Յոթամյա Անահիտ Հովսեփյանը սովորում է Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում՝ երրորդ դասարանում:
Նա առաջին անգամ մասնակցել է մաթեմատիկայի մրցույթի եւ լավ արդյունք է ցուցաբերել: Հաջողությունից ոգեւորված՝ Անահիտը նպատակադրվել է հետագայում էլ մասնակցել «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթին: «Շատ հետաքրքիր հարցեր էին, բայց մեկ-մեկ անծանոթ հարցեր էլ կային: Մյուս տարի անպայման կմասնակցեմ ու բոլոր հարցերին կպատասխանեմ»,- ասում է փոքրիկ Անահիտը: «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Խաղը ծնունդ է առել Ավստրալիայում 1980-ականներին, սակայն տարածում է գտել միայն 1991 թվականից: Մրցույթի նպատակն է` մաթեմատիկայի նկատմամբ երեխաների հետաքրքրությունը մեծացնել: «Կենգուրու» միջազգային խաղ-մրցույթին աշխարհի մոտ 40 երկրներում տարեկան մասնակցում է 3-11 դասարանների ավելի քան 4,5 միլիոն աշակերտ: Մրցույթն ամբողջ աշխարհում անցկացվում է տարին մեկ անգամ, նույն օրը, նույն ժամին՝ բոլոր մասնակից երկրների դպրոցներում: Հայաստանում «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի պաշտոնական կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է, որը 2008թ. մարտին դարձել է «Կենգուրու առանց սահմանների» ասոցիացիայի անդամ: Իսկ Հայաստանում կայացած 1-ին մրցույթի արդյունքներն ամփոփվեցին հունիսի 6-ին՝ պատվոգրերի հանձնման արարողության ժամանակ: «Կենգուրու-2008»-ին հայաստանյան վեց դպրոցներից մասնակցել է 639 աշակերտ (Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, «Երեւանի Ա. Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրը, ՀՊՃՀ Երեւանի հենակետային վարժարանը, Երեւանի «Ուսում» ոչ պետական հանրակրթական դպրոցը, Գյումրիի «Ֆոտոն» վարժարանը, Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը): Կազմակերպիչները մտադիր են մյուս տարի մրցույթն անցկացնել Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով հետաքրքրված բոլոր դպրոցներին: «Այս անգամ մրցույթը փորձնական էր, եւ այսքան մեծ ակտիվություն չէինք ակնկալում: Բայց հետաքրքրությունը մրցույթի նկատմամբ շատ մեծ է, գոհ ենք նաեւ արդյունքներից: Համոզված ենք՝ մյուս տարի ակտիվությունը շատ ավելի մեծ կլինի»,- ասում է «Այբ» կրթական հիմնադրամի ծրագրերի տնօրեն Դավիթ Սահակյանը:
Մրցույթի մասնակից 639 աշակերտներից 42-ը, հավաքելով միավորների 60-80 տոկոսը, «լավ» արդյունքների համար պատվոգրեր ստացան, իսկ չորս հոգի, որոնք հավաքել էին միավորների 80-100 տոկոսը, արժանացան պատվոգրի «գերազանց» արդյունքի համար:
Անդրադառնալով «Կենգուրուի» առանձնահատկություններին՝ «Կենգուրու միջազգային ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս մրցույթին կարող են մասնակցել նաեւ ցածր դասարանների աշակերտները, որոնք սովորաբար չեն մասնակցում օլիմպիադաներին: «Այս մրցույթի միջոցով նրանք փորձ են ձեռք բերում եւ նաեւ կարողանում են գնահատել իրենց գիտելիքները»,- ասաց Գ. Գրիգորյանը: Բացի այդ, մրցութային թեստերում չկան բարդ բանաձեւերով լուծում պահանջող խնդիրներ, հարցերը տրամաբանական են եւ հետաքրքիր: Այս տարի լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներին շնորհվեցին միայն պատվոգրեր: Սակայն կազմակերպիչները նշեցին, որ հետագա մրցույթների հաղթողները կստանան նաեւ մրցանակներ, իսկ լավագույնները հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային ճամբարներին: