Այն, ինչ կատարվեց մայիսի 30-ին Հայաստանի Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում, կարելի է անվանել փոքր հեղափոխություն: Կոլեգիայի նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը վկայում է, որ Հայաստանում պաշտպանական բարեփոխումներն արդեն առասպելական գործընթաց չեն, այլ գրեթե իրականություն:
Ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքերը վկայում են այն մասին, որ ինքը լի է վճռականությամբ այդ բարեփոխումներն իրականացնելու համար` ամեմամեծ տպավորությունը ելույթից վերաբերում է նախարարի անկեղծ հավատքին բարեփոխումների անհրաժեշտության մասին: Մեջբերենք Սեյրան Օհանյանի ելույթի հիմնական մասը. «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք դրույթների վրա, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել պաշտպանության նախարարի հրամանի նախագիծը եւ պաշտպանական բարեփոխումների ծրագրի լրացումները նախապատրաստելիս: Պաշտպանական բարեփոխումների ծրագրում շարադրված հարցերի կոորդինացման աշխատանքը պետք է շարունակի գլխավոր շտաբի պետի ղեկավարած նորացված հանձնաժողովը` իր կազմում ընդգրկելով բանակային կորպուսների, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարման օպերատիվ օղակների ներկայացուցիչներին` համապատասխան հրամանատարների եւ պետերի ներկայացմամբ, Պաշտպանության նախարարության Միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության, հետագայում՝ նաեւ Գլխավոր շտաբի կառուցվածքում ստեղծվելիք Հայաստանի Զինված ուժերի զարգացման ռազմավարական պլանավորման վարչության ակտիվ մասնակցությամբ: Հանձնաժողովի նիստ գումարել նվազագույնը ամիսը մեկ անգամ, կանոնավորապես քննարկել պաշտպանական բարեփոխումներին վերաբերող տարաբնույթ հարցեր, արձանագրել յուրաքանչյուր նիստ, եւ այդ մասին զեկուցել ինձ:
Այդ աշխատանքին զուգընթաց՝ Գլխավոր շտաբի պետի, Պաշտպանության նախարարության տեղակալների, բանակային կորպուսների հրամանատարների, ռազմաուսումնական հաստատությունների պետերի համապատասխան հրամաններով ստեղծել հանձնաժողովներ, որոնք կմշակեն առաջարկություններ` ենթակա զորամասերի, զորատեսակների զորամասերի, դրանց կառավարման օղակների կառուցվածքի եւ հաստիքների վերաբերյալ: Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին` որպես պաշտպանական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, մշակել եւ հաստատման ներկայացնել Հայաստանի ռազմական դոկտրինի դրույթներից եւ այս տարվա աշնանն ընդունվելիք «Պաշտպանության մասին» ՀՀ նոր օրենքից բխող փաստաթղթերի (ծրագրերի) մշակման պլանները: Յուրաքանչյուր վարչություն եւ բաժին պետք է ունենա իր երկարաժամկետ ծրագիրը` ըստ ամիսների եւ տարիների: Եվ, ի գիտություն բոլորին, ծրագրեր կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ մեր տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական դիրքը, տարածաշրջանում տիրող մթնոլորտը, բարյացակամ վերաբերմունքը մեր հարեւանների հանդեպ: Սպասվում է չափազանց պատասխանատու եւ ծանր աշխատանք: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք վերջնականապես կքննարկենք Հայաստանի Պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի կառուցվածքը, որը կներկայացնենք ՀՀ նախագահի ուսումնասիրությանն ու հավանությանը, որից հետո, ըստ կարգի, այն կուղարկենք կառավարություն` հաստատման: Հիմնական փաստաթղթերից մեկն է լինելու նաեւ «Զինված ուժերի զարգացման պլանը»: Հնարավոր է, որ այն շեշտադրենք՝ որպես «2010-2015թթ. ՀՀ ԶՈՒ զարգացման պետական ծրագիր»: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում պաշտպանական բարեփոխմանը վերաբերող եւս մեկ հարցի: Հատուկ քաղաքացիական ծառայության են անցնելու մեծ թվով զինծառայողներ` գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ, կապիտաններ, ենթասպաներ, ովքեր իրենց վարչություններում եւ բաժիններում զբաղեցնում են զինվորական հաստիքներ: Հատուկ քաղաքացիական ծառայության անցնելու գործընթացը մոտեցել է վերջին փուլին, եւ այդ համակարգը պետք է գործի ս.թ. նոյեմբերի 1-ից: Այս խնդրին պետք է ցուցաբերել չափազանց նրբանկատ եւ ուշադիր մոտեցում, որպեսզի չանտեսվեն զինծառայողների իրավունքները: Անհրաժեշտ է օգնել նրանց հարմարվելու միանգամայն նոր եւ դեռեւս ոչ լիովին հասկանալի ծառայողական կառույցի կայացմանը: Անհրաժեշտ է ուսումնասիրել յուրաքանչյուր զինծառայողի գործը, զրուցել նրա հետ, ուշադիր լսել նրա ցանկություններն ու խնդրանքները: Իսկ նրանց, ում մինչեւ զինվորական կենսաթոշակին անցնելը մնացել է մեկ-երկու տարի, հնարավորություն տալ ծառայելու, օգնել տեղափոխվելու այլ կառույցներ, որտեղ նախատեսված է զինվորական ծառայություն:
Մենք կարող ենք ընդունել ցանկացած օրենք, կազմել ցանկացած ծրագիր, պլան, սակայն ամենակարեւորը բոլոր մակարդակներում (սկսած Պաշտպանության նախարարության ղեկավարությունից, վարչություններից եւ բաժիններից՝ վերջացրած զորամասերի զինվորական կոլեկտիվներով) բարենպաստ մթնոլորտ ստեղծելն է. անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ, փոխել սեփական եւ ենթակաների հոգեբանությունը, որպեսզի բոլորը հասկանան ու համոզված լինեն, որ պաշտպանական բարեփոխումները մեզ համար անհրաժեշտություն են, վերանայել եւ լուրջ հիմքերի վրա դնել զորքերի պատրաստությունը, ամբողջ ուսումնական գործընթացը, հրաժարվել շաբլոնից, ձեւականությունից, չընկնել գնահատականների հետեւից, ներդնել ստեղծագործական ոգի եւ առողջ մրցակցություն»:
Ոմանց կարող է թվալ, որ Սեյրան Օհանյանի ելույթում հատուկ ոչինչ չկա. նախարարը պարզապես ենթականերին հրահանգում է կյանքի կոչել պաշտպանական բարեփոխումների ծրագիրը: Մենք սակայն կարծում ենք, որ գործ ունենք իրապես հեղափոխական դրսեւորումների հետ, եւ մի քանի փաստարկ բերենք:
1. Այս ելույթն առաջինն է վերջին երեք տարիների ընթացքում, որը պարունակում է պաշտպանական բարեփոխումների իրական նկարագրություն` առանց ընդհանրացված մտքերի ու բարեմաղթանքների: Սեյրան Օհանյանն առաջինն էր, որ խոսեց սպայական կազմի շարքերում «հոգեբանական բեկման» անհրաժեշտության մասին եւ բացահայտ խոստովանեց, որ «մեզ ծանր աշխատանք է սպասվում»: Հիշեցնենք, որ առաջին հրապարակային խոսակցությունները Հայաստանում պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ սկսվեցին 2005-ի գարնանը, երբ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանն ասաց, որ ռազմական բարեփոխումները 2006թ. սկզբին ուժի մեջ մտած ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի առանցքային ուղղություններից են: Արթուր Աղաբեկյանն ասում էր, որ Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը ծրագրում է մինչեւ 2015թ. ստեղծել «21-րդ դարի պահանջներին համապատասխանող, նոր մարտահրավերներին դիմակայող ու հանրապետության ռազմական անվտանգությունը լիովին ապահովող» բանակ:
Այն ժամանակ Հայաստանի պաշտպանության փոխնախարարը նշել էր այն 4 հիմնական սկզբունքները, որոնցով ռազմական գերատեսչությունն առաջնորդվելու է բարեփոխումների ընթացքում.
– բարեփոխումների իրագործելիություն,
-բարեփոխումների աստիճանական բնույթ,
– ճկունություն եւ խորքային վերլուծություն,
– ժողովրդավարություն:
Ժամանակի ընթացքում, սակայն, սկսեց տպավորություն ստեղծվել, որ բարեփոխումների «խորքային վերլուծությունն» ու «աստիճանական բնույթն» արգելակում են բարեփոխումների ողջ ընթացքը: Ամեն դեպքում, 2007թ. գարնանը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի` ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո պաշտպանական բարեփոխումները, թվում էր, դադարեցին առաջնահերթ լինել: Դժվար է ասել` հատկապես ինչո՞վ էր դա պայմանավորված` Սերժ Սարգսյանին պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինած Միքայել Հարությունյանի` փոփոխություններին անպատրաստ լինելու հանգամանքո՞վ, թե՞ երկրի ղեկավարության մակարդակով բարեփոխումներ իրականացնելու քաղաքական որոշման բացակայությամբ: Ամեն դեպքում, վերջին ամիսների ընթացքում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները թերահավատորեն էին արտահայտվում Հայաստանի ռազմական ղեկավարության` բարեփոխումները հաջող առաջ տանելու ունակության մասին:
2. Երկրորդ կարեւոր գործոնը պաշտպանության նախարարի խոստովանությունն է առ այն, որ պաշտպանական բարեփոխումներն անխուսափելիորեն կհանգեցնեն համակարգի որոշակի ներքին հակազդեցության եւ լուրջ հոգեբանական փոփոխություններ կպահանջեն: Պետք է հասկանալ, որ ներկայումս բանակը պետական միակ կառույցն է, որը փաստացիորեն վայելում է հասարակության անվերապահ աջակցությունը` անկախ մարդկանց քաղաքական համակրանքներից: Դրա վկայություն կարող է հանդիսանալ այն փաստը, որ մարտի 1-20-ը Երեւանում հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքում զինծառայողների ու քաղաքացիների միջեւ ոչ մի պատահար չէր գրանցվել: Մյուս կողմից, չի կարելի հաշվի չառնել այն իրողությունը, որ ՀՀ շատ զինծառայողների համար ռազմական համազգեստը եւ ուսադիրներում աստղերի առկայությունը եղել է եւ մնում է որոշակի հատուկ կաստային պատկանելիության խորհրդանիշ, եւ այդ, եւ բազմաթիվ այլ ատրիբուտներից զրկվելը լուրջ ցնցում կառաջացնի նրանց մոտ: Լավ է, որ նախարարը կանխատեսում է այդ ռիսկերը:
3. Ոչ պակաս կարեւոր է անձամբ Սեյրան Օհանյանի կերպարը: Հայաստանի պաշտպանության նախարարը` խորհրդային կադրային զինվորականը, այն քչերից մեկն էր, որ ուներ ռազմական կրթություն եւ փորձ, որոնք անփոխարինելի եղան Լեռային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի ստեղծման գործում: Ս. Օհանյանը Ղարաբաղյան պատերազմի հերոս է, ով հաղթանակ է տարել անձնական մեծ զրկանքների գնով: Նա Երեւան տեղափոխվեց անցած տարվա գարնանը` գլխավորելով Զինված ուժերի Գլխավոր շտաբը, իսկ մեկ տարի անց դարձավ պաշտպանության նախարար: Մայիսի 30-ի նրա ելույթը վկայում է այն մասին, որ այդ մեկ տարվա ընթացքում Սեյրան Օհանյանը հասցրեց հավատալ պաշտպանական բարեփոխումների անհրաժեշտությանը եւ պատրաստ է իրական քայլեր նախաձեռնել:
Այն, որ բարեփոխումների ծրագիրը ղեկավարում է Ղարաբաղյան պատերազմի հերոսը, լավ պատասխան է բոլոր այն թերահավատներին, որոնք շարունակում են պնդել, թե չլուծված ղարաբաղյան հակամարտության պարագայում բարեփոխումների անցկացումը կարող է թուլացնել ՀՀ Զինված ուժերը: Ընդհակառակը, Սեյրան Օհանյանի կերպարը հաստատումն է այն բանի, որ հատկապես հաղթող կողմն է պարտավոր բարեփոխել իր Զինված ուժերը` դարձնելով դրանք ավելի ժամանակակից ու արդյունավետ` հակառակորդի յուրաքանչյուր «գայթակղություն» կանխելու համար: Ըստ ամենայնի, պաշտպանության նախարարի վերջին ելույթը շատ բան կասի նաեւ արտերկրի թերահավատներին, որոնք կարծում են, թե նախկին խորհրդային զինվորականն ընդհանրապես ունակ չէ պաշտպանական բարեփոխումներ անցկացնել:
4. Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ պաշտպանական բարեփոխումների ակտիվ փուլի սկիզբը հայտարարված է ՀՀ իշխանությունների ու ընդդիմության քաղաքական չլուծված հակամարտության պայմաններում. ակնհայտ է, որ որքան խորը լինեն պաշտպանական բարեփոխումները, այնքան քիչ կլինեն բանակը որպես «ջոկեր» օգտագործելու գայթակղություններն ինչպես՝ քաղաքական ուժերի, այնպես էլ՝ զինվորական հագուստ կրող մարդկանց շրջանում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով երկար տարիներ գլխավորել է Պաշտպանության նախարարությունը եւ կանգնած է եղել պաշտպանական բարեփոխումների ակունքներում, հավանաբար գիտակցում է, որ դրանց հաջող ելքը երկարատեւ ներքաղաքական կայունության վերականգնման հիմնական գրավականներից մեկն է:
Եվ այսպես. Հայաստանում պաշտպանական բարեփոխումներն ակտիվ փուլ են մտնում, եւ այդ հանգամանքը ոչ միայն տեղական, այլ նաեւ տարածաշրջանային նշանակություն ունի: 2005թ. հոկտեմբերին հանդես գալով «Անվտանգություն Հարավային Կովկասում» սեմինարում` ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասում էր, որ ՆԱՏՕ-ի համագործակցությամբ Հարավային Կովկասի երկրներում անցկացվող պաշտպանական բարեփոխումները պետք է միասնական գործընթացի բնույթ կրեն` տարածաշրջանի պետությունների ժողովրդավարացման ու զարգացման համատեքստում: Այսօր, ցավոք, չենք կարող խոսել այդպիսի միասնական գործընթացի առկայության մասին: Մյուս կողմից՝ նման լայնածավալ բարեփոխումները «միակողմանի կերպով» անցկացնելու Հայաստանի պատրաստակամությունն արտասահմանյան գործընկերներին կցուցադրի իր մտադրությունների լրջությունը:
Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքը պրագմատիզմն էր: Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը եւս պրագմատիկներ են: Միեւնույն ժամանակ, նրանց հրապարակային ելույթներում երբեմն կարելի է տեսնել առողջ ռոմանտիզմի դրսեւորումներ, որոնց բացակայության դեպքում ցանկացած լավ գաղափար որոշակիորեն կորցնում է իր գրավչությունը: Եթե պրագմատիզմի ու ռոմանտիզմի համամասնությունը ճիշտ պահպանվի, մենք կունենանք բոլոր հիմքերը՝ հուսալու, որ պաշտպանական բարեփոխումները Հայաստանում կպսակվեն հաջողությամբ:
«ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալություն