Երկխոսություն՝ «Ոսկե ծիրանի» շրջանակներում

22/05/2005

Հուլիսի 12-17-ը կայանալու է «Ոսկե ծիրան» երկրորդ կինոփառատոնը, որն
այս տարի միջազգային է դարձել: Ընդգրկվելով համաշխարհային փառատոների
ցանցում, «Ոսկե ծիրանն» ընդլայնվել է՝ մրցույթը անցկացվելու է երկու
բաժիններով՝ միջազգային եւ համահայկական: Ինչպես նշեց կինոգետ Սուսաննա
Հարությունյանը՝ հայտեր են ստացվել նույնիսկ Չիլիից եւ Մալազիայից:
«Համահայկական համայնապատկեր» բաժնում կմրցեն 30 խաղարկային, վավերագրական
եւ մուլտիպլիկացիոն ֆիլմեր: «Ոսկե ծիրանն» ունենալու է կինոաշխարհի շատ
պատվավոր եւ հայտնի մարդկանցից բաղկացած ժյուրի: Խաղարկային ֆիլմերի
ժյուրիի կազմում են կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, հոլանդացի ռեժիսոր
Յոս Ստելլինգը, բրիտանացի պրոդյուսեր եւ կինոքննադատ Սալմոն Ֆիլդը,
ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Միլլերը եւ ամերիկացի կինոքննադատ Դեբորա Յանգը:
Իսկ վավերագրական ֆիլմերի ժյուրիում կլինեն ռեժիսորներ Ռուբեն
Գեւորգյանցը, Վիկտոր Կոստակովսկին, Պիտեր Վինտոնիկը եւ Մարսելի
Վավերագրական ֆիլմերի փառատոնի տնօրեն Ժան-Պիեռ Ռեհմը: «Ոսկե ծիրանի»
պատվավոր հյուր կլինեն դերասանուհի Արսինե Խանջյանը, որը կներկայացնի իր
վերջին՝ «Սաբահ» ֆիլմը, հայտնի լեհ ռեժիսոր Կշիշտոֆ Զանուսսին, որն իր հետ
բերելու է «Կյանքն ինչպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն»
ֆիլմը, ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանն ու իրանցի ռեժիսոր Աբբաս
Քյարուստամին: Ցուցադրվելու է նաեւ Կլոդ Միլլերի «Հրաշքների
հիվանդասենյակը» ֆիլմը:

Ն.Հ.