Հասնել եւ անցնել Օսկանյանին

06/06/2008

Ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում կայանալու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը: Մինչ այդ, երեկ հրավիրված իր առաջին ասուլիսում ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում կա առաջարկների կոնկրետ փաստաթուղթ, որը գրանցված է ԵԱՀԿ-ում եւ 2007թ. ԵԱՀԿ Մադրիդի վեհաժողովի ժամանակ ներկայացվել է կողմերին։ Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ հայտարարել է, որ անցած տարվա վերջին Մադրիդում կողմերին արված առաջարկների մասին այս պահին խոսք չկա: «Դա ուղղակի բանակցային գործընթացի մի մասն էր: Lինելով համանախագահներ` մենք տարվա ընթացքում լսել էինք երկու կողմի առաջարկները, արձանագրել եւ այդ հիմքի վրա առաջարկել էինք փոխզիջում»: Սակայն ՀՀ արտգործնախարարի եւ Մ. Բրայզայի հայտարարությունների միջեւ եղած «նուրբ» տարբերությանը չարժե մեծ ուշադրություն դարձնել, քանի որ, եթե հետեւենք Է. Նալբանդյանի տրամաբանությանը, ապա Հայաստանի համար ուրբաթ օրվա հանդիպման դրական արդյունքը կարելի է արդեն երաշխավորված համարել: Մասնավորապես, ՀՀ արտգործնախարարը երեկ ասել է, որ նախագահների հանդիպման արդյունքը դրական կարելի է համարել, եթե կողմերը հայտարարեն, որ պատրաստ են շարունակել բանակցությունները։ Դժվար չէ կանխատեսել, որ առնվազն մինչեւ այս տարվա աշնանն Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները՝ ադրբեջանական կողմից բանակցությունները դադարեցնելու մասին հայտարարություններ չեն հնչի: Հետեւաբար՝ հերթական դիվանագիտական հաղթանակն արդեն ապահովված է: