«Ղարաբաղյան գործընթացում ստատուս-քվոյի իրավիճակը վտանգավոր է»,- Day.az պարբերականին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Դա ակնհայտ է, երբ փոխհրաձգություն է, եւ մարդիկ են զոհվում: Երկու կողմն էլ տուժել են, եւ նրանք պետք է ընդհանուր լեզու գտնեն եւ բանակցությունները հասցնեն համաձայնությունների մակարդակի, իսկ դա նշանակում է՝ փոխզիջման որոնում»,- հայտարարել է Բրայզան: Ըստ նրա` առանց փոխզիջման չի լինի խաղաղ համաձայնություն, սակայն այդ հարցը կախված է ոչ թե համանախագահներից, այլ` հակամարտության կողմերից: Նրա հավաստմամբ` համանախագահները պատրաստվում են վերսկսել բանակցություններն «այն պահից, որտեղ դրանք կանգ էին առել Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ»` դրանով իսկ պահպանելով բանակցային գործընթացի շարունակականությունը: Ինչ վերաբերում է անցած տարվա վերջին Մադրիդում կողմերին արված առաջարկներին, ապա, Մեթյու Բրայզայի հավաստմամբ, այս պահին դրանց մասին խոսք չկա. «Դա ուղղակի բանակցային գործընթացի մի մասն էր: Lինելով համանախագահներ` մենք տարվա ընթացքում լսել էինք երկու կողմի առաջարկները, արձանագրել եւ այդ հիմքի վրա առաջարկել էինք փոխզիջում: Այդ փոխզիջման մեջ կային պահեր, որոնք անընդունելի էին եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Հայաստանի համար, սակայն դա բնական է: Պետք է շարունակել առկա բանակցային գործընթացը եւ ընդհանուր լեզու փնտրել»: