Ռեկտորից «օբիժնիկները» փոփոխություններ են ակնկալում

22/05/2005 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Վերջերս Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը (դատավոր՝ Բ. Գրիգորյան) չեղյալ
էր համարել Վանաձորի Պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Ռ. Եդոյանի
ընտրությունը՝ նախկինում նույն ինստիտուտի ամբիոնի վարիչ Գ. Ղույումչյանի
հայցով: Վերջինս դժգոհեց, որ չնայած ռեկտորը սահմանված ժամկետում
վերաքննիչ բողոք չի ներկայացրել դատարանի վճռի դեմ, սակայն ցանկանում է
խոչընդոտել ըստ էության ուժի մեջ մտած վճռի (եւ, թերեւս, նոր
ընտրությունների) իրականացմանը՝ պատճառաբանելով վճռի դեմ ներկայացնելիք
վերաքննիչ բողոքի հանգամանքը: «Ռեկտորը պարզապես ցանկանում է ժամանակ
շահել»,- եզրակացնում է Գարեգին Ղույումչյանը (որն, ի դեպ, 1-ին ատյանի
դատարանում շահել է նաեւ ռեկտորի դեմ ներկայացրած մեկ այլ գործ
(զրպարտության վերաբերյալ), որը հաստատել է նաեւ ՀՀ վերաքննիչ դատարանը:
Հիշեցնենք, որ կենսաթոշակի տարիքը լրացած ռեկտորներին (որոնց թվում եւ՝
ՎՊՄԻ-ի ռեկտորին) պաշտոնանկ անելու գործընթացին ձեռնամուխ է եղել ՀՀ
վարչապետը: Այս պարագայում դատարանը իր հերթին պարզապես նպաստել է այդ
գործընթացին: Ի դեպ, ՀՀ վարչապետի աշխատակազմից վերջերս ներկայացուցիչ էր
գործուղվել ՎՊՄԻ, բայց ոչ թե Գ.Ղույումչյանի, այլ՝ երկարամյա մանկավարժ
Աելիտա Չիբուխչյանի հեռագիր-բողոքի հիման վրա, որում ահազանգվել էր
ինստիտուտում տիրող անառողջ մթնոլորտի մասին (ահազանգ, որ քանիցս
ուղարկվել է նաեւ ԿԳ նախարարություն. թե ներկա, եւ թե նախորդ
նախարարներին, ԱԺ-ին, ՀՀ նախագահի աշխատակազմին): Ենթադրվում է, թե
Չիբուխչյանի հերթական բողոքն էլ պատճառ էր դարձել նրա նկատմամբ
ինստիտուտում կիրառվող հալածանքների ուժեղացմանը (ընդ որում, այդ գործում
ուսանողական «ներուժն» օգտագործելով. ասվածի վկայությունը ուսանողի կողմից
Չիբուխչյանի մարմնական վնասվածք ստանալու փաստն է, ինչն արդեն իսկ
արձանագրվել է ապրիլ ամսվա ՆԳ ամփոփագրերում, քանի որ տուժողը դիմել էր
Ոստիկանություն):
Ըստ տեղեկությունների, վերջին տարիներին ՎՊՄԻ-ում, ուսանողության
շրջանում, հեղափոխական-անարխիստական տրամադրություններ են: Դասախոսների
հավաստմամբ, ուսանողների մի մասն ընդունվել է փողի կամ ազդեցիկ կապերի
շնորհիվ եւ իրեն ինչ ուզում՝ թույլ է տալիս (ներառյալ դասերի ժամին
բջջայինով զրուցելը կամ ականջակալներով երաժշտություն լսելը): Դասախոսների
նկատմամբ տարրական հարգանքի բացակայությունը հանգեցրել է նրան, որ կարող
են… քաշքշել ու ասել. «Էս կուրտկեդ մեր փողով էս առել, հանի»: Ոմանք
փորձում են սպառնալիքով գնահատական կորզել: Իսկ առավել ողբերգական է
ուսանողների գիտելիքների մակարդակը՝ որոշ դեպքերում, երբ ընթացիկ
քննությունների կամ ստուգարքի ժամանակ այսպիսի պատասխան է հնչում.
«Ֆաշիստական Գերմանիան դուրս եկավ ՍՍՀՄ-ի կազմից»: Ո՞վ է սրա մեղավորը.
դպրո՞ցը, որ այսպիսի շրջանավարտ է տվել, թե՞ բուհը, որ ուսանողի գիտելիքը
տեղից չի շարժել: Իսկ միգուցե բուհական ընդունելության քննությունների
հանձնաժողո՞վը:
ՎՊՄԻ-ն այժմ դարձել է «եռացող կաթսա». ռեկտորից «օբիժնիկները»
փոփոխություններ են ակնկալում, մտմտալով, թե տեսնես ո՞վ կլինի հաջորդը,
ո՞ր կուսակցության հովանավորյալը, եւ ձեռնամուխ են եղել վերջին 10
տարիների կադրային ջարդի եւ հալածանքների արդյունքում «զոհերի» ցուցակ
կազմելուն: Անցյալում եւս այստեղ նկատվել են «տպՐպրՑՐՏռՍՈ»-ի
դրսեւորումներ: 90-ականների կեսերին նույն ռեկտորն աշխատանքից ազատվեց եւ
դատարանով վերականգնվեց, սակայն «հեղափոխական» մի խումբ ինստիտուտի կնիքը
առգրավել էր եւ չէր ցանկանում հանձնել ռեկտորին: