ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Դոննա Դաուսեթ-Կոիրոլոյին: Անդրադառնալով Հայաստանում 2008-2012թթ. զարգացման քաղաքականության տարբերակների ընտրության վերաբերյալ ՀԲ զեկույցին, Տ. Սարգսյանը նշել է, թե այդ փաստաթղթում կան չափազանց հետաքրքիր առաջարկություններ, որոնք կարող են որոշակիորեն օգտակար լինել եւ թարմություն մտցնել կառավարության ծրագրերում: Իսկ Դաուսեթ-Կոիրոլոն վերահաստատել է Հայաստանի հետ ՀԲ-ի համագործակցության պատրաստակամությունը, ընդգծելով, որ շատ տպավորված է ՀՀ նախագահի քաղաքական հայտարարություններով եւ ցանկանում է ՀՀ կառավարության ղեկավարի հետ քննարկել այն առաջնահերթությունները, որոնք կարող են առաջիկա տարիներին դառնալ կառավարության եւ բանկի համագործակցության հիմքը: Տ. Սարգսյանը համագործակցության արդյունավետության տեսանկյունից կարեւորել է կառավարության` իբրեւ ընդհանուր մոտեցումներով եւ ծրագրերով միասնական թիմի, գործակցությունը ՀԲ-ի հետ` կարեւորելով երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացման ճանապարհին բանկի աջակցությունը: Ընդգծելով, որ կառավարության ծրագրում առաջնահերթություններն արդեն ամրագրված են, Տ. Սարգսյանը խոսել է հատկապես կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, կենսաթոշակային համակարգի բարեփոխումների, հարկային, մաքսային ոլորտներում վարչարարության կատարելագործման, էլեկտրոնային կառավարման ներդրման եւ տեղեկատվական հասարակության ձեւավորման ուղղությամբ նախատեսվող ծրագրերում ՀԲ-ի աջակցության կարեւորության մասին: