«Գոնե մեկը մի քիչ հագուստով կամ սնունսդով օգներ, էլի»

08/06/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ամեն ինչ կորցնելու ցավից 48-ամյա տիկին Էմման ինֆարկտ է տարել, դրա համար էլ առանձնապես չի շտապում նկարագրել, թե նախկինում ինչպես է ապրել. ցավը թարմանում է: Պատերազմը խլել է այս կնոջ համար ամենաթանկ բաները՝ երջանկությունն ու վաղվա օրվա հանդեպ հույսը:

Ամուսինը Ղարաբաղյան պատերազմում կռվելիս «կանտուզիա» է ստացել ու, խաղաղության մեջ ապրելիս էլ՝ կռվի ժամանակ ունեցած հիշողությունների հետ է կռվել: Չորս երեխաների հայր Լեւոն Գալստյանը կռվում հաղթելով՝ ինքն իր հետ պայքարում պարտվել է: Ու ինքն իր հետ պայքարում ունեցած պարտության դառնությունը կրում է Սեւանի հոգեբուժարանում, որտեղից մարդիկ ճանապարհ են ընկնում ուղիղ գերեզմանոց: Չորս երեխաներին, հայրենիքն ու հայությանը պաշտպանած Լեւոն Գալստյանը «կանտուզիա» ստանալուց հետո մնացել է մեն-մենակ՝ հիշողությունների ու պայթյունների խելագարության հասցնող աղմուկի հետ ու պայթյուններն ու հիշողություններն առած՝ մեկուսացել է հոգեբուժարանում, որտեղ ամեն մեկն էլ գնում է ցավոտ ու աղմկոտ հիշողությունների տառապանքով: Լեւոնն ու տիկին Էմման Գորիսի բնակիչներ են, ովքեր ամբողջ կյանքում աշխատել, չորս երեխաներ են մեծացրել ու ինչպես հարկն է դաստիարակել են: Պատերազմի ժամանակ «գրադի» պայթյունից տունը հավասարվել է հողին, եւ բազմանդամ այս ընտանիքը հայտնվել է փողոցում: Տիկին Էմման ասում է՝ «Երբ պատերազմը հիշում եմ՝ մարմինս փշաքաղվում ա: Երեխաների հետ պադվալում էինք մնում, ամեն րոպե կարծում էինք, որ հես ա կսպանեն մեզ: Էդ վախը, էդ ահավոր վախը մեզ սպանում էր»: Հետո մի տեսակ կարոտով հիշում է Գորիսի իր տունն ու թանկ հիշողություններից անցում անելով չորս երեխաների հետ անօթեւան կարգավիճակում հայտնված աչքին եկած տեսարաններին՝ միանգամից աչքերը լցնում է, դյուրագրգիռ է դառնում:

Գորիսից Երեւան տեղափոխվելուն պես նրանց տեղավորել են Շենգավիթ համայնքի Աէրացիա թաղամասի 7-րդ հանրակացարանում, որը 4-րդ կարգի վթարային շենք է, եւ որտեղի պատշգամբները՝ շատ պատահաբար փլվում, ու մարդիկ ընկնում են գետնին: Հանրակացարանում տիրող հակահիգիենիկ վիճակի պատճառով մանկահասակ երեխաները հիվանդանում են տարատեսակ ինֆեկցիաներով: Կոմունալ պայմաններն այստեղ ընդհանուր են, հետեւաբար՝ տարբեր հիվանդությունների տարածումն անխուսափելի է: Տեղի բնակիչները պարբերաբար ահազանգում են հակահամաճարակային տեսչություններ՝ զննություններ կատարելու եւ վարակները կանխելու նպատակով, սակայն հանրակացարանների հանդեպ պետական կամ հասարակական կառույցների ոչ պատշաճ վերաբերմունքն այս դեպքում էլ է խնդիրն անուշադրության մատնում: Մինչդեռ տիկին Էմմայի մանկահասակ թոռնիկները նյարդային համակարգի լուրջ խեղումներ են ստանում: Ասում է՝ «Ընդհանուր զուգարաններում, ինչքան էլ մաքուր ենք պահում, հարյուր մարդ է մտնում՝ տարբեր հիվանդություններով: Ինչ տեսակի ճիճու ասես, որ չկա, որ տեսնես՝ կվախենաս: Հիմա որ մտնեք՝ ճիճուները վխտում են, բայց ո՞նց պաշտպանենք երեխաներին էդ վտանգից»:

10 տարեկան Հասմիկի մոտ վերջերս ի հայտ է եկել աչքի շլություն: Նյարդային լարվածությունից աչքը ջղաձգվում, փակվում, ապա շլանում է: Ակնաբույժն ախտորոշել է նյարդային խանգարում, որն առաջացել է օրգանիզմում տարածված ճիճուների առկայությունից: «Ասեց, որ ճիճուները սնվում են, ու էդ ցավից, ներվերից խփում ա աչքին: Ներվային համակարգի բորբոքում ունի: Ահագին դեղորայք, բուժում ա նշանակել, պիտի ակնոց պատվիրենք, բայց չենք կարում, փող չկա, սպասում ենք, որ մի հրաշքով երեխուն կբուժենք»: Տիկին Էմման չի կարող թոռնիկին օգնել, որովհետեւ հարակից տարածքում գտնվող դեղատանն ահագին պարտք է, իր հիվանդության դեմ պայքարում է պարտքով վերցրած դեղորայքով:

Հասմիկին հարցնում եմ՝ «Երազանք ունե՞ս»: Տխրելով պատասխանում է՝ «Հա՛, երազում եմ, որ ինձ թողեն շատ գրքեր կարդամ: Քուրիկներս գերազանցիկ են, իսկ ես՝ չէ: Ինձ չեն թողում, որ շատ կարդամ, գրեմ, ես էլ լավ չեմ սովորում, ու գնահատականներս վատն են»: Մայրը՝ Սոնան, հայացքը թաքցնում է, որովհետեւ ինքն է արգելում Հասմիկին շատ կարդալ ու իրեն մեղավոր է զգում: Ասում է՝ «Հանրապետական հիվանդանոցի ակնաբուժարան եմ տարել, բժիշկն ա ասել, որ չի կարելի շատ կարդալ»: Սոնան ներկայումս գործազուրկ է, որովհետեւ ջերմոցում բանվորություն անելիս՝ ճնշումը բարձրացել է, ու նա ուշաթափվել է: Ստիպված հրաժարվել է աշխատանքից, որովհետեւ նման աշխատանք կատարելու համար առողջություն չունի: Սոնան տիկին Էմմայի աղջիկն է, ով երեք երեխաների հետ ապրում է հանրակացարանի՝ մոր փոքրիկ սենյակում, որտեղ նաեւ եղբայրն է երեխաների հետ ապրում:

Նա չի ցանկանում մանրամասնել ամուսնալուծության պատճառները: Երեխաներին խնամում է 25.000 դրամ ընտանեկան նպաստով ու հարեւանների տված հնամաշ հագուստով: Հանրակացարանի նեղլիկ սենյակի փայտե հատակը երեկոյան ժամերին ամբողջ երկայնքով մեկ վերածվում է մահճակալի: «Քնելու տեղ չկա, փալաս-փուլուսը գցում ենք գետնին ու յոթ հոգով քնում ենք էս փետի վրա, ի՞նչ անենք, ուրիշ ճար չկա: Ամռանն՝ էլի ոչինչ, ձմռանը սոսկալի ա: Էդ ցրտից ու խոնավությունից երեխեքս փայտանում, հազար ու մի հիվանդություն են ձեռք բերում: Վառարանը դնում ենք սենյակի մեջտեղն ու շուրջը քնում ենք»,- պատմում է տիկին Էմման՝ ասելով, որ իրենց միակ օգնողը եղել է Վազգեն Սարգսյանը, ում մահվանից հետո մատնվել են անտերության: Գորիսից տեղափոխվելուց հետո Երկրապահ կամավորականների ջոկատում կռված Լեւոն Գալստյանի ընտանիքին առանձնակի ուշադրությամբ է օգնել Վազգեն Սարգսյանը: «Սա ապրել չի, որ մենք ենք ապրում, տուն-տեղս, ունեցվածքս ավերակ դարձավ, ու հիմա մուրացկանի պես ենք ապրում: Մի երկու նասկի կար, էսօր տարել, փոխանակել եմ կարտոշկի հետ, որ խաշեմ՝ երեխեքն ուտեն: Օր ա լինում, որ հարեւաններս մի աման ճաշ են տալիս, որ երեխեքին տամ, ուտեն: Երբ եկանք էստեղ՝ Վազգենը մեքենայով փայտը կտրտել էր տալիս ու կամազներով ուղարկում էր մեզ, որ ձմեռը ցրտից չմեռնենք: Գիտեր, թե ամուսինս կռվից հետո ինչ վիճակում հայտնվեց, ու մեզ տիրություն էր անում: Վազգենը մեռավ ու մեզ անտեր թողեց: Ախր բաքվեցին գոնե իրա ապրանքը բերել ա հետը, բայց ես մի ափսե գոնե չեմ բերել: Տունս գրադից ավերակ ա դարձել, մի շոր անգամ չեմ բերել»,- ասում է տիկին Էմման, ով երկար տարիներ աշխատել է Գորիսի Տրիկոտաժի գործարանում, իսկ կաթված տանելուց հետո այլեւս անաշխատունակ է: Տիկին Էմման` խեղդելով արժանապատվությունն ու ինքնասիրությունը, ինձ ասում է՝ «Գոնե մեկը մի քիչ հագուստով կամ սնունդով օգներ, էլի: Սենց ապրել չի լինում»: