Երես առած երեսփոխաններ

06/06/2008 Արա ԳԱԼՈՅԱՆ

Քաղաքացիական անկատար հասարակությունը, կամ, եթե կուզեք, դրա բացակայությունն ահագին լայն հնարավորություններ է ընձեռում իշխանություններին: Մաքուր հայերենով ասած` նրանք կարգին երես են առնում: Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրված պետական բարձրագույն չինովնիկների ու հենց իրենց` պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հարցը: Մի քանի օր առաջ խորհրդարանը պատրաստվում էր մի քանի լրացուցիչ հանձնաժողով ձեւավորել: Նրանց ամենեւին չի հետաքրքրում, թե այդ ծախսերն ով է քաշելու: Այսինքն՝ խորհրդարանում մոտ ապագայում կավելանան երեք ծառայողական ավտոմեքենաներ: Իրենց վարորդներով, բնականաբար: Երեք կարճփեշ քարտուղարուհի-գործավարուհիներ` հայերեն ու անգլերեն լեզուների մի մասի անթերի իմացությամբ: Երեք առանձնասենյակ կնորոգվի, առնվազն երեք նոր հեռախոսահամար կվարձակալվի: Ու այդ ամենն, անգամ՝ կարճփեշ քարտուղարուհիները, կվարձատրվեն պետբյուջեից: Նույն պետբյուջեից, որ բավարար ու օրենքով նախատեսված չափով գումար չի կարողանում հատկացնել կրթությանն ու գիտությանը: Որ տարիներ շարունակ չի կարողանում նվազեցնել ավելացված արժեքի հարկը: 20 տոկոսանոց այդ հարկը տարիներ շարունակ թալանում է սպառողին ու ոչ բարենպաստ տնտեսական պայմաններ թելադրում գործարարներին:

Երկրում, ուր կենսաթոշակի անցնող ուսուցչին 25 հազար դրամի չափ գումար է նախատեսված, իսկ զինվորականի համար՝ 50 հազար, պատգամավորները նախատեսում են ստանալ 600 հազար: Տղերքը, երեւի, չգիտեն, թե որքան նպաստ է ստանում զոհված ազատամարտիկի կամ զինվորականի զավակը: Այլապես, կարծում եմ, կամաչեին իրենց նախագծից: Մի կողմ թողնենք խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը երկրի հասարակական-տնտեսական կյանքում: Մեր խորհրդարանականները երբեք էլ աշխատասիրությամբ աչքի չեն ընկել: Ամեն անգամ, երբ մեր պատգամավորները բարեփոխում են ԱԺ աշխատակարգի մասին օրենքը, որպես կանոն, կրճատում են իրենց աշխատանքային օրերը: Իհարկե, նրանք հասարակությանը միշտ հիշեցնում են հին հեքիաթն այն մասին, որ միայն լիագումար նիստերը չեն պատգամավորների աշխատանքային օրերը: Հասարակությունից (հատկապես՝ լրագրողներից) թաքուն նրանք իբր աշխատում են հանձնաժողովներում կամ իրենց աշխատասենյակներում: Հասարակությունն, իհարկե, պետբյուջեի միջոցներով հետեւում է, որ նրանց աշխատասենյակները չոր լինեն, ամռանը` զով, ձմռանը` տաք: Բայց պատգամավորները երեւի գլխի չեն ընկնում, որ այդ պայմանները հասարակությունն ապահովում է աշխատելու համար: Հիմա նրանք աշխատելու համար նոր պայմաններ են առաջադրում` բարձրացնել իրենց աշխատավարձը: Ձեռքի հետ բարձրացնել նաեւ նախարարների, վարչապետի ու երկրի նախագահի աշխատավարձը: Գործադիրին, հավանաբար, մեջ են գցել, որ նրանք էլ շահագրգռված լինեն ու ավելորդ հարցեր չտան: Մեր պատգամավորները չնախատեսված ծախսերի օրինագծեր ներկայացնելու սովորություն միշտ են ունեցել: Մի քանի կառավարություն, տարիներ շարունակ, նրանց ախորժակը սահմանափակում էր նույն հարցը տալով` «Ասեք խնդրեմ, պարոնայք, բյուջեի ո՞ր հատվածից եք նախատեսում կտրել նոր ծախսերի չափով գումարը»: Հարցը սովորաբար անպատասխան էր մնում: Հիմա, եթե նոր կառավարությունը հանդգնի ԱԺ-ին նման հարց ուղղել, պատգամավորները կարող են պատասխանել` «Բյուջեի 09 խմբի 3-րդ, 5-րդ տողերից եւ 10-րդ խմբի բոլոր տողերից համամասնորեն»:

Հասարակությունն այդ պատասխանից ոչինչ չի հասկանա: Ոմանք գուցե մտածեն, որ պետական ապարատի ծախսերը կրճատելով են փորձում բարձրացնել իրենց աշխատավարձը: Բայց կառավարությունը տեսնելով, որ պատգամավորներն իրենց աշխատավարձը պատրաստվում են բարձրացնել կրթության ու սոցիալական ծախսերի հաշվին, կհասկանան: Կհասկանան, որ գործ ունեն նպատակասլաց տղերքի հետ, ու տեղի կտան: Հեռավոր 1992թ. Էստոնիայի կառավարությունը որոշում ընդունեց նախարարների աշխատավարձը բարձրացնելու մասին: Համալսարանի ու մի քանի այլ բուհերի ուսանողները մի պարկ սեւ գրոշ հանգանակեցին ու տարան-դրեցին կառավարության մուտքի դիմաց՝ կից նամակով բացատրելով, որ ուզում են իրենց նպաստն ունենալ սոցիալապես անապահով նախարարների բարեկեցության ապահովման գործում: Էստոնիայի կառավարությունն ամոթից չեղյալ հայտարարեց իր որոշումը: Մեր ուսանողները նման բան չարեցին, երբ անցած տարի բարձրացրեցին, օրինակ, նախկին փոխվարչապետի աշխատավարձը 20 կամ 25 հազարով: Հիմա էլ ոչինչ չձեռնարկեցին՝ երեւի մտածելով, որ քաղաքացիական հասարակությունում աշխատող մեթոդներն այլ հասարակությունում չեն գործի: