«Ընդդիմությո՞ւն եմ, թե՞ իշխանություն»

06/06/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հասարակությունը երբեք իր ակնկալիքներին համարժեք պատասխան չի ստանում իշխանություններից»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը` նշելով, որ դա դրական երեւույթ է, քանի որ հենց հասարակությունը զգա, որ իր ակնկալիքները բավարարված են, թե՛ երկրի, թե՛ այդ հասարակության զարգացումը կանգ կառնի: Ըստ նրա` սակայն, սխալ է, երբ նայում ու ոչինչ չեն տեսնում: «Դժգոհ լինելը նշանակում է՝ նայել, տեսնել ու ավելին պահանջել: Այսօր մեզ մոտ դժգոհները բացարձակ սեւն են տեսնում, գոհերը` սպիտակը: Երկուսն էլ վատ է»,- ասաց նա: Անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող Հասարակական պալատի ստեղծմանը, Ա. Պետրոսյանը նշեց, որ իր համար ծիծաղելի են դրա շուրջ բորբոքվող կրքերը: «Թող իր համար լինի այդ պալատը: Եթե մարդիկ կան, որ ուզում են սպառել իրենց էներգիան այդ հասարակական պալատում, թող գնան` սպառեն: Մյուս կողմից էլ՝ այդ հասարակական պալատը հասարակության հետ կապված խնդիրների պատասխան տվող չի: Մտածել, որ փրկիչները գալիս են փրկելու, հասարակության ոչ առողջության նշան է»,- ասաց նա:

Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ անկախ ամեն ինչից` հունիսի 20-ին կայանալու է ընդդիմության հանրահավաքը, եւ եթե բախումներ տեղի ունենան, դրանց մեղավորը իշխանությունները կլինեն: Ա. Պետրոսյանն այդ տեսակետը, բնականաբար, չի կիսում: «Մարտի մեկի մեղավորներից մեկն էլ ես եմ, քանի որ այս երկրում բան եմ ասում, խոսում եմ: Պատասխանատվությունը բոլորիս վրա է, ես զգում եմ, ինքը չի՞ զգում: Եթե քաղաքականությամբ ես զբաղվում, դու պատասխանատու ես քո ամեն ասածի ու արածի համար: Եթե ժողովուրդը քո պատճառով հավաքվել է, նրան մինչեւ վերջ պիտի տանես: Ինձ շատ հետաքրքիր է` իսկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի որդին այստեղ չէ՞: Եթե այստեղ չի, ինչպե՞ս է նա ուրիշների որդիներին տանում անորոշության, մանավանդ, եթե կարծում է, որ սա ավազակապետություն է: Ես ինձ պատասխանատու համարում եմ նաեւ հունիսի 20-ի համար»,- ասաց Ա. Պետրոսյանը` ավելացնելով, որ մարդիկ, իհարկե, հանրահավաքներ անելու իրավունք ունեն, սակայն ինքը ժողովրդավարության այդ տարբերակը չի ընդունում: Ա.Պետրոսյանի ընդունած ժողովրդավարության տարբերակը, հասկանալի պատճառներով, դեռեւս բացահայտված չէ: Պատգամավորի կարծիքով` Սերժ Սարգսյանն է մեղավոր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին այդքան մարդիկ հավաքվեցին: Նրա խոսքով` Լ. Տեր-Պետրոսյանի 10 տարվա լռությունն ինտրիգ առաջացրեց հասարակության մեջ, Սերժ Սարգսյանն էլ իրեն հակառակորդ մրցակից միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին տեսավ, ու հօգուտ նրա քարոզչությունը ծավալվեց: Կարող էր, չէ՞, որպես միակ մրցակից տեսնել Վահան Հովհաննիսյանին ու նրա օգտին քարոզչություն անել: Ի դեպ, Ա. Պետրոսյանի կարծիքով` երկրում երկխոսությունը կայացել է, քանի որ ընդդիմությունը միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ: Իսկ թե ով է ընդդիմությունը` վերստին պետք է բացահայտել: Ա.Պետրոսյանն ասում է, որ եթե իր ոտքը կոտրված չլիներ, ինքն անպայման կգնար Ազատության հրապարակ՝ տեսնելու, թե այնտեղ ինչ է կատարվում: «Այնքան այդպիսի մարդիկ կային, որոնց ոտքը կոտրված չէր, նրանք համաձայն չէին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ու գնում էին այնտեղ: Նույնն էլ Վահան Հովհաննիսյանի հետ կապված կարող եմ ասել: Ասել, որ եթե մարդիկ հավաքվել են, ուրեմն լեւոնական կամ վահանական են, սխալ է»,- ասաց նա` նշելով, որ չի պատկերացնում երկխոսությունը` սեղանի մի կողմում՝ Սերժ Սարգսյանին, մյուս կողմում` Լեւոն Տեր-Պետրոսյանին, քանի որ դա չի նշանակի, թե հասարակության երկու հատվածների միջեւ երկխոսություն տեղի ունեցավ: «Երկխոսությունը ես համարում եմ Եվրոպայի կողմից պարտադրված արհեստածին գլուխկոտրուկ»,- ասաց նա:

Ա. Պետրոսյանի խոսքերով` ինքը չի կարող բնորոշել՝ երկրում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ: Սակայն նա գտնում է, որ Արարատ Զուրաբյանը, Ալիկ Արզումանյանը, Ժիրայր Սէֆիլյանը բանտում չպետք է լինեն: «Ես ընդհանրապես դեմ եմ, որ քաղաքական իրադարձություններից հետո մարդիկ հայտնվում են բանտում, սակայն 10 մարդ զոհվել է իմ երկրում, եւ ես ուզում եմ իմանալ, թե ով է դա արել: Ես դա պահանջում եմ իշխանություններից: Ես ավելցուկով հավատում եմ, որ դա չէր կարող անել Արարատ Զուրաբյանը, Ալիկ Արզումանյանը, Ժիրայր Սէֆիլյանն էլ արդեն անազատության մեջ էր»,- ասաց նա` ավելացնելով, որ Ժիրայր Սէֆիլյանը, ինչպես մյուս հայերը, իրավունք ունի ստանալ ՀՀ քաղաքացիություն: «Դա իմ անձնական կարծիքն է, ոչ թե ՀՅԴ-ի: Հիմա, դուք ինձ որտե՞ղ եք դնում. ես ընդդիմությո՞ւն եմ, թե՞ իշխանություն, ես ի՞նչ անեմ իմ կարծիքի հետ, հարմարեցնե՞մ ինչ-որ մեկի հետ»,- լրագրողներին հարցրեց տիկին Պետրոսյանը: Նա հերթական անգամ ասաց, որ իշխանության մաս կազմելը չի նշանակում՝ չմտածել ճշմարտության մասին ու չորոնել դա: Պատգամավորին զարմացնում է, որ իշխանություններն «այդքան ապաշնորհ ձեւով ամեն ինչ այս երկրում փորձում են լրջացնել`պարզ խաղիկները դարձնելով լուրջ խնդիրներ»: Նրա կարծիքով` ամեն ինչին կարող են այլ հայացքով նայել, մի քիչ հումոր մտցնել: Ալվարդ Պետրոսյանի խոսքերով` մարտի 1-ից հետո այդքան մեծ քանակով մարդկանց ձերբակալելն, ապա ազատ արձակելն իրեն զարմացնում է: «Ինչո՞ւ էին բռնում, որ պետք է բաց թողնեն: Ինձ դուր չի գալիս, որ բռնելն ու բաց թողնելը խաղիկներ են, սիրաշահել է: Պետք է մարդկանց օրենքով ազատեն, ոչ թե սիրաշահելով»,- հայտարարեց նա: