրտչյանը եւ Դավիթ Լոքյանը, կարծես թե, չէին ծրագրում փոխել իրենց աշխատավայրերը: Այդ «իդեան» ժողովականներին մատուցվեց արդեն բուն ընդհանուր ժողովում` որպես կուսակցության շրջանակում իրագործվող «նոր սերնդի բարեփոխումների» պարտադիր էլեմենտներից մեկը: Ի դեպ, պաշտոնապես հիմնականում սերնդափոխության անհրաժեշտությամբ կամ էլ «ռոտացիայով» պատճառաբանվեց նաեւ ՀՅԴ Բյուրոյի բազմամյա ազդեցիկ անդամներից մեկի` ԱՄՆ որոշ ազդեցիկ շրջանակների հետ իր գործնական կապերով հայտնի ամերիկահայ դաշնակցական գործիչ ու գործարար Կարո Արմենյանի Բյուրոյի կազմում այլեւս չընդգրկվելու փաստը: Ի դեպ, այս փաստը որոշակիորեն «թարմացրեց» ՀՅԴ-ում ամերիկյան եւ իրանական թեւերի միջեւ ավանդաբար ընթացող պայքարի մասին վաղուց պտտվող խոսակցությունները: Ամեն դեպքում, թե՛ նախարարական եռյակի հրաժարականը ու թե՛ Կարո Արմենյանի նման հեղինակավոր ու ազդեցիկ գործչի հեռացումը Բյուրոյից, կամա թե ակամա, զգալիորեն ամրացրին ՀՅԴ-ում «իրանական թեւը» ներկայացնող Հրանտ Մարգարյանի դիրքերը: Գաղտնիք չէ, որ վերջինս միշտ էլ առանձնակի վերապահումներով է վերաբերվել Սերժ Սարգսյանի հետ «միասին աշխատելու գաղափարին» (Ռոբերտ Քոչարյանը միշտ էլ որպես յուրային է ընկալվել ՀՅԴ-ում): Մինչդեռ նախկին նախարարների եռյակն, ընդհակառակը, կուսակցությունում ընկալվում էր՝ որպես ՀՅԴ-ում Սերժ Սարգսյանի լոբբինգն իրականացնող «կուսնոմենկլատուրա»: Ընդ որում, այս եռյակը երկար տարիներ իշխանության գործադիր համակարգում կարեւոր դիրքեր գրավելով եւ լուրջ վարչական ու ֆինանսական ռեսուրսների տիրապետելով, ինչպես նաեւ՝ լայն հասարակության շրջանում իր ունեցած դրական հեղինակությամբ` անգամ կարողանում էր վճռորոշ ազդեցություն ունենալ հայաստանյան դաշնակցական կառույցի որոշումների վրա: Պատահական չէ, որ գրեթե բոլոր վճռորոշ պահերին, երբ թվում էր, թե իշխանության ու Դաշնակցության ճանապարհներն այլեւս տարբեր են, իր ծանրակշիռ խոսքն էր ասում ՀՅԴ-ի «խորհրդարանակառավարական» էլիտան եւ ամեն ինչ վերադարձնում «ի շրջանս յուր»: Նման իրավիճակ ստեղծվեց, օրինակ, անցած տարվա խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, երբ դաշնակցական նոմենկլատուրան, այնուամենայնիվ, կարողացավ կուսակցական ընկերներին համոզել մնալ իշխանության կազմում` համագործակցելով մի աննախադեպ «ֆորմատի» շրջանակներում: Այն է` չլինել կոալիցիայի անդամ, բայց առանձին «համագործակցել» քաղաքական մեծամասնության հետ: Քաղաքական շրջանակներում պնդում էին, որ կուսակցության կողմից դրսեւորած այդ հերթական կոնֆորմիզմն առանձնապես Հրանտ Մարգարյանի սրտով չէր: Սակայն այդ պահին ուժերի ներկուսակցական հարաբերակցությունն ավելին անելու հնարավորություններ չէր ստեղծում: Այս առումով նախարարների այսօրինակ փոփոխությունները որոշ իմաստով թերեւս կարելի է համարել Հրանտ Մարգարյանի ներկուսակցական «ապարատի» լուրջ հաղթանակ:

Եթե նկատի առնենք, որ դաշնակցական այս «չեյնջը» տեղի ունեցավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանություն վերադառնալու մտադրությունների մասին խոսակցությունների ակտիվացման շրջանում, ապա կատարվածը նաեւ այլ նրբերանգներ է ստանում: Մասնավորապես` ՀՅԴ-ն կարծես նրբորեն ակնարկում է, որ անհրաժեշտության դեպքում, ի հեճուկս թերահավատների, դեռեւս ի զորու է նաեւ շատ ավելի արմատական ինքնուրույն քայլերի դիմել` ընդհուպ մինչեւ մի օր էլ՝ կոալիցիայի համաձայնագրից հրաժարվելը: Այս պարագայում խաղարկված դաշնակցական այս «գամբիտը» նաեւ որոշակի մտադրությունների արձանագրում է եւ, ինչու չէ, նաեւ յուրահատուկ նախազգուշացում է: Ի վերջո, միամտություն կլիներ կարծել, որ ՀՅԴ ղեկավարները չէին պատկերացնում, թե ինչ զգալի հարված են հասցնում ընդամենն օրեր առաջ ձեւավորված կառավարության գործունեությանը` միանգամից երեք փորձառու ու ամենեւին էլ ոչ վատ համբավ ունեցող նախարարների փոփոխմամբ: Ի՞նչ արժե թեկուզ միայն ընդունելության եւ միասնական քննությունների շեմին իր պաշտոնից ՀՀ կրթության եւ գիտության նախարարի անակնկալ հեռացումը …

Ինչեւէ, կարծես ՀՀ նախագահը եւ վարչապետը նույնպես հակված են դաշնակցական «խմբակային» հրաժարականներում ավելի խորքային գործընթացներ տեսնել: Եվ թերեւս պատահական չէ, որ նորանշանակ բոլոր երեք նախարարների ներկայացումները նախարարությունների աշխատակազմերին, սովորականին հակառակ, կատարվեցին ոչ թե վարչապետ Տիգրան Սարգսյանի, այլ ՀՀ տարածքային կառավարման նախարարի մակարդակով: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն, իր հերթին, կարծիք հայտնեց, որ ավելի ճիշտ կլիներ մինչ նման կտրուկ փոփոխություններ իրականացնելը՝ «կոալիցիոն գործընկերները» նախ խորհրդակցեին գոնե ՀՀ վարչապետի հետ: