Հայաստանում մի տարօրինակ իրավիճակ է. նրանք, ովքեր պետք է լինեին ազատության մեջ, մեկուսարաններում են, իսկ շատ-շատերը, ովքեր վաղուց պետք է սեւ խավիարի կամ խորոված թառափի փոխարեն՝ բանտային շիլայով սնվեին, ոչ միայն մեկուսացված չեն հասարակությունից, այլեւ մագլցում են պետական նորանոր պաշտոններն ի վեր: Փետրվարի 19-ից եւ հատկապես մարտի 1-ից հետո ՀՀ-ի մեկուսարաններ է տեղափոխվել մեր երկրի լավ հասարակության մի մասը: Ովքե՞ր են մեկուսարաններում` Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը, միջնադարյան ձեռագրերի լավագույն մասնագետներից մեկը: Նա, ում խափանման միջոց կալանքը փոխելու խնդրանքով պատկան մարմիններին, ի թիվս այլ մտավորականների, դիմել էր նաեւ Մատենադարանի նախկին տնօրեն, մեր լավագույն գիտնականներից մեկը` Սեն Արեւշատյանը: Թեեւ անարդյունք: Չենք ձանձրանա կրկնել, որ մինչ օրս մեկուսարանում են ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀՇ վարչության ղեկավար Արարատ Զուրաբյանը, մեկուսարաններում են բազմաթիվ ազատամարտիկներ: Սակայն բանտերը, ինչպես մոռացված Արտաշես Գեղամյանը կասեր, լաց են լինում պետության ղեկավարների, բարձրաստիճան չինովնիկների, կոռումպացված նախարարների, գործարարներից կաշառք շորթող մաքսավորների, նրանց այդ պաշտոնում երաշխավորողների համար: Թվում է` կոռուպցիայի մեջ կասկածվող պետական չինովնիկների փայլուն կարիերան եւ, դիցուք, Սմբատ Այվազյանի` մեկուսարանում գտնվելը ոչ մի ընդհանրություն չունեն: Սակայն օրենքի ստորադասումը ցանկացած հղփացած չինովնիկի կամքին, իրավական այս բեւեռացումը կարող են ունենալ այնպիսի հետեւանքներ, որոնց մասին մինչ օրս բարձրաձայն չի ասվում: Ցանկացած հայաստանցի գիտի, որ բոլոր մակարդակի հարաբերությունները Հայաստանում դրված են օրենքից դուրս վիճակում, որ ճշմարտությանը հասնելու օրինական ճանապարհ պարզապես չկա: Մարդկանց տարրական ազատությունները քամահրվում են: Դատավարությունները վեր են ածվում ֆարսի: Սակայն վկաների կեղծ ու իրարամերժ վկայությունները, քաղաքական պատվերը, դատավորների կոռումպացվածությունը, պարզվում է, միեւնույն է, իրավական ուժ են անմեղ մարդկանց ազատությունից զրկելու: Եվ թող ձերբակալվածների հարազատները, փաստաբանները զայրանան ու անզորությունից կրճտացնեն ատամները: Միեւնույն է, նրանք եւս անզոր են: Իսկ նման կրիտիկական վիճակում ամենեւին անհնար չէ այն տարբերակը, երբ յուրաքանչյուրը սկսի անձամբ եւ իր պատկերացրած ճշմարտությամբ փնտրել արդարադատության ճանապարհը: Եվ այդ ճանապարհը կարող է դառնալ ինքնադատաստանը, հաշվեհարդարը, տեռորը:
Կարելի է պարզ հաշվարկ անել: Քանի՞ մարդ է մարտի մեկից առաջ եւ հետո «անցել» մեկուսարաններով: Քանի՞ մարդ է այսօր ազատազրկված, եւ ի՞նչ կատեգորիայի մարդիկ են նրանք: Նրանցից շատերը բարձր գիտակցության տեր մտավորականներ են, Արցախում կռված խիզախ տղաներ, որոնք ունեն ընտանիք, հարազատներ, զինակիցներ: Ցանկացած հոգեբան կվկայի, որ անհիմն մեղադրանքով մեկուսարաններում գտնվող այդ մարդիկ, նրանց հարազատներն ու ընկերները հոգեբանորեն կարող են պատրաստ լինել անգամ ծայրահեղ քայլի, քանի որ օրենքի շրջանակներում իրենց եւ իրենց հարազատների, մերձավորների արժանապատվությունը երաշխավորել, ապահովել չեն կարողանում: Քաղբանտարկյալների մարտական ընկերները, մտերիմներն այսօր հացադուլ են անում: Եվ այդ բողոքողներն ու հացադուլավորներն էլ ունեն հարազատներ, զինակիցներ, ընկերներ: Եվ զարմանալի է, թե Հայաստանի ղեկավարներն ինչպե՞ս են հաջողացնում ժողովրդին տրամադրել իրենց դեմ: Չե՞ն մտածում իշխանությունները, որ այն մարդկանցից շատերը, ովքեր այսօր անզոր են եւ փակված են մեկուսարաններում, պատահական հանցագործներ, քրեական հեղինակություններ չեն, որ այս մարդիկ վաղ թե ուշ դուրս են գալու մեկուսարաններից: Նրանք կամ նրանց ընկերները մարդիկ են, ովքեր իրենց կյանքն արդեն փորձարկել են ռազմադաշտում եւ կարող են անզորությունից, վիրավորանքից՝ չդիմանալ եւ զենք վերցնել արդեն կոռումպացված դատավորի, դատախազի, պետական չինովնիկի դեմ: Ինքնադատաստանը գուցե չի տեղավորվի օրինականության շրջանակում, սակայն նորագույն իրականության կոնտեքստում, մարդկային հոգեբանության տեսակետից լրիվ հնարավոր ու հասարակության կողմից ընկալելի կհամարվի: Կհամարվի արդարադատություն իրականացնելու եւ ինքնապաշտպանության միակ արդյունավետ միջոց: Եթե իշխանությունները դա հասկանում են եւ չեն կարողանում առնել անհեթեթ դատավարությունների առաջը, ուրեմն, իրոք, կորցնելու շատ մեծ բան ունեն: Ատելություն ու անզորություն առաջացնող քայլերը կարող են հասցնել ազգային-ազատագրական պայքարի` ուղղված արդեն ներքին թշնամու դեմ: