Խոսքի հակառակ կողմը

06/06/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ոչ ոք չի կարող հերքել, որ վարչապետ Տ. Սարգսյանի նշանակմամբ՝ իշխանական վերնախավում հայոց լեզվի նկատմամբ ակնածանքը որոշակիորեն բարձրացել է։ Վարչապետի ձեւակերպած նախադասությունները լսելիս, ինչպես կասեր Ա. Գեղամյանը, ակամայից հիշում ես Դոստոեւսկու գործերը, որտեղ հերոսները խոսում են չնաշխարհիկ լեզվով, դժվար բառերի համադրությամբ ու խոսքին վեհաշուք հմայք տալով։

Անգամ այն դեպքում, երբ խոսում են ամենապարզ բաների՝ օրինակ՝ մի գավաթ գարեջուր խմելու մասին։ Մերոնց դեպքում ցավալին այն է, որ ասում են բաներ, որոնք առաջին հայացքից շատ համոզիչ են, շատ հայրենասիրական ու անկեղծ, բայց երբ առաջին տպավորությունից առաջացած էյֆորիան անցնում է, եւ փոքր-ինչ վերլուծում ես դրանք, հասկանում ես, որ ասածից լրիվ հակառակ բան է ստացվում։

Ասվածն ապացուցող օրինակներից մեկն էլ ընդամենը երկու օր առաջ հարկային մարմինների հետ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի հանդիպումն էր։ «Մեր տրամադրվածությունը վճռական է, եւ մենք չենք վախենալու կադրային փոփոխություններից՝ համարձակ եւ համատարած։ Մենք կատարում ենք ուսումնասիրություններ՝ պարզելու՝ համակարգում ովքեր են զբաղվում բիզնեսով, ինչը հնարավոր չէ թաքցնել։ Ովքեր են զբաղվում հովանավորչությամբ՝ սա եւս հնարավոր չէ թաքցնել»,- ասել է վարչապետը՝ շեշտելով, որ նման մարդիկ ավելի լավ կանեն իրենց հոժար կամքով հեռանան։ Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Առաջին` նախորդ տարիների ընթացքում այստեղ եղել է բարձիթողի վիճակ, հարկային տեսուչներն ինչ ասես արել են, ոչ ոք չի պատժվել, այսինքն՝ ապրել են կատարյալ անօրինության մեջ։ Երկրորդ՝ այնպիսի տպավորություն է, թե հարկային մարմնի այն աշխատակիցները, ովքեր միլիոններ են կուտակել բիզնեսով ու հովանավորչությամբ զբաղվելով, կարող են հանգիստ հեռանալ ու վայելել իրենց կարողությունը։ Մի պահ մտածում ես՝ ինչ եղել՝ եղել է, եթե գոնե սրանից հետո նորմալ աշխատեն, էլի վատ չէ։ Բայց արի ու տես, որ հավատալու հիմքեր չկան։ Միգուցե մեզ մեղադրեն հանրությանը «սխալ ազդակներ» հաղորդելու մեջ, բայց այդ ազդակներն առաջին հերթին հաղորդում են հենց հարկային տեսուչները։ Օրինակ, խորհուրդ կտայինք մի հետազոտություն իրականացնել եւ պարզել, թե հարկային տեսուչներին ո՞վ է իրավունք տվել մտնել խանութներն ու կրպակներն ու ՀԴՄ-ի կտրոն չտրամադրելու ակտ գրել, անգամ այն դեպքում, երբ վաճառողը տալիս է կտրոնը։ Ընդ որում, դա անում են, ինչպես ժողովուրդն է ասում, «համ եղելով, համ դաղելով»՝ մտերմիկ զրույցներում անկեղծանալով՝ «ախպեր, մենք մեղք չունենք, վերեւից պլան ա դրված, բոլորի վրա պիտի տարեկան գոնե մի հատ ՀԴՄ-ի ակտ գրենք»։

Հարկայինից անցնենք մեկ ուրիշ ոլորտի՝ տրանսպորտին։ Շատ էր խոսվում, որ գազի գնի սուբսիդավորման դադարեցումից հետո երթուղային տաքսիների գները կբարձրանան։ Երթուղիները շահագործողների հաշվարկներով, գազի թանկացումից հետո ուղեվարձը պետք է կազմի 202 դրամ։ Իսկ Տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Գուրգեն Սարգսյանը 2 օր առաջ լրագրողներին հայտնել է, որ դա հիմնավորված գին չէ, կառավարության աշխատանքային խմբի հաշվարկներով՝ այդ գինը կազմել է 58 դրամ։ Թվում է՝ կարելի է ուրախանալ, պետությունը մտածում է տրանսպորտից օգտվող քաղաքացիների մասին։ Բայց այստեղ ծագում է հաջորդ հարցը՝ եթե գազի թանկացումից հետո ուղեվարձը 58 դրամ է կազմում, ինչպե՞ս է պատահել, որ էժան գազի պայմաններում տարիներ շարունակ գինը եղել է 100 դրամ։ Ինչո՞ւ են հանդուրժել, որ որոշ մարդիկ գերշահույթներ ստանան։ Մի խոսքով՝ նորից հակառակ բանը ստացվեց։ Ի դեպ, երթուղայինների հարցում ամենեւին պետք չէ մեղադրել վարորդներին։ Նրանք համաձայն կլինեն 100 դրամով աշխատել, եթե «գծատերերին» մի քիչ ավելի պակաս վճարեն։ Իսկ ովքե՞ր են գծատերերը։ Ճիշտ է՝ պատգամավորներ, պատգամավորների բարեկամներ, տարբեր պաշտոնյաներ։ Իսկ կոալիցիոն կուսակցությունների պատգամավորներն օրինագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է կրկնապատկել ՀՀ նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, ԱԺ նախագահի ու բոլոր պատգամավորների եւ Երեւանի քաղաքապետի աշխատավարձը։ Օրենքի նախագիծն արդեն հասցրել է քննադատության արժանանալ մամուլում։ Մենք ընդամենը մի հարցադրում ավելացնենք: Ընդ որում՝ միայն պատգամավորների մասով, որովհետեւ հենց նրա՛նք են օրենսդրական նախաձեռնության հեղինակը։ ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը, հիմնավորելով աշխատավարձերի առաջարկվող բարձրացումը, «Հայոց Աշխարհ» թերթին ասել է. «Պետական բարձրագույն պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելը նաեւ պետության հեղինակության խնդիր է։ Մենք պարտավոր ենք եւ՛ պատգամավորներին, եւ՛ նախարարներին, եւ՛ մյուս պաշտոնյաներին պատշաճ աշխատավարձ վճարել: Այս կերպ միայն կարող ենք կասեցնել պետական համակարգից լավագույն մասնագետների հոսքը մասնավոր հատված»: Նա, իհարկե, չի նշել, թե ով է այդ վճարող «մենքը»:

Ռ. Պետրոսյանն իրավացի է. պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացումը կանխարգելում է կադրերի հոսքը՝ պետականից մասնավոր հատված, եւ նպաստում կոռուպցիայի դեմ պայքարին։ Բայց Ռ. Պետրոսյանը մի պահ մոռացել է, որ իրենց նախագիծը վերաբերում է ղեկավար աշխատողների դրույքաչափերին՝ երկրի նախագահ, ԱԺ նախագահ, պատգամավորներ եւ այլն։ Իսկ նրանց դեպքում այս հիմնավորումը հավատ չի ներշնչում։ Օրինակ՝ ինքը՝ Ռ. Պետրոսյանը, ով ստանում է 300.000 դրամ աշխատավարձ, կհամաձայնի՞ մանդատը վայր դնել եւ աշխատել մի մասնավոր ընկերությունում՝ ստանալով 700 հազար դրամ։ Կամ կարո՞ղ է նշել գոնե մեկ պատգամավորի անուն, ով նման բանի կհամաձայնի։ Ո՞վ է տեսել՝ մարդ ընտրակաշառք բաժանի, կեղծիքներ անի, ընտրվի, որ մնա աշխատավարձի հույսին։ Մնում է օրինագծի մեջ մի կետ ավելացնել, որ պատգամավորները գերլարված աշխատանքից հետո անվճար մածուն ստանան։ Բացի այդ, մասնավոր ընկերություններում հիմա գնահատում են գիտելիքը, կոճակ սեղմելու ունակությունն այնտեղ պետք չէ, որ բարձր աշխատավարձ վճարեն։

Այն կարծիքներին ի պատասխան, թե դա նորմալ քայլ է, չի կարելի ամեն ինչի միայն վատը տեսնել, դա այդքան էլ մեծ գումար չէ եւ այլն, առաջարկում ենք մի պարզ հաշվարկ կատարել։ Ունենք 131 պատգամավոր։ Նրանցից յուրաքանչյուրի աշխատավարձն ավելանալու է 300 հազար դրամով։ Ստացվեց՝ 39 միլիոն 300 հազար դրամ։ Սա էլ բազմապատկենք 12 ամիսներով՝ 471 միլիոն 600 հազար դրամ կամ մոտավորապես 1.5 միլիոն դոլար։ Փաստորեն, մեր ազգընտիրներն ուզում են բյուջեն 1.5 միլիոն դոլարով «թուլացնել»՝ միայն իրե՛նց մասով. երեւի «ախրանաներին» աշխատավարձ չեն կարողանում վճարել։ Պարոնայք, իսկ կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ կարելի էր անել 1.5 միլիոն դոլարով։ Խորհուրդ կտայինք կարդալ մեր թերթի լրագրող Լուսինե Ստեփանյանի նյութերը։ Ասենք, հենց 4-ամյա Սեւակի մասին, ով գիտի, որ «կռիսները սառն են», որովհետեւ իր ոտքը կծել են, որովհետեւ Նոր Արեշի 3-րդ հանրակացարանի նկուղային հարկում, ուր նրանք ապրում են, վխտում են առնետները։ Տղան հիվանդ է՝ նյարդային համակարգի խնդիրներ ունի, վաղը-մյուս օրը կարող է գամվել սայլակին, նրա նմանները շատ են, իսկ դուք խոսում եք պետության հեղինակությունից։ Մի անհանգստացեք, ձեր պատկերացրած «պետության հեղինակությանը» վտանգ չի սպառնում՝ թեկուզ հենց Դեմիրճյան փողոցի վրա կայանած «բրաբուսների» ու «պորշեների» շքեղ տեսարանի շնորհիվ։