Քաղաքակիրթ աշխարհում նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Այս առումով մենք հետ չենք մնում քաղաքակիրթ աշխարհից: Բայց սա՝ միայն առաջին հայացքից: Որովհետեւ ողջ աշխարհում քաղաքական համակարգը վաղուց արդեն կայացած ինստիտուտ է, իսկ մեզ մոտ «քաղաքական դաշտ» ասվածն ընդամենը գեղեցիկ ֆրազ է:
Եվ սա է նաեւ պատճառը, որ հայաստանյան կոալիցիոն եւ ոչ կոալիցիոն կառավարություններում հաճախ հայտնվում են նաեւ բառիս բուն իմաստով պատահական եւ գործին չտիրապետող մարդիկ: Սա իր հերթին գալիս է նրանից, որ քաղաքակիրթ երկրներում կուսակցությանն անդամակցում են ոչ թե պատգամավոր ընտրվելու կամ որեւէ պաշտոնյայի խոսնակ դառնալու նպատակով, այլ գաղափարական հենքի վրա: Ընդ որում, ստացվում է այնպես, որ յուրաքանչյուր կուսակցություն ունենում է իր կադրային բանկը, որի հիման վրա եւ յուրաքանչյուր ընտրություններից առաջ տվյալ կուսակցությունը կազմում է իր ստվերային կաբինետը: Մեր պարագայում շատ հաճախ կադրային բանկն ավելի շատ հիշեցնում է կադրային «բանկայի», որտեղից ժամանակ առ ժամանակ կուսակցության ղեկավարները հանում են «թթու դրած կամ մարինադ արած վարունգներին», եւ վերջիններիս բաժանում պաշտոններ, կոալիցիոն հուշագրի համաձայն: Ժամանակի ընթացքում վերջիններս դառնում են խորհրդականներ, իսկ հետո էլի սկսում են «լավ չապրել»: Ի դեպ, նույնը վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորներին: Դատեք ինքներդ: 60-ից ավելի պատգամավորներ ունեցող ՀՀԿ խմբակցությունից հանրությանը հայտնի են ընդամենը 10-12-ը: Այսինքն` 20%-ը: Իսկ գիտե՞ք ինչու մնացած 80%-ը ոչ մի տեղ չեն երեւում: Մի պարզ պատճառով` որովհետեւ խոսել չգիտեն: Իսկ, ասենք, իրենց ինտելեկտուալ համարող կոալիցիայի մյուս անդամներն էլ սիրում են խոսել միայն այն ժամանակ, երբ իրենց «չեն նեղում»: Օրինակ, կոալիցիան ներկայացնող խմբակցությունների պատգամավորները հրաժարվում են մասնակցել «Արմենիա» հեռուստատեսության «Հեռուստադուել» նախագծին: Պատճառը պարզ է` վախենում են պարտվելուց: Իհարկե, մեր ազգընտիրները երբեք չեն բարձրաձայնում սույն փաստը` բերելով բազմաթիվ այլ պատճառներ: Համոզված եմ, եթե «Հեռուստադուելում» չլիներ հեռուստադիտողների քվեարկությունը, ապա նրանց մի մասը կհամաձայներ, քանզի անկախ հեռուստադիտողի կարծիքից, իր մտերիմների մոտ ելույթը կներկայացվեր միանշանակ` «Տեսա՞ր ոնց կզցրի դրան»: Ի դեպ, արդարության համար նշեմ, որ հաղորդմանը հրաժարվում են մասնակցել ոչ միայն իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները, այլեւ ընդդիմադիր, կիսաընդդիմադիր եւ «սութի» ընդդիմադիր քաղաքական գործիչներից շատ-շատերը: Իհարկե, այս ընթացքում եղել են նաեւ հասարակության համար ընկալելի` թե՛ մարդկային, թե՛ պրոֆեսիոնալ առումով նորանշանակ նախարարներ, ինչպես` ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԱԳՆ նախարար Էդուարդ Նալբանդյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը (առնվազն մարդկային առումով):
Կադրերի առումով ամենասնանկ վիճակում կարծես թե գտնվում է ՕԵԿ-ը: Խոստովանենք, որ դժվար է ՀՀ Տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Գուրգեն Սարգսյանին ՕԵԿ-ական անվանելը, քանի որ նա ճանաչված էր դեռեւս իր նախկին գործունեությունից, զբաղեցրած նախկին պաշտոններից, բայց անհասկանալի էր, թե նա երկու օր առաջ ինչո՞ւ հայտարարեց, որ տրանսպորտի գները չեն թանկանա: Չգիտեմ, որտեղից է գալիս պարոն Սարգսյանի այս լավատեսությունը, բայց եթե համաշխարհային շուկայում վառելիքի գներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, իսկ տրանսպորտային փոխադրումների գնագոյացման հիմնական մասը կազմում է հենց վառելիքի գինը, ապա, կարծում եմ, որ պարոն Սարգսյանի այդ հայտարարությունը նույնիսկ լավագույն ցանկության դեպքում անկատար կմնա: Սրան հակառակ՝ ՀՅԴ-ն վերջերս փորձեց բոլորին ապացուցել, որ ինքն այնքան կադր ունի, որ կարող է նախարարներին «գյուռ-գյուռ» փոխել: Ինչեւէ, փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում, որտեղ 3 միլիոն բնակչության պարագայում 70-ից ավելի կուսակցություններ կան, կադրային բանկի մասին պետք է մտածեն ոչ միայն կուսակցությունները, այլեւ պետությունը: Այս իմաստով բավական բարդ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վիճակը` պրոֆեսիոնալ եւ հասարակության համար ընկալելի կադրեր նշանակելու առումով: Եվ որպեսզի կադրային բանկի «ելքային մասը» լինի որակյալ, նրա «մուտքային մասը» պետք է ապահովել դեռ բուհական տարիքից: Իսկ մեր բուհերի շատ շրջանավարտներ դեռ իրենց անունն ու ազգանունը գրել չգիտեն: Ի դեպ, ասում են, որ հունիսի 2-ին կայացած «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից միասնական քննության ժամանակ դեպք է գրանցվել, երբ քննությանը ներկայացած երեխաների մի մասը (անկախ սեռից) բառիս բուն իմաստով հագնված են եղել միանման մայկաներով: Բոլորովին նոր տեխնոլոգիա՝ կաշառակերության դեմ պայքարի շրջանակներում: Նման պարագայում այս երեխաները համալրելու են ոչ թե մեր կադրային բանկը, այլ դառնալու են հայկական «կադրային բանկայի հերթական թթուն»: Ինչպես կասեր ռուս մեծ գրող Զոշչենկոն. «Իսկ Դուք ասում եք` չի կարող պատահել»: