Այսօր Հայաստանում շատ դպրոցներ ջանք ու եռանդ չեն խնայում համակարգիչներ ձեռք բերելու համար, եւ դպրոցում համակարգիչ ունենալը յուրահատուկ հպարտության զգացումով է համակում տնօրեններին, քանի որ ենթադրաբար համակարգչի առկայությունն ինքնին արդեն իսկ վկայում է տվյալ դպրոցի որակական «լուրջ առանձնահատկությունների» մասին, իսկ այդ դասարանը դառնում է դպրոցի տեսարժան վայրերից մեկը:
Այսօր կրթական բարեփոխումների ընթացակարգում առանցքային տեղ է հատկացված դպրոցների հագեցվածությանը տեղեկատվական տեխնոլոգիաներով (ՏՏ), ինչպես նաեւ` վերջիններիս ուսումնական պրոցեսում ակտիվ ներգրավմանն ու օգտագործմանը: Ծրագիրն ընթանում է երկու ուղղությամբ. նախ՝ դպրոցներին համակարգիչներով եւ ինտերնետ կապով ապահովելու, երկրորդ` տարբեր առարկաներից ստեղծելու էլեկտրոնային ձեռնարկներ, որոնք ներառվելով տվյալ առարկայի դասավանդման պրոցեսում` այն ավելի գրավիչ եւ մատչելի կդարձնեն աշակերտների համար:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանի խոսքերով` ԵՊՀ Ալգորիթմական լեզուների ամբիոնի կողմից եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակությամբ արդեն ստեղծվել են 14 էլեկտրոնային ձեռնարկներ բնագիտական առարկաներից, ինչպես նաեւ` հայոց լեզու, գրականություն, պատմություն առարկաներից: Տնօրենը նշում է, որ դրանք արդեն բաժանվել են դպրոցներին եւ կիրառվում են վերջիններիս կողմից: Սակայն, օրինակ, Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի քիմիայի միակ ուսուցչուհի Էմմա Հայրապետյանը պատմում է, որ իր տղայի միջոցով է իմացել նման ձեռնարկների առկայության մասին, ձեռք է բերել եւ ինքնուրույն ուսումնասիրում է, իսկ դպրոցում դեռ դասերի ընթացքում էլեկտրոնային ոչ մի ձեռնարկ չի պահանջվել: Միեւնույն ժամանակ նույն դպրոցի տնօրեն Լիլի Վարդգեսյանը հավաստիացնում է. «CD-ներ էլ ունենք, որոշ դասեր էլ անում ենք համակարգչային լսարաններում»:
Ընդ որում` 300 աշակերտ ունեցող այս դպրոցն ունի 12 համակարգիչ, որը, տնօրենի խոսքերով, նվիրաբերել է Արա Աբրահամյանը: «Ինտերնետի պրոբլեմ էլ չունենք, մեզ մոտ անվճար ինտերնետ կա, ամեն ինչ էլ ունենք մեր դպրոցում»,- ասում է տնօրենը: Ի դեպ, երբ տնօրենից փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս է ստացվել, որ անվճար ինտերնետ ունեն, նա բազմանշանակ ժպտաց ու ավելացրեց. «Ինչի կարիք էլ որ լինի, կունենանք, մարդ կա, օգնում է»: Իսկ ինչպե՞ս են տեղեկատվական տեխնոլոգիաներով համալրվում այն դպրոցները, որոնք չեն արժանացել բարեգործների բարեհաճությանը: Ընդհանրապես դպրոցները ՏՏ-ներով ապահովելու ծրագիրը մաս է կազմում «Կրթության որակ եւ համապատասխանություն» ծրագրի, որի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից փոխառույթի սկզբունքով ՀՀ-ին է հատկացվել 19 մլն ԱՄՆ դոլար:
Կրթության եւ գիտության նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակից Նունե Ոսկանյանի խոսքերով` ամեն տարի դպրոցները համակարգիչների ձեռքբերման հայտ են ներկայացնում, իսկ ԾԻԳ-ի մասնագետները նրանց խորհուրդ են տալիս, թե ըստ աշակերտների թվի ի՞նչ տեսակի սարքավորումներ են անհրաժեշտ: Այնուհետեւ ԾԻԳ-ի նախաձեռնությամբ համակարգիչներ գնելու նպատակով մրցույթ է հայտարարվում միջազգային խոշոր ընկերությունների միջեւ, որոնք կարող են առաջարկել ցածր գին եւ բարձր որակ: Նունե Ոսկանյանը բացատրում է, որ դպրոցը վճարում է համակարգչի գնի 41.67 տոկոսը, ընդ որում` այդ գումարի 20%-ը նա պետք է փակի առաջին վեց ամսվա ընթացքում, մնացածը` հաջորդ վեց ամսում: Սա կոչվում է՝ դպրոցներին արտոնյալ պայմաններով համակարգիչներ տրամադրել: Հետաքրքիրն այն է, որ եթե պետությունն այս համակարգիչները գնում է ստացած փոխառույթային ծրագրի շրջանակներում, ինչո՞ւ է հետո այն վերավաճառվում դպրոցներին, նույնիսկ, եթե դա արվում է կես գնով: Այս հարցին Ն. Ոսկանյանը չկարողացավ պատասխանել, միայն ավելացրեց, որ իրենք խնդրել են դպրոցներին ազատել գոնե ԱԱՀ-ից, սակայն չի ստացվել: ԾԻԳ-ի տնօրեն Կարինե Հարությունյանն այսպես է բացատրում. «Թե ամեն ինչ կարելի է տալ անվճար, դա մեր սովետական մտածողությունն է, ինչքան շատ բան անվճար տանք, էդքան ավելի լավ: Մենք 70 տարի սովորել ենք այս համակարգին եւ մտածում ենք, որ կրթության հետ ասոցիացված ամեն ինչ պետք է անվճար լինի: Ավաղ, դա այդպես չի: Համակարգիչը մի բան չի, որ կարելի լինի անվերջ օգտագործել: 5 տարի հետո նորից հարց է առաջանում նոր համակարգիչներ ձեռք բերելու: Արդյոք կարո՞ղ է պետության բյուջեն նորից իր վրա վերցնել նման ծախսեր»: ԾԻԳ-ի տնօրենի պատճառաբանություններն այնքան էլ համոզիչ չեն. ի՞նչ կապ ունի «սովետական մտածողությունը», եթե ՀՀ-ում, ըստ «Կրթության մասին» օրենքի, հանրակրթությունը հռչակված է անվճար: Իսկ այն դպրոցները, որոնք չեն վայելում ընտրությունից ընտրություն նվիրատվություններ կատարող բարեգործների ողորմածությունը, ինչպե՞ս են գումարներ հայթայթում դպրոցի ծախսերը հոգալու, այդ թվում նաեւ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներով այն ապահովելու համար: Քանի որ դպրոցները ֆինանսավորվում են ըստ աշակերտների թվի, դժվարին կացության մեջ հայտնվում են փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցները:
Ն. Ոսկանյանի խոսքերով` ամեն տարի յուրաքանչյուր մարզից 5 դպրոցի, որոնք գնողունակ չեն, անվճար համակարգիչներ են տրամադրվում պետության կողմից: Սակայն, օրինակ, Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղի փոքրիկ դպրոցներից մեկում ոչ մի համակարգիչ չկա, բնականաբար, այս դեպքում ինտերնետ կապի մասին խոսք լինել չի կարող: Գյուղում գործող Գեղազնիկ Միքայելյանի (Չաուշի) անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արուս Մնացականյանի խոսքերով` նրանց ասվել է, որ համակարգիչ գնելու համար գումարի 1/3-ը պետք է ծնողները վճարեն, 1/3-ը` դպրոցը, եւ միայն մնացած մասը պետությունը կհոգա: «Եվ դրանից հետո ես այդ հարցում էլ չեմ խորացել, որովհետեւ ինչպե՞ս ես գումար հավաքեմ այն ծնողից, որն իր վզի զարդն է վաճառում երեխային պայուսակ ու գիրք գնելու համար»,- շարունակում է տիկին Մնացականյանը: Դպրոցն ունի 60 աշակերտ, կան ծնողներ, որոնք 3-4 երեխա ունեն այս դպրոցում եւ հազիվ են հասցնում հոգալ դպրոցական պիտույքների համար նախատեսված ծախսերը:
«Երեւանում սովորող աշակերտը կրթության նույն որակի իրավունք ունի, ինչ Հայաստանի ամենախուլ գյուղում ապրողը»,- նշում է Կարինե Հարությունյանը: Սակայն նրա բարի ցանկությունը հեռու է իրականությունից: Սա վերաբերում է հեռավոր գյուղերին, իսկ Երեւանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա գտնվող Ոսկեվազ գյուղի 600-ից ավելի աշակերտ ունեցող միակ դպրոցում կա 8 համակարգիչ, որոնցից 6-ն արդեն որպես արկղեր են օգտագործվում, եւ միայն երկուսն են դեռեւս պիտանի: Չնայած` մի բանում կարող ենք հանգիստ լինել. 7-ամյա վաղեմություն ունեցող այս երկու համակարգիչների պիտանելիության աստիճանը ոչ մի կերպ չի ազդում ուսուցման պրոցեսի վրա. երբ մտանք համակարգչային դասարան, օպերատորը «չաթ» էր անում, հենց այդ նույն ժամանակ 7-րդ դասարանցիներն ինֆորմատիկայի դաս էին անում ոչ համակարգչային դասարանում: «Ի՞նչ անեմ, 30 հոգուն ո՞նց տանեմ երկու կոմպյուտերի մոտ, իրար կծեծեն մի բան տեսնելու համար, չնայած անընդհատ կռիվ են անում, որ գնանք էնտեղ»,- ասում է ինֆորմատիկայի ուսուցչուհին` Գայանե Մանուկյանը: Եվ հայտնի չէ, թե արդյոք նույնքան լրջորե՞ն է ըմբռնված համակարգչի անժխտելի կարեւոր դերն ուսումնական պրոցեսում, որքան լրջորեն իրագործվում է համալրման ծրագիրը, թե՞ սա դարձել է պարզապես մոդայիկ մղում` հարեւան դպրոցից ետ չմնալու համար` երկրորդական պլան մղելով տեղեկատվական տեխնոլոգիաների առաջնային դերը կրթության ոլորտում: «Համակարգչային լսարանի բանալին երբեք ոչ ոք չի գտնում: Սարքերը կան, բայց դրանցից քիչ ենք օգտվում»,- ասում է թիվ 76 դպրոցի աշակերտ Մհերը:
Իսկ երբ Ոսկեվազի դպրոցի 9-րդ դասարանցի Անահիտին ու Անիին հարցրինք, թե ինչի՞ համար են հիմնականում մտնում համակարգչային դասարան, նրանք հանցակիցների պես միմյանց նայեցին ու վարանելով ասացին. «Ինտերնետից մեր սիրած դերասանների նկարներն ենք քաշում կամ քսերոքս ենք անում»: Նույն դպրոցի ուսուցիչ Նվեր Համբարձումյանն ասում է. «Համակարգիչն ի՞նչ ենք անում, եթե մաթեմատիկայի ուսուցիչը քանոն ու կարկին չունի, քիմիական փորձերի համար նյութ ու հարմարություններ չկան»: Միջնադարյան այս ռեալությունը հենց մեր կողքին է` Երեւանից ընդամենը 30 րոպե է պահանջվում այնտեղ հասնելու համար:
www.hetq.am