Քաղաքական հալածանք

08/06/2008

«Ես առաջին օրվանից հայտարարել եմ, որ սա շինծու մեղադրանք է եւ քաղաքական պատվեր է հանդիսանում: Իշխանության կողմից սա քաղաքական հալածանք է իմ հայացքների համար, ուստի հրաժարվում եմ որեւէ ցուցմունք տալուց եւ որեւէ գործողության մասնակցելուց»,- «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար, փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը: «Բանն այն է, որ սա փուչիկ է, եւ որեւէ փաստ, որեւէ մեղադրանք գոյություն չունի: Ընդամենը մեզ պատանդի կարգավիճակով պահում են այստեղ, մինչեւ տեսնեն՝ ինչ կլինի…»,- ասել է Ա. Արզումանյանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին արտգործնախարարը ձերբակալվել է մարտի 10-ին եւ մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` «սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը յուրացնելու» հատկանիշներով: «Ինքը` ձերբակալությունը, արդեն շատ կոպիտ եւ գռեհիկ իրավունքների խախտում էր, եւ այստեղ ինձ կալանքի տակ պահելը առանց որեւէ հիմնավորման՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 115-րդ հոդվածի լուրջ խախտում է: Պրոցեդուրային տասնյակ խախտումներ եղել են, որոնք մենք դատական կարգով կբողոքարկենք»,- ասել է նա: «Երկու ամսվա ընթացքում որեւէ քննչական գործողություն, որեւէ հարցաքննություն, որեւէ հանդիպում ինձ հետ չի եղել, որից հետո ինձ հրավիրել են առաջին ատյանի դատարան` երկարացնելու համար (նախնական կալանքի ժամկետը)` երկու ամսով: Ինչ վերաբերում է ներկայացված մեղադրանքին, դա ստանդարտ ձեւակերպում է, որը կա բոլորի մեղադրանքներում»,- հայտարարել է Ա. Արզումանյանը: