Մեր նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Խարբերդի մասնագիտացված
մանկատան 18 տարին լրացած երեխաների խնդրին, մասնավորապես կարեւորելով այն
հանգամանքը, որ մանկատունն իրավունք չունի այդ երեխաներին պահել, բայց
քանի որ նրանց խնդիրը մեր հանրապետությունում լուծված չէ, վերջիններս
դեռեւս ապրում են մանկատան հարկաբաժիններից մեկում:
Այն երեխաներն, ովքեր մտավոր հետամնացության հետ մեկտեղ տառապում են
հոգեկան որոշակի հիվանդությամբ, տեղափոխվում են Վարդենիսի տուն-ինտերնատ,
իսկ մյուսներն ապրում են Խարբերդի մասնագիտացված մանկատանը: Ըստ ՀՀ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց եւ
երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանի, Գյումրիի եւ
Խարբերդի մասնագիտացված մանկատներ բերվող երեխաների հետ կապված
ընդունելության խնդիրներ են առաջացել: Սոցիալական պայմանների, դեղորայքի
թանկության, երեխաների խնամքն ապահովելու համար ծնողների ոչ բավարար
հմտություններին տիրապետելու պատճառով՝ չեն կարողանում հաշմանդամ
երեխաների խնամքն ապահովել, եւ այդ երկու մասնագիտացված մանկատներ բերվող
երեխաների հոսքը մեծ է: Մասնագիտացված մանկատներում երեխաների տեղավորման
համար նույնիսկ հերթ է գոյացել, հատկապես Խարբերդի մանկատան համար:
Գյումրիի մասնագիտացված մանկատանն ապրում են մտավոր հետամնաց մինչեւ 6
տարեկան երեխաները, որոնք հետագայում տեղափոխվում են Խարբերդի մանկատուն,
այսինքն՝ ապահոված է անցումային փուլը: Խարբերդի մանկատան շրջանավարտների
հետ կապված մեծ խնդիր կա. հարկ է նշել, որ տիկին Ղազարյանը հերքեց
մանկատան տնօրենի այն պնդումը, թե շրջանավարտների համար կառույց ստեղծելու
նախագծի կետը հանվել է Ազգային ծրագրից՝ հավելելով, որ 2007-ից պետական
բյուջեով նախատեսվում է ֆինանսավորում` նրանց հարցը կարգավորելու համար:
«Տարիներ առաջ, երբ խոսվում էր այդ երեխաների ծրագրի մասին, թվում էր
հեռավոր երազանք, բայց մենք վստահ ենք, որ առաջիկայում խնդիրը լուծում
կստանա»,- ասաց տիկին Ղազարյանը: Վերջինիս խոսքերով՝ մեր հանրապետության
մանկատների երեխաների հիմնական մասը «սոցիալական որբության» պատճառով է
հայտնվել մանկատանը, այսինքն՝ նրանք ունեն երկկողմանի կամ միակողմանի
ծնողներ, բայց սոցիալական պայմաններից դրդված հայտնվել են մանկատներում:
«Ես կարծում եմ, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, եւ մի քանի տարի հետո
մանկատների երեխաների թիվը կտրուկ կպակասի,- ասում է տիկին Ղազարյանը:
-Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական
քաղաքականությունն այլընտրանքային ծրագրերի մշակման եւ իրականացման
միջոցով տանում է մանկատների բեռնաթափման, քանի որ լավագույն միջավայրը,
որտեղ կարող է երեխան ապրել եւ դաստիարակվել, ընտանիքն է: Մանկատուն կամ
որեւիցե խնամակալական հաստատություն տեղափոխելը տվյալ պահին ուղղակի
ելնում է երեխայի շահերից, քանի որ ծնողն ի զորու չէ երեխայի խնամքը
կազմակերպել իր ընտանիքում եւ, կարծում եմ, սոցիալական որոշակի խնդիրների
լուծումից հետո հնարավորություն կընձեռվի, որ ծնողն ինքն իր ընտանիքում
կազմակերպի երեխայի խնամքն ու դաստիարակությունը»: Ըստ Լ. Ղազարյանի,
ծնողները դիմում են իրենց համայնքի Խնամակալության եւ հոգաբարձության
հանձնաժողովին, եւ հանձնաժողովը քննարկում, որոշում է կայացնում երեխային
մանկատանը տեղավորելու համար, ապա նախարարությունը երեխային ուղեգրում է
մանկատուն:
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության ենթակայության տակ
գտնվում են ութ պետական մանկատներ, որտեղ խնամվում է շուրջ 935 երեխա:
Բացի պետական մանկատներից, հանրապետությունում գործում են նաեւ
բարեգործական կարգավիճակ ունեցող մանկատներ, որտեղ խնամվում են շուրջ 200
երեխաներ: Մանկատան շրջանավարտների խնդիրը տարիների ընթացքում մասնակիորեն
է լուծվել եւ պետական ծրագիր, որպես այդպիսին, չի եղել: 2003թ. պետության
կողմից հաստատվել է «Պետական աջակցություն ՀՀ մանկատների շրջանավարտներին»
ծրագիրը: Ծրագրի իրականացման համար պայմանագիր է կնքվել «Հայ ժողովրդական
ֆորում» հասարակական կազմակերպության հետ, որն իրականացնում է ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում սկսվել են ուսումնասիրություններ եւ, ըստ այդմ,
ծրագրի շահառուներ են դարձել նաեւ անկախության տարիներից հետո ՀՀ
մանկատներից դուրս եկած շրջանավարտները, քանի որ այդ տարիներին նրանք
մանկատներից դուրս գալուց հետո չեն օգտվել պետական հոգածությունից:
Ուսումնասիրության տվյալների համաձայն՝ մանկատան մոտ 220 շրջանավարտներ
կան, որոնք այսօր պետական աջակցության կարիքն ունեն: Առաջին տարվա ծրագրի
համար պետական բյուջեից հատկացվել է 200 մլն դրամ հիմնական խնդիրները
բավարարելու համար՝ բնակարանի գնում, բնաիրային օգնություն: 2003թ.
ծրագրում ընդգրկվել են մանկատան 55 շրջանավարտներ, որոնցից 45-ի համար
նախատեսվել է գնել, իսկ 10-ի համար՝ վարձակալել բնակարան: Ծրագրի
իրականացման համար բնակարանների թանկացման հետ կապված խնդիրներ են
առաջացել, այդ իսկ պատճառով ծրագրի գործընթացը ձգձգվել է: Ներկայումս կան
32 շրջանավարտներ, որոնք բնակվում են իրենց բնակարաններում, իսկ 13-ի
համար բնակարաններ կտրվեն մինչեւ հունիս-հուլիս ամիսները: Բացի
բնակարաններից եւ բնաիրային օգնությունից, շահառուներին տրամադրվել է
անվճար իրավաբանական օգնություն, եւ այն շրջանավարտներն, ովքեր չեն
ունեցել փաստաթղթեր կամ ինչ-ինչ պատճառներով կորցրել են՝ փաստաթղթերը
վերականգնվել են, ցուցաբերվել է նաեւ անվճար բժշկական օգնություն: 2004թ.
ծրագրում ընդգրկվել են 54 շրջանավարտներ, նրանց համար պետք է գնվեն
բնակարաններ եւ նրանք պետք է վերոնշյալ ծառայություններով ապահովվեն:
Դարձյալ բնակարանների գների թանկացման հետ կապված՝ Կառավարությունը
լրացուցիչ գումար է հատկացրել, որպեսզի բոլոր շահառուներին հնարավոր լինի
բնակարան հատկացնել. գնվել է 5 բնակարան եւ առաջիկայում նախատեսվում է
գնել մյուս 49 բնակարանները: Պատասխանելով հարցիս, թե մասնավորապես ի՞նչ
պայմաններ ունեցող բնակարաններ են գնվում մանկատների շրջանավարտների
համար, Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա
Ղազարյանն ասաց. «Դե՛, դուք գիտեք, որ բավականին թանկ է մեկ սենյականոց
բնակարանների արժեքը, հատկապես Երեւան քաղաքում, այն հասնում է մոտ
12-13.000 դոլարի եւ ավելին: Մեծամասամբ ծայրամասերում գտնվող մեկ
սենյականոց բնակարաններ են գնվում: Այն երեխաների համար, որոնց համար
դեռեւս բնակարան չի գնվել, վարձակալվում է, մինչեւ գնումը: Ես կարծում եմ,
երկար տարիներ պետական խնամքից դուրս մնացած, այն էլ՝ ծնողի խնամքի
բացակայության պայմաններում գտնվող երեխաների համար սա լավագույն լուծումն
է, որն արվել է պետության կողմից, եւ հույս ունենք, որ առաջիկա մեկ-երկու
տարում նախկին տարիների շրջանավարտներին տրվող բոլոր աջակցություններն
արդեն կավարտվեն, նրանք կապահովվեն բնակարաններով, որից հետո մենք
կունենանք միայն տվյալ տարվա շրջանավարտների խնդիրը: Յուրաքանչյուր տարի
մանկատների 20-25 շրջանավարտներ ենք ունենում, եւ խնդրի կարգավորումը
կհեշտանա»: Ի դեպ, մանկատների տղա շրջանավարտներն անցնում են զինվորական
ծառայության այնպես, ինչպես ՀՀ 18 տարին լրացած ցանկացած քաղաքացի, նրանց
համար պետությունը որեւէ արտոնություն չի սահմանել, եւ նրանք ծառայության
են անցնում ՀՀ «Զինվորական ծառայության մասին» օրենքի համաձայն: Մանկատան
պատանի շրջանավարտը միայն զինվորական ծառայությունից հետո կարող է օգտվել
պետական աջակցության ծրագրերից: